Միայն 2025 թվականին «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրին մասնակցել է Երևանի և մարզերի շուրջ 9 900 աշակերտ։ Հայաստանում 2018 թվականից իրականացվող կրթական ծրագիրը նպատակ ունի դպրոցականներին մոտեցնել դասական երաժշտությանը և ձևավորել երաժշտական ու մշակութային ճաշակ դեռ վաղ տարիքից։
Ծրագրի շրջանակում աշակերտները ծանոթանում են դասական երաժշտությանը, կոմպոզիտորներին, երաժշտական գործիքներին և սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքին։ Դասերի ընթացքում ներկայացվում են նաև ամենապարզ, բայց հիմնարար հարցերը՝ ինչպե՞ս է գործում նվագախումբը, ինչի՞ց են ստեղծվում գործիքները, ինչպե՞ս է փոխվում ձայնը՝ կախված նյութից։
Ծրագիրը տարիների ընթացքում ընդլայնվել է`ընդգրկելով ավելի քան 150 դպրոց, 40 հազարից ավելի աշակերտ։ Այս թվերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչ տարածում ունի նախաձեռնությունը և ինչու է այն շարունակում մնալ ուշադրության կենտրոնում։
Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գաղափարի հեղինակը նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է։
«Սիմֆոնիկ ԴասA»-ում լատինատառ A-ն նոտաների մեջ «լյա»-ն է, այն հնչյունը, որով լարվում են նվագախմբի երաժշտական գործիքները և որը «մեկնակետ» է երաժշտական համակարգում։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ դասերը փոքր ճամփորդություններ են դասաժամի ընթացքում։ «Դրանք այնպես են կառուցված, որ երեխաները չհոգնեն և ոգևորված մնան»։
Ծրագրի պատասխանատու Էլենիտա Սարգսյանի խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակը դասական երաժշտության վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը կոտրելն է․ «Մեր ծրագրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ փորձում ենք աշակերտներին մոտեցնել դասական երաժշտությանը։ Ցանկանում ենք կոտրել կարծրատիպը, թե այն հասու չէ բոլորին։ Ցույց ենք տալիս, որ դասական երաժշտությունը հետաքրքիր է և արդիական»։
«Սիմֆոնիկ ԴասA»-ի կրթական ղեկավար Տաթևիկ Ադամյանն էլ կարևորում է վաղ տարիքից ճիշտ ընկալման ձևավորումը՝ նշելով, որ երեխաներին պետք է սովորեցնել դասական երաժշտությունը ոչ միայն լսել, այլև հասկանալ և սիրել։
Ծրագրի պատասխանատու Էլենիտա Սարգսյանն ասում է, որ երեխաները հատկապես հետաքրքրված են գործիքների պատմությամբ։ «Աշակերտներին հատկապես գրավում են մեծ թմբուկները։ Իր ձևով և ձայնով պատանիներին շատ է գրավում նաև տավիղը։ Երբ համերգում հնչում է երաժշտական հրաշք այս գործիքըը, մեծ հետաքրքրություն է առաջացնում, որովհետև սովորաբար նվագախմբում առավել հաճախ քանոն են տեսնում»։
Էլենիտա Սարգսյանի դիտարկմամբ՝ մարզերում երեխաներն ավելի ակտիվ են արձագանքում դասական երաժշտությանը․ ուսումնասիրում են գործիքները, հարցեր տալիս երաժիշտներին, ինչպես նաև մասնակցում փորձերին։ Այն, ինչ սովորում են դասարանում, հետո տեսնում ու լսում են համերգասրահում, և հաճախ այդ ծանոթությունը դառնում է նաև տարբեր նվագարաններ սովորելու պատճառ։
Ծրագրի ընթացքում կարևոր տեղ է հատկացվում աշակերտների ակտիվ մասնակցությանը։ Դասերը կառուցված են ինտերակտիվ ձևաչափով՝ քննարկումներով, հարցուպատասխանով, խաղերով ու վիկտորինաներով։ Ծրագրի ավարտը ազդարարվում է սիմֆոնիկ նվագախմբի դասական մեծ համերգով, որտեղ աշակերտները լսում են արդեն ծանոթ գործիքների կենդանի հնչյունը։
«Սիմֆոնիկ ԴասA» ծրագիրը տարիներ առաջ մեկնարկել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում, իսկ այսօր ծրագրում ընդգրկված են նաև մարզերը։ 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկը տրվել է Գյումրիում, որտեղ դասերին մասնակցել են քաղաքի ավագ դպրոցների աշակերտները։ Դասերը անցկացվել են երկու փուլով, դրանց հաջորդել են համերգներ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։
Ծրագրի նպատակներից է նաև կիրթ ունկնդրի ձևավորումը։ Աշակերտները ծանոթանում են համերգային էթիկայի կանոններին և արդեն «Արամ Խաչատրյան» համերգասրահ այցելելիս պատկերացում են ունենում, թե ինչպես պետք է իրենց դրսևորեն դասական համերգների ժամանակ։
«Մեր երկարաժամկետ նպատակը ոչ թե երեխաներին երաժիշտ դարձնելն է, այլ կիրթ ունկնդիր և հանդիսատեսն ունենալն է»,- ընդգծում է ծրագրի պատասխանատու Էլենիտա Սարգսյանը։
«Սիմֆոնիկ ԴասA»-ն հանդես է գալիս ոչ միայն որպես կրթական, այլև մշակութային նախաձեռնություն՝ ձևավորելով այնպիսի սերունդ, որը պատրաստ է հասկանալ և գնահատել դասական արվեստը։