Ժամանակակից մեդիան հաճախ սահմանափակված չէ միայն տեղեկատվություն փոխանցելու գործառույթով և տարբեր կերպ անդրադառնում է իրականության ներկայացմանը։ Լեզուն, շեշտադրումները և մատուցման ձևերը կարող են տարբեր կերպ ազդել տեղեկության ընկալման վրա՝ ձևավորելով որոշակի վերաբերմունք և տպավորություն։ Թե ինչ մեխանիզմներով է դա տեղի ունենում, ինչպես են հուզական շեշտադրումները և կրկնությունը ներգործում լսարանի վրա, և ինչ դեր կարող է ունենալ մեդիագրագիտությունը, այս հարցերի շուրջ զրուցել ենք ԵՊՀ Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանության գիտությունների թեկնածու Իզաբելա Ղազարյանի հետ։
-Ժամանակակից մեդիայի պայմաններում, երբ տեղեկատվությունը հաճախ ուղեկցվում է մեկնաբանություններով և շեշտադրումներով, ինչպե՞ս է մեդիայի լեզուն ազդում մարդու ընկալման և դատողության գործընթացների վրա։
-Բնականաբար, այդ ազդեցությունը կա, և դա պայմանավորված է նրանով, որ մեդիայի լեզուն պարզապես նկարագրողական չէ։ Հատկապես ժամանակակից մեդիան վաղուց դուրս է եկել իրավիճակները նկարագրելու ձևաչափից և հիմնականում դրսևորվում է որպես իրավիճակները մեկնաբանելու ձևաչափում։ Իրավիճակները մեկնաբանող լեզուն կարող է լինել շատ տարբեր շրջանակներում՝ կախված նրանից, թե տվյալ մեդիան ինչ նպատակ է հետապնդում իր առջև դրված։ Եվ եթե մենք դիտարկում ենք այդ տեսանկյունից, որ նկարագրությունից անցել ենք մեկնաբանության, կարծիքի ձևավորման, շեշտադրման ձևաչափին, ինչ-որ թեմաների տարբեր կողմերի շեշտադրման ձևաչափին, ապա ստացվում է, որ ժամանակակից մեդիայի լեզուն մարդու ընկալման վրա ազդում է այն տեսանկյունից, որ ոչ թե պարզապես տալիս է ինֆորմացիա, թե ինչ է տեղի ունեցել, այլ առաջացնում է համապատասխան վերաբերմունք։ Շատ տարբեր ձևով նույն ինֆորմացիան կարող է առաջացնել, օրինակ, վախ, սպառնալիքի զգացողություն։ Բայց եթե այն, նկարագրության փոխարեն, տալիս է, օրինակ, ինչ-որ երևույթի նորմավորում, այսինքն՝ լեզվի ձևաչափը նորմալիզացնող է, հանդարտեցնող է, ապա նույն ինֆորմացիան կարող է ընկալվել նաև որպես հանգստացնող, սովորական երևույթ։ Ուստի, այո՛, շատ ուժեղ ազդեցություն ունի, և այսօր մենք մեդիա դաշտում ունենք այն երևույթը, երբ միևնույն ինֆորմացիան, որը պարզապես որպես փաստ է, տարբեր մեդիաների կողմից մատուցվում է տարբեր շեշտադրումներով, քանի որ նպատակն է ոչ թե նկարագրել իրավիճակը, այլ ստեղծել որոշակի կարծիք, տպավորություն, զգացողություն։ Ինչը, հետագայում, որպես հետևանք, փոխում է նաև մարդու վերաբերմունքը և դատողությունները տվյալ երևույթի նկատմամբ։ Մեդիագրագիտությունը, ինչ-որ չափով, կարող է օգնել մարդուն, որ նա շեշտադրումները նկատի, սկսի տարբերել ձևաչափերը, որոնցով մատուցվում է տեղեկատվությունը։ Բայց կարծում եմ, միևնույն է, մեդիան իր բազմազանության, տեղեկատվական առատ հոսքի պատճառով միշտ ավելի արագ կլինի, քան մեր ընկալումը կհասցնի այն, այսպես կոչված, «մարսել»։
