Ապրիլի 3-ին Երևանի պետական համալսարանում IDBank-ի և բուհի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակում բանկը կֆինանսավորի 103 արցախցի ուսանողների կրթավճարները։ Ծրագրի ընդհանուր արժեքը գերազանցում է 35 մլն դրամը։ Նախաձեռնությունը իրականացվում է բանկի «Կողք կողքի» սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում և միտված է ապահովելու ուսանողների կրթության շարունակականությունը՝ նվազեցնելով սոցիալական խնդիրների ազդեցությունը։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշեց, որ որոշումը կայացվել է ԵՊՀ-ի կողմից իրականացված կարիքների գնահատման արդյունքների հիման վրա։ Նրա խոսքով՝ 103 ուսանող սոցիալական խնդիրների պատճառով հայտնվել էր ուսումն ընդհատելու վտանգի առաջ, ինչից հետո բանկը որոշել է ամբողջությամբ հոգալ նրանց ուսման վարձերը։ Նա նաև ընդգծեց, որ նման ծրագրերը կարևոր են ոչ միայն նյութական աջակցություն ցուցաբերելու, այլև երիտասարդների շրջանում կայունության և վստահության զգացում ձևավորելու տեսանկյունից։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց նման համագործակցությունների դերը՝ նշելով, որ համալսարանը շարունակաբար աշխատանք է տանում արցախցի ուսանողներին աջակցելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ բուհը համագործակցում է տարբեր կառույցների հետ՝ ապահովելու համար ուսանողների կրթության անընդհատ ընթացքը և հնարավորինս նվազեցնելու սոցիալական դժվարությունները։
Միջոցառման ընթացքում շեշտվեց, որ կրթության հասանելիության ապահովումը ներկայումս առաջնային խնդիրներից է, հատկապես խոցելի խմբերի համար։ Այդ համատեքստում նման ծրագրերը դիտարկվում են որպես երկարաժամկետ ներդրում երիտասարդների զարգացման և երկրի մարդկային կապիտալի պահպանման գործում։
Արցախցի ուսանող Վահե Ասրիյանը զրույցում նշեց, որ նախաձեռնությունն ունի ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական կարևոր նշանակություն։ Նրա խոսքով՝ շատ ուսանողներ դժվարանում էին վճարել ուսման վարձը և կանգնած էին համալսարանից դուրս մնալու վտանգի առաջ։ «Սա ոչ միայն սոցիալական աջակցություն է, այլ նաև հոգեբանական աջակցություն, քանի որ նման քայլերը մեզ վստահություն են տալիս, որ մեր կրթությունը շարունակական կլինի», – ասաց նա։
Բացի ֆինանսական աջակցությունից՝ ծրագիրը ներառում է նաև կրթական բաղադրիչ։ IDBank-ը նախատեսում է կազմակերպել ֆինանսական գրագիտության դասընթացներ համալսարանի տարբեր ֆակուլտետներում՝ նպաստելով ուսանողների գիտելիքների և հմտությունների զարգացմանը։ Նման հանդիպումներ արդեն իրականացվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար։ Հավելենք, որ նմանատիպ համագործակցությունները վերջին տարիներին առավել հաճախակի են դարձել՝ ուղղված կրթության հասանելիության ընդլայնմանը և սոցիալական հավասարության ապահովմանը։