Հարցազրույց Ինֆոքոմ-ի լրագրող Աննա Սահակյանի հետ
-Ինչպե՞ս եք ուսումնասիրում ձեր հաղորդման լսարանի հետաքրքրությունները և ի՞նչ մեթոդներ եք կիրառում՝ հասկանալու համար, թե որ թեմաներն են առավել հետաքրքիր լսարանի համար։
-Ինֆոքոմը՝ մեր լրատվամիջոցը, ընդհանուր առմամբ լսարանի ուսումնասիրություն իրականացնում է հարցումների և քննարկումների միջոցով, որոնց ընթացքում փորձում ենք հասկանալ, թե մեր լսարանին ինչն է հետաքրքիր, ինչ կուզեին տեսնել, և ինչպիսի բովանդակություն կա, որը նրանք կցանկանային տեսնել այլ ձևաչափով։ Միաժամանակ, դատելով գիտական թեմաների վերաբերյալ հետադարձ կապից՝ ինչպես գիտական համայնքի, այդ ոլորտով հետաքրքրված մարդկանց, այնպես էլ կառավարության ներկայացուցիչների կողմից, մենք հասկանում ենք, որ գիտական թեմաները, գիտական և պետական քաղաքականության լուսաբանումը, ոլորտի խնդիրները, ինչպես նաև հանրայնացման նախագծերը հետաքրքրություն են առաջացնում։ Սա էլ մեզ մոտիվացնում է շարունակել զարգացնել այդ ուղղությունը։
Իհարկե, այդ հետաքրքրությունն այժմ ավելի մեծ է, քան նախկինում, քանի որ հաճախ առաջարկն ինքն է ձևավորում պահանջարկ։ Երբ 2021 թվականին խմբագրական որոշում կայացվեց այս ոլորտը պահել մեր ուշադրության կենտրոնում, լսարանի հետաքրքրությունն ու վստահությունը սկսեցին աստիճանաբար ձևավորվել։ Այսօր արդեն այդ հետադարձ կապը մեզ հնարավորություն է տալիս արձանագրելու, որ թեև այս թեմաները գուցե լայն հանրության համար չեն, սակայն գոյություն ունեն լսարանի որոշ խմբեր, որոնք հետաքրքրված են այդ ոլորտով, և որոնց համար այս բովանդակությունն իսկապես կարևոր ու հետաքրքիր է։
-Ի՞նչ մարքեթինգային ռազմավարություն եք կիրառում՝ դիտելիությունը բարձրացնելու համար, և արդյո՞ք հարմարեցնում եք հրապարակման բովանդակությունն ու ձևաչափը լսարանի պահանջներին՝ հիմնվելով նրանց արձագանքի վրա։
-Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին հասկացել ենք, որ մեր լսարանի համար առավել «մարսվող» են այն բովանդակությունները, որոնք ներկայացված են ավելի թեթև ձևաչափով։ Այսինքն՝ կա վիդեո բաղադրիչ, կամ բովանդակությունն ամբողջությամբ վիդեո է, և, հետևաբար, մենք փորձում ենք մեր նյութերում ավելացնել տեսողական բաղադրիչը։
Օրինակ՝ եթե պատրաստում ենք լոնգրիդ հոդված, ապա դրա մեջ անպայման ներառում ենք վիդեո բաղադրիչներ և նկարներ, որպեսզի, կոպիտ ասած, կարողանանք «կոտրել» երկար տեքստերը և դրանք ավելի հեշտ ընկալելի դարձնել լսարանի համար։ Նաև կիրառում ենք տարբեր ձևաչափեր․ օրինակ՝ նույն թեմայի վերաբերյալ, եթե ունենք հոդված, կարող ենք նաև պատրաստել փոդքասթ կամ հարցազրույց։ Փորձը ցույց է տալիս, որ փոդքասթը կամ հարցազրույցը հաճախ ավելի լայն տարածում են ստանում, քան տեքստային նյութը, ուստի փորձում ենք պահպանել այս ձևաչափերի միջև հավասարակշռությունը։ Այս մոտեցումը նույնպես ձևավորվել է լսարանից ստացված հետադարձ կապի հիման վրա։ Պետք է հաշվի առնել նաև, որ գիտությունը այնպիսի ոլորտ է, որտեղ հաճախ անհրաժեշտ է երկար տեքստերով բացատրություններ տալ։ Սակայն մենք հասկացել ենք, որ լսարանի համար, այնուամենայնիվ, տեսանյութերը, նկարները և այլ վիզուալ տարրերը ավելի գրավիչ են։ Մյուս կողմից, այն նյութերի դեպքում, որտեղ հնարավոր է մեծ քանակությամբ տվյալներ ներկայացնել, փորձում ենք կիրառել տվյալների տեսողականացման գործիքներ։ Օրինակ՝ երբ ներկայացնում ենք գիտնականների տարիքային խմբերը, ցույց ենք տալիս, թե որ տարիքային խմբում են նրանք ավելի շատ, որոնք են ամենաերիտասարդ կառույցները և այլն։ Այսպիսի տեղեկատվությունը բառերով ներկայացնելու փոխարեն վիզուալ ձևաչափով ներկայացնելը թույլ է տալիս այն ավելի մատչելի և հեշտ ընկալելի դարձնել, հատկապես երկար տեքստերի պարագայում։
