04.17.2026
Կատեգորիա
Հասարակություն
վաղ ամուսնություն

«Ինձ պարզապես ասացին, որ դպրոց այլևս չեմ գնալու։ Որոշված էր՝ պետք է ամուսնանամ։ Ես ուզում էի սովորել, ընկերներիս հետ լինել... բայց ծնողներս ասացին՝ մեր մոտ այդպես է ընդունված»։

Մարին (անունը փոխված է) 15 տարեկան էր, երբ ստիպված եղավ վերջին անգամ փակել դպրոցի դուռը։ Մինչ նրա հասակակիցները պատրաստվում էին քննությունների, Մարին պատրաստվում էր հարսանիքի։ 16 տարեկանում նա արդեն գրկում էր իր առաջնեկին։ Նրա դեպքը եզակի չէ. այն արտացոլում է մի ողջ համայնքի ճգնաժամ։

Ինչո՞ւ են արդարացնում վաղ ամուսնությունը

  Համայնքի ներսում, նույնիսկ՝ դրանից դուրս, վաղ ամուսնությունները հաճախ ներկայացվում են որպես ազգային ինքնության պահպանման միակ միջոց։ Շատ ծնողներ և տարեց մարդիկ իրենց այս քայլն արդարացնում են՝ պնդելով, որ աղջկան վաղ ամուսնացնելը նրան փորձանքներից ու սխալ ուղիներից պաշտպանելու ձև է։

Այս մտածողության կրողներից է համայնքի ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկը, ում խոսքերը լավագույնս նկարագրում են աղջիկների առջև ծառացած պատնեշը.

«Ի՞նչ գնան սովորեն, որ ի՞նչ անեն։ Չէ՛, գնան սովորեն, վատ բաների հետևից կընկնեն, մեր ազգային արժեքները կմոռանան։ Պետք չի՛։ Թող ամուսնանան, իրենց մարդուն ու երեխուն պահեն։ Աղջկա ինչի՞ն է պետք սովորելը»։

Մեդիադաշտում ևս  հանդիպում ենք կարծիքների, որտեղ սա մատուցվում է որպես եզդիական հավատքի և դարավոր սովորույթի անբաժան մաս։ Այս արդարացումները ստեղծել են մի պատնեշ, որի հետևում թաքնվում է իրական խնդիրը՝ երեխայի կրթության ու ազատ ընտրության իրավունքի ոտնահարումը։

Սակայն հոգևոր առաջնորդ Շեյխ Մաքսիմը փաստում է, որ այս հանրային արդարացումները իրականում չունեն հոգևոր հիմք.

«Եզդիական կրոնում ամուսնության տարիքի մասին որևէ հստակ սահմանում կամ պահանջ չկա։ Վաղ ամուսնությունները կրոնի հետ կապելը թյուր կարծիք է, որը տարիների ընթացքում արմատացել է մարդկանց գիտակցության մեջ»։

Ըստ շեյխի՝ այս երևույթը ունի ոչ թե հոգևոր հիմք, այլ պատմական և աշխարհագրական նախադրյալներ։ Դարեր շարունակ ապրելով մուսուլմանական մշակույթների կողքին՝ եզդիները կամա թե ակամա որդեգրել են նրանց կենցաղային սովորույթները։

Թվերի տագնապալի դինամիկան

Ճշգրիտ տվյալներ ստանալու նպատակով մենք դիմեցինք ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանի դպրոցներում սովորում էր 1349 եզդի աղջիկ, սակայն 2026 թվականին այդ թիվը կտրուկ նվազել է՝ հասնելով 1209-ի։ 19 աղջիկ ընդհանրապես չի անցել պարտադիր դպրոցական կրթություն։

Ամենացավալին տեղի է ունենում 9-րդ դասարանից հետո. միայն 2023-ին այդ փուլում ուսումը կիսատ է թողել 179 աղջիկ։ Բուհերի դեպքում վիճակը շատ ավելի վատ է. ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ այսօր Հայաստանի բուհերում սովորում է ընդամենը 24 եզդի ուսանողուհի։ 

Սոցիոլոգ և մանկավարժ, ազգությամբ եզդի Լենա Միրզոյանը վստահ է՝ խնդրի լուծումը սկսվում է գիտակցության փոփոխությունից.

