04.17.2026
Կատեգորիա
Մշակույթ
վինիլ

Հայտնի հայ արտիստ Brunette-ն իր վերջին երաժշտական ալբոմը`«Love reversed», թողարկել է նաև վինիլային սկավառակով, որի տպագրությամբ զբաղվել է Garage Records Vinyl Store-ը, որը դեռևս 8 տարի առաջ փոխեց հայկական երաժշտական կյանքը` հետ բերելով վինիլները` որպես երաժշտություն թողարկելու և լսելու տարբերակ։ 

Garage vinyl store-ի համահիմնադիր և ներկայիս տնօրեն Վահագն Մարտիրոսյանը պատմում է, որ վինիլների խանութ բացելու գաղափարը դեռ շատ վաղուց է ծնվել։

«Մենք դեռևս 2010 թվականից, հետաքրքրված ենք եղել վինիլներով։ Բոլորիս ընտանիքներում սովետական միության ժամանակահատվածում միշտ վինիլներն են գոյություն ունեցել։ Վինիլներով ենք երաժշտություն լսել մենք, մեր ծնողները, մեր պապերը: Մենք ընկերներով ենք այս ամեն ինչը բացել 2018 թվականին։ Հայաստանում վինիլների խանութ կամ նման մի բան եղել էր ԽՍՀՄ-ի ժամանակահատվածում, իսկ անկախության օրոք չի եղել: Մենք առաջինն էինք։ Ամեն ինչ սկսվել էր հենց «գարաժից», անվանումն էլ է այդտեղից ստացվել։ «Ֆիզիկայի գառադոկում» ավտոտնակ կար, որտեղ ընկերներով հավաքվում էինք, «լայֆ սթրիմ» էինք անում, նվագում էինք, վինիլներով ձայնագրում էինք և այլն: Այդտեղից գաղափարն առաջացավ, որ կարող ենք բացել վինիլ սթոր ու ունենալ այսպիսի մի տեղ, անկյուն, որտեղ կպրոպագանդենք ու կզարգացնենք հայկական երաժշտությունը»,- ասում է Վահագն Մարտիրոսյանը։

Garage-ը մի քանի անգամ տարբեր ժամանակահատվածներով դադարել է գործել, հետո վերաբացվել է։ Վերջին վերաբացումը եղել է 2023 թվականին, երբ խանութը տեղափոխվեց նոր հասցե` Աբովյան 18։ Վերաբացումները, ըստ տնօրեն Վահագն Մարտիրոսյանի, կապված էին ֆինանսական խնդիրների հետ։

«Վինիլը, որպես այդպիսին, հաջողակ բիզնես չէ։ Մենք անընդհատ փորձում ենք ինչ-որ նորամուծություններ մտցնել, ինչի հաշվին կունենանք ինչ-որ բյուջե կամ կգտնենք մարդկանց, ովքեր համախմբված են երաժշտության շուրջ ու փորձում են մեզ օգնել, օրինակ` տարբեր ընկերություններ, ֆոնդեր, ովքեր մեզ նման հասկանում են, թե ինչքան կարևոր է սա, հայկական երաժշտությունը զարգացնելը և գովաբանելը: Ես իմ երկու ընկերների և Garage-ի համահիմնադիրների` Գրիգոր  Վահրամյանի և Տիգրան Խալաֆյանցի հետ դժվարությամբ և մեր քրտնաջան աշխատանքով փորձում ենք պահել խանութը` ամեն մեկս մեր ներդրումը ունենալով։ Բայց մենք այն որպես բիզնես չենք դիտարկում, այլ դիտարկում ենք որպես քաղաքի մի անկյուն, որը զարգացնում է հայկական երաժշտությունը», - նշում է տնօրենը։

Garage Records-ը վինիլային սկավառակների հետ կապված առաջարկում է ամեն ինչ՝ նվագարկիչներ, դրանց համար նախատեսված մաքրող սարքեր, փոքր վինիլներ և, իհարկե, վինիլներ ամենատարբեր ժանրերի: Այստեղ 5000-ից ավելի վինիլներ են ներկայացված։ Վահագն Մարտիրոսյանը նշում է, որ առկա են նույնիսկ եզդիական, վրացական, ղազախ արտիստների երաժշտության հավաքածուներ։ Նաև Garage Records-ը իր լեյբլի տակ տպագրել է արդեն հինգ վինիլային սկավառակ և իր հիմնական նպատակներից է համարում հայ արտիստներին աջակցելը վինիլներ թողարկելու գործում։

