04.30.2026
Կատեգորիա
Մշակույթ
Գոռ Փելեշյան

Հայ թատրոնի մեդիաներկայության և հանրայնացման առանձնահատկությունների շուրջ զրուցել ենք Գոռ Փելեշյանի հետ, ով երկար տարիներ աշխատել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում որպես PR մասնագետ։

-Քանի՞ տարի եք աշխատում թատրոնի PR ոլորտում։

-Թատրոնի նկատմամբ սերը ինձ մոտ ձևավորվել է դեռ մանկուց։ Միշտ կապված եմ եղել մշակույթի հետ, և 2017 թվականին դիմեցի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենին։ Քանի որ մինչ այդ արդեն հաճախել էի գրեթե բոլոր ներկայացումներին, այդ միջավայրն ինձ հարազատ էր։ Արդյունքում ընդունվեցի աշխատանքի և մոտ 9 տարի է, ինչ գործունեություն եմ ծավալել նույն թատրոնում։

-Ինչպե՞ս եք գնահատում թատրոնի ներկայությունը ժամանակակից մեդիադաշտում։

-Թատրոնի ներկայությունը մեդիայում չափազանց կարևոր եմ համարում։ Յուրաքանչյուր միջոցառում պետք է իր արձագանքն ունենա այնտեղ։ Սկզբնական շրջանում մենք հիմնականում աշխատում էինք պաստառների, լայվերի, թատրոնի ներքին ռեսուրսների միջոցով։ Սակայն ժամանակի ընթացքում հասկացանք, որ կարող ենք  ավելի ակտիվ լինել։ Մենք համագործակցում ենք տարբեր լրատվամիջոցների հետ։ Չնայած դրան՝ նշենք, որ նույնիսկ որոշ պրեմիերաներ բավարար արձագանք չեն ստանում մեդիայում, ինչը դեռևս խնդիր է։

-Որո՞նք են ձեր հիմնական նպատակները մեդիաներկայություն ապահովելիս։

-Առաջնային նպատակներից է որակյալ արտադրանք ներկայացնելը և դրա ճիշտ լուսաբանումը։ Կարևոր է նաև դերասանների ներգրավումը, նրանց կերպարների և ճանաչելիության օգտագործումը՝ հանդիսատեսի հետաքրքրությունը մեծացնելու համար։

-Ո՞ր հարթակներն եք առավել ակտիվ օգտագործում և ինչո՞ւ։

-Առավել ակտիվ օգտագործում ենք Facebook-ը և Instagram-ը։ Այս հարթակների շնորհիվ միջոցառումների մասին իրազեկվածությունը զգալիորեն աճել է։ Բացի այդ, ֆեյսբուքյան գովազդների միջոցով աճել է նաև օնլայն տոմսերի վաճառքը։
Հաճախ համագործակցում ենք նաև այլ թատրոնների հետ, հատկապես հյուրախաղերի ժամանակ, ինչի արդյունքում ավելանում են հետևորդները։
Մեզ համար կարևոր է նաև YouTube-ը․ բոլոր տեսանյութերը տեղադրում ենք այնտեղ և այնուհետև յութուբյան հղումով տարածում մյուս հարթակներում։ Սա հնարավորություն է ընձեռում,  որ մեր նյութերը օգտագործվեն նաև նախարարությունների և լրատվամիջոցների կողմից։
Ինչ վերաբերում է պաշտոնական կայքին, այն պետք է լինի բովանդակային և գործնական․ եթե  չի ծառայում տոմսերի վաճառքին և դերասանների մասին ամբողջական տեղեկատվություն չի տրամադրում, ապա կորցնում է իր նշանակությունը։

-Ո՞ր բովանդակությունն է ստանում ամենամեծ արձագանքը։

-Փորձը ցույց է տվել, որ ամենամեծ արձագանքը ստանում են դերասանների ծննդյան շնորհավորանքների հրապարակումները։ Դրանք ունեն մեծ թվով կիսումներ և մեկնաբանություններ։ Կարևոր է նաև հրապարակման ժամը․ առավել արդյունավետ են առավոտյան և երեկոյան ժամերը։ Բացի ստանդարտ պաստառներից՝ ակտիվորեն օգտագործում ենք նաև դերասանների մասնակցությամբ ստեղծված տեսանյութեր և ռիլեր։

-Օգտագործու՞մ եք վճարովի գովազդներ։

-Այո, սակայն ոչ միշտ․ դա կախված է առկա ռեսուրսներից։ Բացի այդ՝ գովազդը պետք է ճիշտ մշակված լինի․ եթե այն չունի հստակ ասելիք կամ նպատակ, արդյունավետ չի լինում։

-Ինչպե՞ս եք համագործակցում լրագրողների և մեդիահարթակների հետ։

-Լրատվամիջոցների հետ աշխատանքը մեր գործունեության կարևոր բաղադրիչներից է։ Կազմակերպում ենք մամուլի ասուլիսներ, պատրաստում մամուլի հաղորդագրություններ և դրանք ուղարկում հնարավորինս շատ լրատվամիջոցների։ Հատկապես առաջնախաղերի ժամանակ արձագանքը բավականին ակտիվ է։

-Ի՞նչն է դժվարացնում մեդիայի հետ աշխատանքը։ Որո՞նք են հիմնական խնդիրները։

-Մարզերում հիմնական խնդիրներից է տեղական լրատվամիջոցների սակավությունը։ Սա բերում է նրան, որ երբեմն տեղեկատվությունը չի տարածվում ժամանակին կամ լիարժեք։ Արդյունքում առաջանում են նաև օբյեկտիվ լուսաբանման խնդիրներ։
 

Արինա Վարդերեսյան