Հարցազրույց Բուն TV-ի գործադիր տնօրեն Գեմաֆին Գասպարյանի հետ
-Ինչպե՞ս կգնահատեք գիտահանրամատչելի հաղորդումների ներկայիս վիճակը ՀՀ հեռուստաեթերում և դրանց պահանջարկը լսարանի շրջանում։
-Քանի որ գիտահանրամատչելի բովանդակությամբ հաղորդումները պահանջում են ավելի մեծ ֆինանսական ներդրումներ և ավելի մասնագիտական բովանդակություն, քան սովորական ռեպորտաժներն ու լրագրողական հարցազրույցները, ինչպես նաև նկատի առնելով, որ հեռուստատեսություն դիտողները հիմնականում փնտրում են լրատվական-քաղաքական կամ զվարճանք ապահովող հաղորդումներ և սերիալներ, այսինքն՝ գիտահանրամատչելի հաղորդումների դիտելիությունն ավելի քիչ է, քան վերոնշյալ ձևաչափերի դեպքում, ապա դրանց քանակն էլ հեռուստաեթերում քիչ է։
-Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ դեր և նշանակություն ունեն գիտահանրամատչելի հաղորդումները հասարակության մեջ։
-Որակյալ և արդի թեմաներին անդրադառնող գիտահանրամատչելի հաղորդումները կարևոր են հանրության մտահորիզոնը և աշխարհայացքը լայնացնելու, ինչպես նաև զարգացած և կարող հասարակության ձևավորման համար։
-Իսկ ի՞նչ հիմնական հատկանիշներ պետք է ունենա հաջող գիտահանրամատչելի հաղորդումը (բովանդակություն, մատուցում, վիզուալ լուծումներ)։
-Դե, կարծում եմ՝ ձևաչափերը կարող են լինել տարբեր՝ ելնելով արտադրանքի առջև դրված խնդրից՝ սկսած բանախոսություններից, հարցազրույցներից, անիմացիոն հոլովակներից, դոկումենտալներից և այլն։ Ամենակարևոր հարցը բովանդակությունն է՝ պարտադիր թեմայի մասնագետի ներգրավմամբ, ճշգրտված և փաստահեն տեղեկատվությամբ, ինչպես նաև մատչելի լեզվով ներկայացմամբ։
-Ինչպե՞ս կարելի է բարդ գիտական թեմաները դարձնել հասանելի և հետաքրքիր լայն լսարանի համար։
-Սկզբում պետք է ֆիքսել, որ ցանկացած ձևաչափի մեդիա արտադրանք չի կարող փոխարինել ինստիտուցիոնալ կրթությանը և ակադեմիական գիտությանը, թեև կարող է տալ նախնական գիտելիքներ և առաջացնել հետաքրքրություն լսարանի մոտ, որպեսզի հետագայում որոշ դիտողներ ինքնուրույն անցնեն մասնագիտական կրթության ավելի բարդ ճանապարհը։
Այս առումով չափազանց կարևոր է այն հարցը, թե յուրաքանչյուր հաղորդում սկսելիս ստեղծագործական թիմն ինչ խնդիր է դնում իր առջև․ ո՞ր լսարանի համար է աշխատում, արդյոք տվյալ բովանդակությունը պահանջում է նախնական թեմատիկ գիտելիքներ, թե ոչ, և այլն։
Ամենակարևոր հարցերից մեկը լեզվի ընտրությունն է։ Մեր փորձը ցույց է տալիս, որ խմբագիրներն ու սցենարիստները նման հաղորդումներում հանդես են գալիս որպես «հայերենից հայերենի թարգմանիչներ»՝ մասնագետի և հեռուստադիտողի միջև։ Այսինքն՝ պետք է օգտագործել հնարավորինս քիչ տերմիններ, իսկ դրանց կիրառման դեպքում՝ պարտադիր ներկայացնել պարզ և հասկանալի բացատրություններ։ Միաժամանակ կարևոր է կիրառել շատ պատկերներ և վիզուալ լուծումներ, որոնք օգնում են բարդ նյութը դարձնել առավել մատչելի։
-Ի՞նչ հիմնական խնդիրների և մարտահրավերների են բախվում նման հաղորդումների ստեղծողները Հայաստանում (ֆինանսավորում, տեխնիկա, մասնագետներ)։
-Հիմնական խնդիրը ֆինանսավորումն է, քանի որ այս տեսակի բովանդակությունը կոմերցիոն տեսանկյունից հաճախ այնքան էլ շահավետ չէ։ Բացի այդ, որոշ դեպքերում կարող է լինել նաև համապատասխան ոլորտի մասնագետների պակաս, հատկապես եթե անհրաժեշտ է լուսաբանել ավելի նեղ կամ բարձր մասնագիտացված թեմաներ։