«Արտասահմանյան արտիստները ցանկացած ալբոմ թողարկելուց հետո թողարկում են նաև այդ ալբոմի վինիլները։ Հիմա հայ արտիստները նույնպես ձգտում են դրան։ Նրանք շատ են ուզում, որպեսզի իրենց երաժշտությունը վինիլներով թողարկվի։ Բայց, ցավոք սրտի, շատ քիչ են վինիլային երաժշտության ու ընդհանրապես վինիլի գաղափարի հետևողները։ Երևի կազմում են ազգի 30 տոկոսը, դա էլ շատ ասացի։ Արտիստները դրան բյուջե չեն ուզում տրամադրել, այդ իսկ պատճառով գործում է Garage-ը, ով փորձում է նրանց աջակցել։ Մենք կողմնակից ենք, որ հայկական արտիստների վինիլներ շատ տպագրվեն և այդ մշակույթը ավելի զարգանա»,- ասում է Վահագն Մարտիրոսյանը։

Օտարերկրյա արտիստների վինիլային սկավառակները Garage Records-ը պատվիրում է արտերկրից` նախապես ուսումնասիրելով հայկական շուկայի պահանջները։ Ըստ Վահագն Մարտիրոսյանի, այսքան տարի աշխատելուց հետո նրանք գիտեն, թե իրենց հաճախորդները ինչ վինիլներ են ցանկանում տեսնել Garage vinyl store-ի ցուցափեղկերին։ Նա նաև նշում է, որ վերջին տարիներին Հայաստանում փոխվել է վերաբերմունքը վինիլների հանդեպ։

«2018 թվականից և Garage Records-ի բացումից հետո վինիլներով հետաքրքրվողների մեծ աճ ունենք։ Հիմնականում մեր հաճախորդները հայեր են, 30+ կամ մինչև 25 տարիքային խմբերի։ Օտարերկրացիներն էլ երբ այցելում են, նախընտրում են հայկական արտիստների վինիլները գնել որպես հուշանվեր։ Ընդհանուր առմամբ, ամենաշատը վաճառվում են փոփ ժանրի վինիլները, քանի որ երիտասարդները այդ ժանրով են հետաքրքրվում, իսկ խանութի բացման առաջին տարիներին ավելի պահանջված էին ռոք ժանրի վինիլները։ Մենք փորձում ենք միշտ նորը առաջարկել, որպեսզի հետաքրքրությունը շարունակական լինի», - պատմում է Վահագն Մարտիրոսյանը։

Թոմաս Էդիսոնի և Էմիլ Բեռլիների կողմից դեռևս 1900-ականներին ձևավորված ձայնագրության այս մշակույթը երկար ժամանակ մնաց երաժշտություն լսելու հիմնական միջոցներից մեկը։ Այն ժամանակի ընթացքում կորցրեց իր ակտուալությունը՝ թվային երաժշտության և սթրիմինգային հարթակների ի հայտ գալու պատճառով։ Այնուամենայնիվ, այսօր էլ վինիլը շարունակում է ունենալ իր կողմնակիցներին, ովքեր գնահատում են այն որպես երաժշտություն լսելու վինտաժ և այլընտրանքային ձև։

«Վինիլով ձայնը մաքուր է։ Բայց բացի ձայնի մաքրությունից, վինիլը միայն վինիլ չէ, այն պատմություն է։ Երբ վերցնում ես ձեռքդ, տեսնում ես վինիլի շապիկը, մարդկանց, ովքեր աշխատել են այդ վինիլի և երաժշտության վրա։ Թվային երաժշտությունը չի տալիս սկավառակի և երաժշտության ստեղծման պատմությունը, չկա նվագարկիչի ասեղի մաքրման պրոցեսը, սկավառակի փոշին մաքրելու պրոցեսը, սկավառակը նվագարկիչի մեջ դնելը, մինչև վերջ լսելը։ Կարծում եմ վինիլը որպես երաժշտություն լսելու ձև երբեք չի դադարի գոյություն ունենալուց, քանի որ միշտ կլինեն մարդիկ ովքեր հետաքրքրվում են դրանով», - ասում է Վահագն Մարտիրոսյանը։

Garage Records Vinyl Store-ը շարունակում է պահպանել և զարգացնել վինիլային մշակույթը Հայաստանում։ Իրենց վերջին ինստագրամյան հրապարկումներից մեկում Վահագն Մարտիրոսյանը ասել է, որ Garage vinyl store-ը պատրաստվում է առաջիկայում տպագրել հայտնի հայկական խմբերից մեկի`Kami Friends-ի վինիլային սկավառակը։

Այս ամենով Garage-ը դառնում է մի հարթակ, որը մի կողմից կապում է հայ վինիլասերներին համաշխարհային երաժշտության հետ, իսկ մյուս կողմից՝ նպաստում է հայկական երաժշտության զարգացմանն ու տարածմանը՝ պահպանելով վինիլների մշակույթը Հայաստանում։

Աննա Հանյան