-Ի՞նչ հոգեբանական մեխանիզմներով է ձևավորվում հանրային կարծիքը մեդիա հաղորդագրությունների ազդեցության ներքո։
-Մեդիա տիրույթում մասնագետները, ովքեր կիրառում են մեկնաբանությունների և կարծիքի ձևավորման ձևաչափը, օգտագործում են նաև մի շարք տեխնիկաներ, որպեսզի այդ ձևաչափը ավելի հեշտ տարածվի հանրային կարծիքի վրա։
Օրինակ՝ բազմակի կրկնությունները․ նույն բանը կարող են ասել տարբեր աղբյուրներով, ընդգրկել տարբեր մարդկանց կամ պարբերաբար, ինչ-որ դեպքերում, հումորով լուսաբանել նույն թեման կամ լուրջ ձևով լուսաբանել։ Արտաքինից թվացյալ տարբեր մարդիկ, տարբեր դիրքորոշումներ ունեցող, խոսում են միևնույն թեմայի մասին, և այդ պարբերական կրկնությունը ստեղծում է էֆեկտ, որ դա իրական է, որ դրա հետևից պետք է գնալ։ Նաև ստեղծվում է նման էֆեկտ, երբ կարողանում են մարդկանց մոտ ձևավորել տպավորություն, որ մեծամասնությունը հենց սրա մասին է մտածում, իսկ մարդը շատ հակված է հավատալ նրան, ինչը, իր կարծիքով, մեծամասնությունն ընդունում է։
Նաև այստեղ խնդիրը այն է, որ մեդիա տիրույթում տեղեկատվությունը բաշխվում է ոչ միայն այն տեսանկյունից, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք, ինչպես պետք է մտածենք այդ փաստերի մասին, այլ նաև՝ ինչի մասին մենք կոնկրետ պետք է մտածենք։ Այսինքն՝ տարբեր կրկնությունները, և՛ հուզական, և՛ հումորային, և՛ փաստագրական ձևով ինֆորմացիան ներկայացնելը մարդուն կենտրոնացնում է նրա վրա, թե ինչի մասին մտածի, և այլընտրանքային հնարավորություններ չեն տրվում։ Տարբեր աղբյուրներ խոսում են նույն բանի մասին, տարբեր մարդիկ խոսում են նույն բանի մասին, ներկայացվում են փաստեր, ներկայացվում է հումոր, և ստացվում է, որ այլ բանի մասին մենք արդեն չենք կարող մտածել։ Եվ փաստացի ձևավորվում է որևէ հանրային կարծիք, մարդկանց վերաբերմունք՝ ինչ-որ թեմաների վերաբերյալ, և հնարավորություն ու տարածք չի տրվում այլընտրանքային տարբերակների մասին մտածելու համար։
-Տեղեկատվության մեջ հաճախ օգտագործվող հուզական շեշտադրումների համատեքստում, ինչպե՞ս են վախի, սպառնալիքի կամ վտանգի շեշտադրումները ազդում ընթերցողի վարքագծի և դիրքորոշման վրա։
-Բնականաբար, եթե մարդը իրեն սպառնացող ինֆորմացիա է ստանում, դա իր մեջ ակտիվացնում է բնական պաշտպանական մեխանիզմներ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ եթե կա նպատակ մարդուն ինչ-որ թեմայի վերաբերյալ խուճապի մատնել կամ սուր վախի զգացողություն առաջացնել, ապա դա առաջին հերթին արվում է մարդուն ենթարկելու համար, քանի որ վախեցած մարդուն ավելի հեշտ է վերահսկել։
