04.17.2026
Կատեգորիա
Դիմանկար
Հրանտ

Աշխարհում, որտեղ անվտանգային ռիսկերը գնալով խորանում են, իսկ տարածաշրջանային զարգացումները հաճախ անկանխատեսելի են, պետությունների համար կենսական է դառնում ոչ միայն ռազմական, այլ նաև մտավոր և գաղափարական պատրաստվածությունը։ Այս համատեքստում պատմությունը դադարում է լինել պարզապես անցյալի մասին գիտություն և վերածվում է ուղեցույցի՝ ներկան հասկանալու և ապագան կառուցելու համար։

Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը խոսում է մարտահրավերների, ազգային դիմադրողականության, պատմագիտության դերի և անվտանգության համակարգի վերանայման անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ պետության գոյատևումը պայմանավորված է ոչ թե հանգամանքներով, այլ դրանց արձագանքելու կարողությամբ։ Պատմության ողջ ընթացքը, ըստ Հրանտ Տեր-Աբրահամյանի, կառուցված է պարզ, բայց վճռորոշ օրինաչափության վրա՝ մարտահրավեր և պատասխան։ Ազգերը չեն զարգանում․ դրանք ձևավորվում են ճնշումների, վտանգների և փորձությունների պայմաններում։

«Ցանկացած ազգ մշտապես կանգնած է մարտահրավերների առջև։ Պատմությունը հենց սա է ցույց տալիս։ Օրինակ, հիշենք անգլիացի հայտնի պատմաբան Թոյնբիին, որը մշակել է քաղաքակրթությունների տեսությունը։ Նրա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազգերը ձևավորվում և զարգանում են ի պատասխան մարտահրավերների։ Հարցն այն է՝ ինչպես է հանրությունը, ազգը կամ որևէ այլ հավաքականություն կարողանում դիմակայել այդ մարտահրավերներին ու վտանգներին»,-նշում է Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Պատմաբանի այս դիտարկումը փաստացի սահմանում է առանցքային հարցը․ խնդիրը ոչ թե մարտահրավերների գոյությունն է, այլ դրանց նկատմամբ արձագանքի որակը։ Հենց այդ արձագանքն է որոշում՝ արդյոք տվյալ հասարակությունը կկարողանա պահպանել իր ինքնությունը և զարգանալ, թե կհայտնվի ճգնաժամի մեջ։ Այս համատեքստում առանցքային է նաև պատմագիտության դերը։ Անկախ պետությունը, ըստ Տեր-Աբրահամյանի, չի կարող գոյություն ունենալ առանց սեփական պատմական գիտակցության և ինքնուրույն վերլուծության։

«Որպեսզի դու ունենաս անկախ պետություն, քո խնդիրներից մեկը պետք է լինի այնպիսի պատմագիտության ձևավորումը, որը կտրամադրի պատասխաններ քո կենսական հարցերին՝ քո սեփական, ինքնուրույն հայացքով։ Եվ իհարկե, սա չի նշանակում պատմությունը կեղծել»,-ընդգծում է պատմաբանը։ 

Նրա խոսքով՝ սա հատկապես կարևոր է փոքր պետությունների համար, որոնք հաճախ հայտնվում են արտաքին ազդեցությունների և գաղափարական ճնշումների տակ։ Պատմության նկատմամբ սեփական հայացքի բացակայությունը կարող է հանգեցնել ոչ միայն գիտական, այլ նաև քաղաքական և անվտանգային սխալների։ Տեր-Աբրահամյանը կտրուկ է նաև մեկ այլ հարցում՝ պատմությունը չի հանդուրժում թուլություն։ Նրա մեկնաբանությամբ՝ թուլությունը ոչ միայն չի պաշտպանվում, այլև պատժվում է պատմական ընթացքի կողմից։

«Պատմությունը չի սիրում թուլություն, պատմությունը չի ներում թուլություն։ Պատմությունը բարի դայակ չէ, որ փայփայի քո թուլությունը։ Եվ լավ է անում, որովհետև թուլությունը լավ բան չի, ոչ մի մեծ բան թուլությունից չի ծնվել։ Մշակույթներ, արվեստի գործեր, արժեքներ ամեն ինչ ուժից է ծնվում»- ասում է նա։ 

Այս ձևակերպմամբ պատմաբանը ոչ միայն նկարագրում է անցյալը, այլ նաև ուղերձ է հղում ներկային՝ զարգացումը, արժեքների ստեղծումն ու պետականության ամրապնդումը պահանջում են ուժ, կամք և դիմադրողականություն։ 

Անվտանգության համակարգի մասին խոսելիս Տեր-Աբրահամյանը առանձնացնում է մեկ կարևոր խնդիր՝ այն պետք է կառուցվի ոչ թե ձևական, այլ իրական հիմքերի վրա՝ հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները։

«Եթե ուզում ենք վերջապես ադեկվատ արձագանք տալ մեր իրավիճակին և կառուցել արդյունավետ պաշտպանություն, պետք է սկսենք վերևից՝ կառուցելով այն համակարգը, որը համապատասխանում է մեր սեփական պայմաններին, փորձին, հոգեբանությանը և պայքարի բնույթին»,- բացատրում է Հրանտ Տեր-Աբրահամյանը։ 

Նրա համոզմամբ՝ պաշտպանական համակարգը չի կարող լինել արտագրված կամ մեխանիկորեն ներմուծված մոդել։ Այն պետք է ձևավորվի՝ ելնելով սեփական իրականությունից, ներառյալ հասարակության հոգեբանական և մշակութային առանձնահատկությունները։ Այս տրամաբանության մեջ առանձնահատուկ կարևորություն է ստանում հասարակության պատրաստվածությունը։ Տեր-Աբրահամյանը խոսում է ոչ թե համատարած ռազմականացման, այլ՝ գիտակցված պատրաստության մասին։

«Հայաստանի ժողովուրդը պետք է անպայման զինավարժ լինի։ Դա պարտադիր է, բայց ոչ այն իմաստով, որ ամբողջ բնակչությունը պետք է գնա պատերազմի դաշտ և հաղթի, ոչ։ Նախ, որովհետև հարձակվողը, եթե տեսնի, որ ժողովուրդը զինավարժ է և պատրաստ, մի քանի անգամ ավելի կմտածի հարձակվելուց առաջ։ Այդ վստահությունը քեզ ավելի ուժեղ է դարձնում, և հենց սա է ժողովրդի ազատության հարցը»,- հավելում է նա։ 

Պատմաբանի գնահատմամբ՝ սա ունի նաև կանխարգելիչ նշանակություն․ պատրաստ հասարակությունը նվազեցնում է արտաքին ագրեսիայի հավանականությունը և միաժամանակ ամրապնդում է ներքին վստահությունը։

«Մենք պետք է հասկանանք, որ, այո՛, մեզ անհրաժեշտ է ամբողջապես վերանայել մեր պաշտպանության և անվտանգության համակարգերը, և պետք է հաստատակամորեն պայքարել մեր անկախության համար»,- եզրափակում է Տեր-Աբրահամյանը։

Մարտահրավերները անխուսափելի են, սակայն պետության ապագան կախված է դրանց արձագանքելու կարողությունից։ Ուժը, պատրաստվածությունը և համակարգային վերանայումը Հայաստանի անվտանգության ու կայունության հիմնական պայմաններն են։ Խոսքը ոչ միայն ռազմական բարեփոխումների մասին է, այլ լայն իմաստով պետական մտածողության վերափոխման, որտեղ անվտանգությունը դառնում է համազգային առաջնահերթություն։

Շուշաննա Ղազարյան