-Արդյո՞ք եղել են դեպքեր, երբ փոխել եք հաղորդման ձևաչափը լսարանի արձագանքի հիման վրա։
-Վերջերս մենք մշակել ենք նոր ձևաչափ։ Քանի որ Ինֆոքոմը հաճախ իրականացնում է հետաքննություններ և տվյալների հիման վրա հոդվածներ է պատրաստում, այդ բոլոր բաղադրիչները ներառում ենք նաև գիտական թեմաներում։ Սակայն հասկացանք, որ այդ թեմաները հաճախ բավական բարդ են, և այդ պատճառով մշակեցինք ռիլային ձևաչափ՝ 1–1.5 րոպե տևողությամբ։ Այդ կարճ տեսանյութերում երբեմն հումորային, երբեմն ավելի ստեղծագործ մոտեցումներով փորձում ենք բարդ հետաքննությունները կամ հետազոտությունները հասանելի դարձնել լսարանին։ Այս ձևաչափը բավական լայն տարածում գտավ և սիրվեց, ինչի արդյունքում որոշեցինք նաև գիտական բովանդակությունը ներկայացնել նույն կերպ։ Այսինքն՝ եթե, օրինակ, պատրաստում ենք երկար նյութ՝ կառավարության գիտական քաղաքականության, որևէ գիտական հոդվածի կամ գիտական թիմի մասին, ապա դրա հետ միասին ունենում ենք նաև ռիլային տարբերակը, որտեղ կարճ, թեթև, ավելի կենդանի ձևով ներկայացնում ենք բովանդակության էությունը։ Միաժամանակ ուղղորդում ենք լսարանին՝ նշելով, որ եթե թեման հետաքրքիր է, կարող են հղումով անցնել և կարդալ ամբողջական նյութը։
Այս ձևաչափը ներմուծվել է անցած տարի, և արդեն հասցրել է մեծ տարածում գտնել ու սիրվել։ Հաշվի առնելով լսարանից ստացվող հետադարձ կապը՝ առաջիկայում ևս նախատեսում ենք զարգացնել տեսա և ձայնային բովանդակությունը, քանի որ հաճախ լսում ենք, որ երկար տեքստերը դժվար են ընկալվում, և մարդիկ նախընտրում են վիզուալ կամ ձայնային տարբերակներ։ Միևնույն ժամանակ, մենք չենք հրաժարվում տեքստային նյութերից, քանի որ դրանք նույնպես կարևոր են և ունեն իրենց լսարանը։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ այդ նյութերը ընթերցվում են, ուստի փորձում ենք առաջարկել և՛ տեքստային, և՛ վիդեո ձևաչափեր՝ հնարավորություն տալով լսարանին ընտրել իրենց համար առավել հարմար տարբերակը։
-Ձեր կարծիքով՝ հայ հեռուստադիդողը գիտահանրամատչելի հաղորդումների առավելապես ո՞ր թեմաների նկատմամբ է հետաքրքրություն ցուցաբերում։
-Կախված է բովանդակությունից, քանի որ գիտության լուսաբանումը բավականին լայն հասկացություն է։ Մի կողմից կան ոլորտի խնդիրները՝ կապված այն հարցերի հետ, թե ինչպիսի քաղաքականություն է վարում կառավարությունը։ Օրինակ՝ ֆինանսավորման կրճատումը, օրենքներում կատարվող փոփոխությունները, որոնք ազդում են գիտնականների վրա, կամ գիտական կազմակերպությունների կառուցվածքային փոփոխությունները (խոշորացում, բուհերի հետմիավորում և այլն)։ Այս թեմաները հիմնականում հետաքրքրում են գիտական համայնքին։
Մյուս կողմից՝ այսպիսի հրապարակումները հետաքրքիր են նաև պետական կառույցների համար, քանի որ նման նյութերում մենք փորձում ենք ներկայացնել բոլոր կողմերի տեսակետները․ լսում ենք գիտնականներին, գիտական կազմակերպությունների ղեկավարներին, Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշումը, ինչպես նաև կառավարության տեսակետը։ Այս առումով ձևավորվում է մի հարթակ, որտեղ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը կարող են ծանոթանալ միմյանց հիմնավորումներին, մտահոգություններին և դիրքորոշումներին։ Եթե խոսենք գիտության հանրայնացման նախագծերի մասին, օրինակ՝ գիտահանրամատչելի բանախոսությունների շարքերն ավելի լայն լսարանի համար են։ Դրանք ուղղված են ոչ միայն