Երկրորդը՝ վախեցած մարդը, երբ տեսնում կամ զգում է այդ սպառնալիքը, ավելի հեշտ է հավատում արտաքին ուժերին և արտաքին հեղինակություններին, և, հետևաբար, այստեղ կարելի է շատ ավելի կանխատեսելի դարձնել մարդու վարքը, քանի որ վախեցած մարդը սպասում է արտաքին ուժի, որը կօգնի իրեն հաղթահարել այդ վախը կամ կլուծի իրավիճակը այնպես, որպեսզի ինքը այլևս չվախենա։ Այս տեսանկյունից վախի և սպառնալիքի շեշտադրումը շատ հարմար է, երբ կա կարիք, որպեսզի մարդիկ հավատան, որ կլինեն ինչ-որ արտաքին ուժեր, որոնք կփրկեն իրավիճակը։ Ու մարդիկ շատ ավելի քիչ հույսը կդնեն սեփական ուժերի վրա։ Բայց միևնույն ժամանակ, եթե ընդհանրապես ինչ-որ լուծում չառաջարկվի մեդիայի կողմից, այսինքն՝ սպառնալիքը, վախը տարածվում է, բայց լուծում չի տարածվում, ապա մարդկանց մոտ ձևավորվում է անզորության զգացողություն։ Այսինքն՝ լինելու է ինչ-որ մի վատ բան, բայց մենք անզոր ենք։ Եվ այստեղ բալանսը պետք է պահպանվի․ եթե կան վախի շեշտադրումներ, ապա լուծումներ նույնպես պետք է առաջարկվեն։
-Մեդիա դաշտում պարբերաբար հանդիպող բացասական հուզական բառապաշարի ազդեցությունը հաշվի առնելով՝ ի՞նչ ազդեցություն ունի դրա կրկնությունը մարդու ենթագիտակցության վրա։
-Պարբերաբար կրկնվող բացասական բառապաշարը, այսինքն՝ բառապաշար, որը ներառում է ուժեղ նեգատիվ հուզական ֆոն, վատատեսություն, բոլոր հնարավոր ելքերի վատ ընթացք, ինչպես արդեն նշեցինք, պարբերական կրկնությունը ամենակարևոր մեխանիզմներից է որևէ կայուն հուզական վերաբերմունք ձևավորելու համար։ Ուստի պարբերաբար կրկնվող բացասական բառապաշարը մարդկանց մոտ ձևավորում է կայուն նեգատիվ հուզական ֆոն։ Իսկ նեգատիվ հուզական ֆոնը կարող է մարդկանց ավելի կառավարելի դարձնել, քանի որ, երբ մարդիկ անընդհատ այդ նեգատիվ հուզական ֆոնն են ապրում՝ վախ, տագնապայնություն, անվստահություն, ապա ինչ-որ արտաքին լուծումների առաջարկը, որպես վախի և տագնապի հանգուցալուծում, շատ ավելի ցանկալի և արագ ընդունելի կարող է լինել։ Այսինքն՝ մարդիկ ոչ թե կմտածեն, որ ինքնուրույն կարող են հաղթահարել առաջացած վախերը, այլ կսպասեն արտաքին, ավելի վերահսկելի և ապահով հանգուցալուծման։
-Կարո՞ղ է արդյոք մեդիատեքստում ենթադրյալ սոցիալական ճնշման նկարագրությունը իրական հոգեբանական ճնշում ստեղծել ընթերցողի համար։
