04.17.2026
Կատեգորիա
Հասարակություն
մանկապարտեզ

Երեխայի կրթական ուղին սկսվում է շատ ավելի վաղ, քան դպրոցում։ Նախադպրոցական հաստատության դաստիարակ Մարջիկ Պողոսյանն արդեն 51 տարի աշխատում է երեխաների հետ և վստահ է՝ նախադպրոցական կրթություն ստանալը կարևոր նախադրյալ է երեխայի լիարժեք ձևավորման համար։

«Այստեղ երեխան սովորում է իր նիստ ու կացը, ուտելու ձևից սկսած մինչև գրիչ բռնելը։ Մենք երեխաների հետ սովորում ենք հաշվել և աստիճանաբար ծանոթանում տառերին»,-նշում է դաստիարակը: 

Այս գործընթացը նպաստում է, որ երեխան դպրոց գնալիս արդեն ունենա որոշակի պատրաստվածություն և վստահություն։ Կարելի է ասել, որ նախադպրոցական կրթությունը դառնում է առաջին քայլը դեպի կրթական կյանք։ Բացի գիտելիքներից, մանկապարտեզը մեծ դեր ունի նաև երեխայի սոցիալական զարգացման մեջ։ Դաստիարակը պատմում է, որ փորձում են երեխաներին սովորեցնել ընկերանալ միմյանց հետ։ «Կարևոր է, որ երեխան վստահի մեզ և կիսվի իր մտքերով, ապահով և հասկացված զգա միջավայրում»,-ասաց Մարջիկ Պողոսյանը:

Ըստ հոգեբան Նաիրա Հարությունյանի՝ 4-6 տարեկանը երեխայի մտածողության ամենաակտիվ զարգացման փուլն է. «Այս տարիքում են ձևավորվում երեխայի հիմնական ճանաչողական կարողությունները։ Եվ նախադպրոցական կրթությունը այն միջավայրն է, որտեղ այդ զարգացումը ստանում է ճիշտ ուղղություն»։

Խոսելով սոցիալական զարգացման մասին՝ հոգեբանը ասում է․ «Մինչև նախադպրոցական հաստատություն հաճախելը երեխան շփվում է հիմնականում մոր, հոր կամ տատիկի հետ, իսկ նախադպրոցական հաստատությունը դառնում է նրա երկրորդ սոցիալական միջավայրը»։

Ծնող-դաստիարակ կապը շատ կարևոր է, ծնողը պետք է տեղեկացնի՝ ինչ առանձնահատկություններ ունի երեխան, ինչ չի սիրում կամ ինչպես է զգում իրեն այնտեղ։ Նոր միջավայր մտնելը, ըստ մասնագետի, կարող է դժվար լինել երեխայի համար։  «Երեխան կարող է ունենալ հարմարվելու խնդիր, քանի որ հայտնվում է նոր մարդկանց և պայմանների մեջ»,-նկատում է նա: 

Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին նախապես պատրաստել երեխային՝ ընդգծելով, որ ծնողը պետք է երեխայի հետ խոսի այդ մասին, պատմի, բացատրի, որովհետև հակառակ դեպքում երեխան կարող է մտածել, որ իրեն լքում են։

Բացի այդ, նա կարևոր է համարում դրական սովորությունների ձևավորումը։ Կարելի է պայմանավորվել, որ մանկապարտեզից հետո միասին կզբոսնեն, փոքրիկ նվեր կտան կամ պարզապես կխոսեն օրվա մասին: 

Անդրադառնալով հարմարվելու տևողությանը՝ Նաիրա Պողոսյանը նշում է, որ սովորաբար այդ շրջանը տևում է մինչև վեց ամիս, եթե այդ ընթացքում երեխան չի հարմարվում, ապա հնարավոր է արդեն առկա լինեն հոգեբանական խնդիրներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։

Նախադպրոցական կրթության ոլորտի հասանելիությունը Հայաստանում ընդլայնելու նպատակով կատարվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց նվազեցվել է նախակրթարաններում երեխաների ընդունելության տարիքային շեմը՝ որոշ դեպքերում սահմանելով 3, որոշ դեպքերում՝ 4 տարեկան։ 

«Մինչ այս մենք ունեինք սահմանափակում, որ նախակրթարաններում կարող են կրթություն ստանալ 5-6 տարեկան երեխաները։ Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ բազմաթիվ բնակավայրերում նախակրթարանները միակ նախադպրոցական հաստատություններն են։ Ունենք նաև իրավիճակներ, երբ գործող մանկապարտեզները չեն բավարարում երեխաների ընդգրկվածությունն ապահովելու համար։ Նոր փոփոխություններում, այսուհետ, այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը կլինի նախադպրոցական կրթություն իրականացնող միակ հաստատությունը, կարող են ընդգրկվել 3-6 տարեկան երեխաները։ Այն բնակավայրերում, որտեղ կան մանկապարտեզներ, սակայն նախակրթարանի գործելու կարիքը ևս կա, արդեն կարող են ընդգրկվել 4-ից մինչև 6 տարեկան երեխաները»,-պարզաբանել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: 

Հայաստանում 2021 թվականին 3-5 տարեկանների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում եղել է 64,3 տոկոս։ Ներկայում այս ցուցանիշը հասել է 81 տոկոսի։ Հայաստանի բնակավայրերից 229-ում բացարձակապես նախադպրոցական կրթական հաստատություն չի գործել։ Այսօր արդեն այդպիսի բնակավայրերի թիվը հասել է 87-ի։ Իրավիճակը փոխելու նպատակով զգալի աշխատանքներ են կատարվել։ 

Էլեն Հակոբյան