գիտնականներին, այլ նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչներին և ընդհանրապես այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են գիտությամբ։ Նման նախաձեռնությունների նպատակը գիտությունը հանրության համար ավելի հասանելի դարձնելն է ։ Մենք նաև ունենք բովանդակություն, որը ներկայացնում է գիտական թիմերի գործունեությունը, նրանց հրապարակած հոդվածները՝ հանրամատչելի ձևով։ Այսպիսի նյութերը հիմնականում ուղղված են ուսանողներին և երիտասարդներին, որոնք կարող են հետաքրքրվել տվյալ ոլորտներով։ Այսինքն՝ կախված թեմայից՝ փոխվում է նաև թիրախային լսարանը։ Մի կարևոր հանգամանք էլ այն է, որ հաճախ հենց առաջարկն է ձևավորում պահանջարկը։ Թեև կարող է թվալ, որ մարդիկ ավելի շատ հետաքրքրված են, օրինակ, քաղաքական կամ առողջապահական թեմաներով, առաջարկելով որակյալ գիտական բովանդակություն՝ հնարավոր է աստիճանաբար մեծացնել հետաքրքրությունը նաև այս ոլորտի նկատմամբ։
Ի հավելումն՝ վերջին շրջանում նկատվում է նաև գիտնականների վերաբերմունքի փոփոխություն։ Եթե նախկինում նրանք հաճախ թերահավատ էին իրենց գործունեության լուսաբանման նկատմամբ, ապա հիմա ավելի բաց են համագործակցության համար։ Նրանք իրենք էլ նշում են, որ իրենց շրջապատում նկատում են գիտության նկատմամբ հետաքրքրության աճ։ Թեև այս ազդեցությունը միանգամից տեսանելի չէ, բայց աստիճանաբար, որակյալ բովանդակության շնորհիվ, հասարակության հետաքրքրությունը գիտության նկատմամբ մեծանում է։
-Արդյոք առցանց հարթակներում ակտիվությունը կարող է բարձրացնել հեռուստատեսային հաղորդումների վարկանիշը։
-Այո՛, առցանց հարթակներում ակտիվությունը կարող է զգալիորեն բարձրացնել լսարանի ներգրավվածությունը և, ընդհանուր առմամբ, նպաստել նաև հեռուստատեսային վարկանիշի աճին։ Այսօր միայն կայքում կամ Յութուբում որևէ նյութ հրապարակելը դեռևս բավարար չէ լսարանին հասնելու համար։ Լսարանին հասնելու հիմնական միջոցները սոցիալական հարթակներն են՝ Տելեգրամը,Ֆեյսբուքը, Ինստագրամը ՏիկՏոկը և այլն։ Օրինակ՝ Տելեգրամը ավելի արագ լրատվության տարածման հարթակ է, սակայն նաև կարող է ծառայել գիտական թեմաների վերաբերյալ հրապարակումները ընթերցողին հասցնելու համար։ Մյուս հարթակներում՝ Ֆեյսբուքում, Ինստագրամում, ՏիկՏոկում մենք փորձում ենք բովանդակությունը հարմարեցնել տվյալ միջավայրի առանձնահատկություններին։ Ինչպես արդեն նշել էի, մենք սկսել ենք կիրառել ռիլերի ձևաչափը, որոնք հատկապես արդյունավետ են Ինստագրամում և ՏիկՏոկում։ Բացի այդ, պատրաստում ենք նաև պոստերային տարբերակներ՝ նկարների և կարճ տեքստերի համադրությամբ, որոնք տարածում ենք սոցիալական հարթակներում։ Այսպիսով, յուրաքանչյուր նյութ փորձում ենք համապատասխանեցնել համապատասխան հարթակին՝ լսարանին առավել արդյունավետ կերպով հասցնելու նպատակով։ Մի կողմից ունենք երկար նյութեր և հարցազրույցներ, իսկ մյուս կողմից՝ դրանցից առանձնացնում ենք առավել հետաքրքիր հատվածները, կրճատում և տարածում սոցիալական հարթակներում։ Այս մեթոդով փորձում ենք գրավել լսարանի ուշադրությունը․ եթե թեման հետաքրքրում է նրանց, ապա նրանք անցնում են կայք և ծանոթանում ամբողջական տարբերակին։
Ընդհանուր առմամբ, սա ներկայումս լսարան ներգրավելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, քանի որ հավանականությունը, որ մարդիկ ինքնուրույն կայցելեն կայք կամ յութուբյանալիք՝ կոնկրետ նյութ փնտրելու համար, համեմատաբար փոքր է։ Փոխարենը, սոցիալական հարթակներում հարմարեցված բովանդակության միջոցով նրանց հասնելու հավանականությունը զգալիորեն ավելի մեծ է։