-Դուք առցանց հեռուստաընկերությունից անցում կատարեցիք եթերային հեռուստաընկերության մոդելին, մինչդեռ սովորաբար հակառակն է լինում․ ինչպե՞ս կբացատրեք այս ֆենոմենը, ի՞նչ էիք ակնկալում, ի՞նչ ստացաք, և արդյո՞ք արդարանում են ձեր սպասումները։
-Ակնկալում էինք լսարանի լայնացում, և արդյունքում ստացանք լսարանի լայնացում։
-Ո՞րն է նման հաղորդումների հիմնական լսարանը, և ինչպե՞ս կարելի է մեծացնել հատկապես երիտասարդների հետաքրքրությունը գիտության նկատմամբ։
-Այս պահին ամենաարդյունավետ գործիքներից մեկը ինֆլուենսերների ներգրավումն է նման նախագծերում։
-Ինչպե՞ս են թվային հարթակներն ու սոցիալական մեդիան ազդում գիտահանրամատչելի հաղորդումների տարածման և դիտելիության վրա։
-Միշտ առկա է խնդիր՝ որքանով պարզեցնել բովանդակությունը՝ միաժամանակ թույլ չտալով, որ այն դառնա պարզունակ։
-Ձեր կարծիքով՝ արդյո՞ք հայկական գիտահանրամատչելի հաղորդումները համապատասխանում են միջազգային չափանիշներին։
-Ոչ բոլորը և ոչ միշտ՝ ինչպես ցանկացած երկրի դեպքում։ Քանի որ հայկական մեդիա դաշտն ու հայախոս լսարանը օբյեկտիվորեն սահմանափակ են, հետևաբար մեդիա արտադրանքի ծավալն էլ զգալիորեն փոքր է, քան անգլախոս, ռուսախոս կամ այլ՝ ավելի լայն տարածում ունեցող լեզուներով ստեղծվող բովանդակության դեպքում։
Չունեմ ձեռքի տակ կոնկրետ հետազոտություն, սակայն իմ դիտարկմամբ՝ քանակ-որակ հարաբերության տեսանկյունից հայերենով ստեղծվող գիտահանրամատչելի մեդիա արտադրանքը հաճախ կարող է լինել ոչ պակաս, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի որակյալ, քան նույն ռուսալեզու կամ անգլալեզու որոշ արտադրանքներ։
-Ձեր անձնական փորձից՝ ի՞նչն է առավել նպաստում հաղորդման հաջողությանը կամ ձախողմանը։
-Մեր փորձից ելնելով՝ ամենակարևոր գործոններից մեկը նախագծին տրամադրվող ռեսուրսների չափն է՝ ժամանակային, ֆինանսական և տեխնիկական։ Երբ այդ ռեսուրսները սահմանափակ են, բնականաբար դա անմիջապես ազդում է վերջնական արդյունքի որակի վրա։
Երկրորդ կարևոր գործոնը մարքեթինգի մտածվածությունն է․ որքան լավ է պլանավորված բովանդակության տարածումը և ներկայացումը տարբեր հարթակներում, այնքան մեծ է հաջողության հավանականությունը։
Եվ ևս մեկ կարևոր հանգամանք է թողարկման ժամանակահատվածը։ Պետք է հաշվի առնել լսարանի վարքագիծը և մեդիա սպառման սեզոնայնությունը։ Օրինակ՝ մայիսի վերջում կամ հունիսի սկզբում գիտահանրամատչելի նոր նախագծի թողարկումը կարող է այնքան արդյունավետ չլինել, որքան այլ ժամանակահատվածներում, երբ լսարանը ավելի ակտիվ է և ավելի պատրաստ՝ նման բովանդակություն ընկալելու համար։
-Զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում գիտահանրամատչելի հաղորդումների համար Հայաստանում։
-Ամենակարևոր փոփոխությունը, իմ կարծիքով, կապված կլինի արհեստական բանականության գործիքների զարգացման հետ։ ԱԲ-ի առաջընթացի արդյունքում կրթական և գիտական բովանդակության արտադրությունը զգալիորեն կփոխվի, և հնարավոր կլինի ավելի արագ ու մասշտաբային կերպով գեներացնել նաև տեսողական ձևաչափով գիտահանրամատչելի նյութեր։