-Մենք արդեն նշեցինք, որ մարդը հակված է հավատալ նրան, ինչին, ըստ իր կարծիքի, մեծամասնությունը հավատում է։ Ուստի մեդիա տեքստում պարբերաբար կրկնվող հաղորդագրությունը, թե բոլորը այսպես են կարծում, սա այսպես ընդունված է, և ինչ-որ հեղինակավոր աղբյուրներ են բերվում որպես հիմնավորում, որ այս ամենը հենց այնպես է, ինչպես ներկայացվում է, արդեն իսկ, առանց ուղղակի սոցիալական ճնշման, փաստացի մարդու ներսում ձևավորում է այդ ճնշումը։ Ստացվում է, որ մարդը սկսում է ընկալել, թե բոլորը նույն ձև են մտածում, բոլորը կարծում են, օրինակ, որ այս ինֆորմացիան ճշմարիտ է, կամ բոլորը որոշակի վերաբերմունք ունեն տվյալ տեղեկատվության նկատմամբ։ Եվ ստացվում է, որ աշխատում է հոգեբանական կոնֆորմիզմի՝ հարմարվողականության մեխանիզմը, որը սոցիալական հոգեբանության մեջ նկարագրված է հետևյալ կերպ․ համախմբվելով մեկ խմբի մեջ՝ մարդիկ հիմնականում ցուցաբերում են կոնֆորմիզմ, որպեսզի կարողանան գոյատևել տվյալ խմբում և ստանան այդ խմբից առավելագույն ապահովություն։ Եվ այդ կոնֆորմիզմի մեխանիզմը հնարավոր է մեդիա տիրույթում ակտիվացնել՝ անընդհատ հաղորդելով մարդուն այն գաղափարը, որ ինչ-որ երևույթի վերաբերյալ բոլորը այսպես են մտածում, և այսպես է ընդունված։
-Տեղեկատվության արագ տարածման և ուշադրության գրավման մրցակցության պայմաններում, ի՞նչ հոգեբանական ազդեցություն ունեն սենսացիոն կամ հուզական վերնագրերը։
-Ինչ վերաբերում է սենսացիոն և հուզական վերնագրերին, դրանց ազդեցությունը մենք կարող ենք բացատրել նույնիսկ մարդու հոգեֆիզիոլոգիայի տեսանկյունից։ Ուժեղ ազդակները միանգամից մեզ մոտ առաջացնում են ուշադրության կենտրոնացում, և գլխուղեղում առաջանում է գրգռման օջախ, որտեղ մեր ուշադրությունը կենտրոնանում է տվյալ ազդակի վրա։ Եվ դրանից հետո գործում է, այսպես կոչված, հուզական առաջնայնության գործոնը, երբ այն, ինչը մենք ամենաառաջինը և ամենաուժեղն ենք ընկալել, հետագայում, որպես կարծիք և որպես մեր մեջ ձևավորված վերաբերմունք, ստանում է առաջնայնություն։ Այսինքն՝ ամենաուժեղ ազդակի ներքո՝ ամենաանսպասելի, շոկային, սենսացիոն ընկալված լուրը, հետագայում ավտոմատ կերպով մարդու մոտ դրա հանդեպ նախապատվություն է ձևավորում։
-Արդյոք մեդիագրագիտությունը կարող է նվազեցնել մանիպուլյացիայի ազդեցությունը, և ինչպե՞ս։
-Ինչ վերաբերում է մեդիագրագիտությանը և դրա մակարդակի բարձրացմանը մարդկանց մոտ, ապա, բացի իր բուն նպատակից, այսինքն՝ տեղեկատվական պաշտպանվածություն ձևավորելուց, մեդիագրագիտությունը նաև ձևավորում է հոգեբանական պաշտպանություն։ Առաջին հերթին այն բարձրացնում է զգայունությունը սխալ մատուցված, մանիպուլյատիվ նյութերի հանդեպ։ Բարձրացնում և ուժեղացնում է քննադատական մտածողությունը, ինչպես նաև սովորեցնում է մարդուն տարբերել փաստերը մեկնաբանություններից։ Սովորեցնում է նաև հուզական արձագանքները տարբեր տեղեկատվությունների նկատմամբ կարգավորել, և ընդհանուր առմամբ բարձրացնում է մարդու սոցիալ-հոգեբանական պաշտպանությունները՝ տարբեր կողմերից եկող տեղեկատվության նկատմամբ գիտակցված դիմակայություն ձևավորելով։