Հայաստանի համայնքների կայուն զարգացման բանաձևն այսօր փոխվում է. առաջնագծում երիտասարդներն են՝ իրենց թարմ գաղափարներով և քաղաքացիական ակտիվությամբ։ Վերջին տարիներին տեղական ինքնակառավարման գործընթացներում նկատվող զարթոնքն արդեն տեսանելի արդյունքներ է տալիս, իսկ այդ փոփոխությունների կենտրոնում երիտասարդական խորհրդարաններն են։
Մեծամոր համայնքում այս կառույցը դարձել է ոչ միայն կապող օղակ բնակիչների և իշխանության միջև, այլև գործնական լուծումների հարթակ։ Ինչպե՞ս է հաջողվում սահմանափակ ռեսուրսներով համակարգային ազդեցություն ունենալ և ի՞նչ դժվարությունների են բախվում նախաձեռնող խմբերը։ Մեծամորի երիտասարդական խորհրդարանի գործունեության և առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք խորհրդարանի անդամ Շողեր Ղլիջյանի հետ։
-Որո՞նք են եղել երիտասարդական խորհրդարանի առաջնահերթությունները, ի՞նչ ծրագրեր եք նախաձեռնել։
-Մեծամորի երիտասարդական խորհրդարանի շրջանակում իրականացրել ենք կրթական և մասնակցային ծրագրեր՝ ուղղված երիտասարդների ակտիվացմանը։ Մասնավորապես՝ կազմակերպել ենք քննարկումներ մեդիագրագիտության, քննադատական մտածողության և համայնքային խնդիրների վերաբերյալ։ Բացի այդ, նախաձեռնել ենք կամավորական ակցիաներ և համայնքային միջոցառումներ։ Առաջիկայում նախատեսում ենք ավելի համակարգված ծրագրեր՝ բարձրացնելու երիտասարդների ներգրավվածությունը և հզորացնելու նրանց ձայնը տեղական որոշումների կայացման գործընթացում։
-Ձեր պատասխանատվության շրջանակում ի՞նչ եք հասցրել իրականացնել։
-Իմ պատասխանատվության շրջանակում հիմնականում զբաղվել եմ ծրագրերի կազմակերպմամբ և երիտասարդների ներգրավմամբ։ Կարողացել եմ ձևավորել ակտիվ թիմ, որը մասնակցում էր քննարկումներին և առաջարկներով հանդես գալիս համայնքային հարցերի վերաբերյալ։ Բացի այդ, փորձել եմ ստեղծել մի միջավայր, որտեղ երիտասարդները կարող են ազատ արտահայտվել և լինել նախաձեռնող։
-Որո՞նք են հիմնական խնդիրները, որոնց բախվում են երիտասարդները համայնքում։
-Հիմնական խնդիրներից են տեղեկատվության պակասը, ինքնադրսևորման սահմանափակ հնարավորությունները և երիտասարդների պասիվությունը։ Շատերը չեն պատկերացնում իրենց դերը համայնքում կամ չեն հավատում, որ կարող են ազդեցություն ունենալ։ Բացի այդ, կրթական ու մասնագիտական զարգացման հարթակների սակավությունը նույնպես լուրջ խնդիր է։
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են ակտիվ դեր ունենալ իրենց համայնքում։
-Առաջինը՝ պետք է սկսել փոքր քայլերից. մասնակցել տեղական նախաձեռնություններին և չվախենալ սեփական կարծիքն արտահայտելուց։ Երկրորդը՝ կարևոր է համագործակցությունը և թիմային աշխատանքը, քանի որ միայնակ փոփոխություն անել գրեթե անհնար է։ Եվ ամենակարևորը՝ լինել հետևողական, որովհետև արդյունքներն անմիջապես չեն երևում։