04.28.2026
Կատեգորիա
Հասարակություն
ընտանիք

Նկարը ստեղծվել է արհեստական բանականության օգտագործմամբ

 

Արդյոք ժամանակակից հայկական հարսանիքը դեռևս ազգային ինքնության դրսևորում է, թե՞ վերածվել է զուտ գեղեցիկ լուսային էֆեկտներով հագեցած միջոցառման։ Երբեմնի խորհրդավոր ծիսակարգը, որը միավորում էր համայնքներ ու գերդաստաններ, այսօր կանգնած է հնի և նորի բախման կետում։ Թեև ավանդույթները շարունակում են գոյատևել, դրանց ձևն ու բովանդակությունը ենթարկվել են արմատական վերափոխումների։

Հնում հայկական հարսանիքը սկսվում էր «խոսքառնուքի» խիստ կանոնակարգված արարողությամբ։ Դա պարզապես այց չէր աղջկա տուն, այլ հարաբերությունների պաշտոնականացման բարդ գործընթաց, որին հաջորդում էր նշանադրությունը՝ ընտանեկան նվերներով ու քաղցրավենիքով։

Մինչև 20-րդ դարի կեսերը հարսանիքը կրում էր բացառապես համայնքային բնույթ։ Գյուղերում ամբողջ թաղն էր լծվում կազմակերպչական գործին՝ սկսած ուտեստների պատրաստումից մինչև հյուրերի հյուրընկալումը։ Դա ոչ թե անհատների, այլ հավաքականության տոն էր։

Ազգագրագետ Աննա Երիցյանը նշում է. «Հայկական հարսանիքը միայն ընտանեկան միջոցառում չէր, այլ ամբողջական ծիսակարգ, որտեղ յուրաքանչյուր փուլ ուներ իր հստակ նշանակությունը։ Խնամախոսությունից մինչև հարսի մուտքը նոր օջախ՝ բոլոր գործողությունները միտված էին երկու ընտանիքների վերջնական միավորմանը»։

Նույնիսկ ներկայիս «դեվիչնիկը» ունեցել է իր նախատիպը՝ հարսնագովքը։ Այն կազմակերպում էին հարսի ընկերուհիները, իսկ հրաժեշտի պահը ուղեկցվում էր ավագ կանանց կատարած հատուկ երգերով, ինչը խորհրդանշում էր աղջկա անցումը նոր կարգավիճակի և նոր ընտանիք։ Այդ շղթայի կարևոր օղակն էր նաև «դուռ փակելու» արարողությունը, որն այսօր էլ պահպանված եզակի տարրերից է։

Վերջին տասնամյակում քաղաքային կյանքը թելադրում է նոր կանոններ։ Հարսանիքները տեղափոխվել են հանդիսությունների սրահներ, որտեղ շեշտը դրվում է դիզայնի, լուսային շոուների և պրոֆեսիոնալ կազմակերպիչների (wedding planners) վրա։

«Այս փոփոխությունները բնական են, սակայն հաճախ ուղեկցվում են ծեսերի պարզեցմամբ և երբեմն՝ դրանց իմաստի կորստով։ Հարսանեկան տարրերը աստիճանաբար հեռանում են իրենց սկզբնական նշանակությունից»,- փաստում է ազգագրագետը։

Փոխվել է նաև երաժշտական դիմագիծը։ Ավանդական զուռնա-դհոլի կողքին այսօր հավասարապես հնչում են էստրադային երգեր, կենդանի բենդեր և DJ-ների սեթեր։

Չնայած ձևական փոփոխություններին՝ հայկական հարսանիքի առանցքը մնում է նույնը՝ ընտանիքի ստեղծումն ու սերունդների շարունակականությունը։ Այսօրվա հարսանիքը հին ավանդույթների և արդի մոտեցումների մի յուրօրինակ միքս է, որը փորձում է պահպանել մշակութային դեմքը՝ հարմարվելով նոր իրականությանը։
 

Միլենա Ավանեսյան