«Վաղ ամուսնությունների խնդիրը չի լուծվի, մինչև մարդիկ չհասկանան, որ կրթության մեջ վատ բան չկա։ Այստեղ շատ կարևոր է նաև պետության դերը։ Կրթությունը ոչ թե ազգային արժեքների թշնամին է, այլ դրանք պահպանելու և զարգացնելու միակ միջոցը»։

Պետության դերակատարումը

Խնդրի բազմաշերտությունը հասկանալու և պետության կողմից իրականացվող քայլերը պարզելու նպատակով դիմեցինք Ազգային ժողովի պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին։ Մեր հարցումը հստակ էր՝ ինչպես է նա վերաբերվում վաղ ամուսնություններին, և ի՞նչ կոնկրետ գործիքակազմ է կիրառում պետությունը վաղ ամուսնությունները կանխարգելելու ու աղջիկների կրթական համակարգում մնալը երաշխավորելու ուղղությամբ։

«Շատ վատ եմ վերաբերվում վաղ ամուսնություններին, դրանք շատ լուրջ խնդիրներ են առաջ բերում, օրինակ՝ կրթական ցածր ցենզը, աղջիկները կրթություն չեն ստանում, հետո ինչպե՞ս կարող են երեխա դաստիարակել, էլ չեմ ասում՝ ինչ առողջական խնդիրներ են առաջանում ավելի մեծ տարիքում»։

Բաքոյանի խոսքով՝ նա ներկայացրել է օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է ամուսնության նվազագույն տարիքը 16-ից բարձրացնել մինչև 18 տարեկան։ Սակայն արդյո՞ք դա բավարար է։ Պատգամավորը տեղեկացրեց, որ այս պահին ԿԳՄՍ նախարարության հետ մշակվում են մի շարք հավելյալ ծրագրեր, որոնք ուղղված են դպրոց-համայնք կապի ամրապնդմանը և աղջիկներին կրթության մեջ պահելուն։

«Ես աշխատում եմ ԿԳՄՍ-ի հետ՝ ավելի ճկուն մեխանիզմներ ստեղծելու համար, որոնց արդյունքները մենք հուսով ենք տեսնել առաջիկա 1-2 տարում»։

Սակայն, ըստ պատգամավորի, այս ծրագրերի իրականացումն ուղեկցվում է լուրջ խոչընդոտներով։ Բաքոյանը նշում է, որ համայնքը միասնական չէ հատկապես վաղ ամուսնությունների հարցում, ինչը դժվարացնում է պետություն-համայնք արդյունավետ կապի հաստատումը։

Երբ հարցրինք Մարիին, թե ինչ էր երազում դառնալ, եթե կյանքն այլ կերպ դասավորվեր, նրա աչքերը լցվեցին։ Նա ուզում էր լրագրող դառնալ։ Նա ուզում էր լինել այն ձայնը, որը կպատմեր արդարության և իր համայնքի խնդիրների մասին։  Այն 24 ուսանողուհիները, ովքեր այսօր համալսարանական լսարաններում են, պայքարում են նաև Մարիի և բոլոր նրանց փոխարեն, ովքեր զրկված են իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքից։ Մարիի չիրականացած երազանքը այսօր ոչ թե անցյալի ափսոսանք է, այլ կոչ՝ փոխելու իրականությունը, որպեսզի վաղը ոչ մի աղջիկ ստիպված չլինի ընտրել լռությունը գիտելիքի փոխարեն։

Լիանա Թեհմուրյան