Հեռուստատեսության ու սերիալների աշխարհում պատկերներն հաճախ ամրապնդում են ավանդական հայացքները տղամարդկանց և կանանց դերերի մասին։ Կերպարների այս կառուցվածքը հաճախ աննկատ ազդում է դիտողի ընկալումների վրա և ձևավորում սոցիալական նորմեր։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ դասախոս, գենդերային և կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ Անի Կոջոյանի հետ։
-Երբ խոսում ենք գենդերային կարծրատիպերի մասին, հաճախ տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում այդ հասկացությունը։ Ի՞նչ են գենդերային կարծրատիպերը մեդիայի և հատկապես հեռուստասերիալների համատեքստում։
-Գենդերային կարծրատիպը հասկանալու համար նախ պետք է հասկանալ՝ ինչ է կարծրատիպը․ այն կարծրացած, գերընդհանրացված պատկերացում է որևէ երևույթի մասին՝ առանց հիմնավորման կամ փաստերի։ Այն ձևավորվել է պատմականորեն և տարածվում է տարբեր խմբերի վրա՝ առաջարկելով պատրաստի պատասխաններ, հատկապես բարդ ու զգայուն հարցերում՝ առանց խոր վերլուծության։
Գենդերային կարծրատիպերը վերաբերում են այն պատկերացումներին, թե ինչպիսին պետք է լինեն կանայք և տղամարդիկ։ Մեդիայի և սերիալների դեպքում դրանք հիմնականում չեն ստեղծվում նորից, այլ վերարտադրվում ու նորմալիզացվում են։ Ամենատարածված օրինակներից են կնոջ կերպարի առարկայացումն ու սեռականացումը, ինչպես նաև նրա դերի սահմանափակումը ընտանեկան տիրույթով՝ ենթարկվող, «լուռ» և հայրիշխանական համակարգում նախանշված դիրքին համապատասխան։ Այս սահմաններից դուրս գալը դիտվում է որպես կարծրատիպի խախտում։
-Վերջին տարիներին հեռուստասերիալները դարձել են հայաստանյան մեդիայի ամենադիտվող ձևաչափերից մեկը։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ ազդեցություն կարող են դրանք ունենալ հասարակության մեջ գենդերային պատկերացումների ձևավորման վրա։
-Հեռուստատեսությունը շարունակում է մնալ ամենասպառվող ժամանցային հարթակը, իսկ սերիալները հեշտությամբ կապում են դիտողին՝ նարատիվների միջոցով, որոնք մարդուն տալիս են «պատկանելու» զգացում։ Հատկապես պատերազմ ու ճգնաժամ տեսած հասարակություններում դրանք ծառայում են նաև որպես շեղման և սթրեսը մեղմելու միջոց։ Սերիալների լայն տարածումը Հայաստանում սկսվել է 2010 թվականին, այնուհետև շեշտադրումը տեղափոխվեց դեպի ավելի մատչելի սերիալներ։
Սերիալը գործիք է, որը կարող է օգտագործվել թե՛ դրական, թե՛ բացասական նպատակներով։ Շատ երկրներ այն օգտագործում են սոցիալական խնդիրներ՝ գենդերային անհավասարություն, ընտանեկան բռնություն, վաղ ամուսնություն և այլ թեմաներ ներկայացնելու համար՝ ցույց տալով դրանց հետևանքներն ու անընդունելիությունը։ Այսպիսով, սերիալները կարող են ունենալ կրթող դեր՝ ձևավորելով ընկալումներ կամ նույնիսկ խթանելով քննադատական մտածողությունը։ Ուստի, անկախ թեմայից, սերիալների ազդեցությունը հասարակության վրա մեծ է։
-Ձեր հետազոտական գործունեության ընթացքում ուսումնասիրել եք մեդիայում գենդերային պատկերումները։ Ինչպիսի՞ ընդհանուր միտումներ եք նկատել հայկական մեդիաարտադրանքում։ Անդրադառնանք հատկապես հայաստանյան սերիալներին, ի՞նչ հիմնական գենդերային մոդելներ են առավել հաճախ հանդիպում դրանցում։
-Հիմնական կերպարներն են ուժեղ, ընդգծված առնականությամբ տղամարդը, որը հակված է բռնության և ագրեսիվ դրսևորումների, իսկ այդ ագրեսիան ներկայացվում է որպես առնականության անբաժանելի մաս և, հետևաբար, ընկալվում բնական երևույթ։ Կնոջ կերպարը դրան հակադրվում է ամբողջությամբ՝ որպես հեզ, նուրբ, քնքուշ, լուռ ու այսպես կոչված «նվիրյալ հայ կնոջ կերպարը», որը տարբեր ձևերով փաթեթավորվում և մատուցվում է։
-Ինչպե՞ս են սովորաբար ներկայացվում կանանց և տղամարդկանց կերպարները հայաստանյան սերիալներում։ Ի՞նչ դերային շրջանակների մեջ են դրանք հիմնականում տեղավորվում։ Ձեր դիտարկմամբ՝ որքանո՞վ են այդ կերպարները բազմաշերտ և իրական կյանքին մոտ, և որքանո՞վ՝ կառուցված կարծրատիպային պատկերացումների հիման վրա։
-Կերպարները հիմնականում կրկնվող, ոչ բազմաշերտ են՝ պարզ բաժանումով՝ չար-բարի։ Տենդենցները պրիմիտիվացված են, իսկ մեկ սերիալում հաճախ հանդիպում են մի քանի կյանքերի խտացված դրվագներ։ Արտերկրում սցենարիստների բազմազան թիմը թույլ է տալիս բացել կերպարների տարբեր շերտեր՝ սոցիալական, հոգեբանական, իրավական ու մարդկային տեսանկյուններից։ Մեզ մոտ հաճախ սցենարիստը բացում է միայն մեկ-երկու շերտ, ինչի հետևանքով կրկնվող կերպարներ են ստեղծվում։
-Կարո՞ղ ենք ասել, որ սերիալները ոչ միայն արտացոլում են հասարակության մեջ արդեն գոյություն ունեցող կարծրատիպերը, այլ նաև նպաստում են դրանց պահպանմանը կամ վերարտադրմանը։
-Այո, միանշանակ, դրանք նպաստում են ոչ միայն գենդերային հարաբերությունների ու կերպարների վերարտադրմանը, ամրապնդմանը և խորացմանը, այլև տարբեր այլ երևույթների ընկալման ձևերին՝ միաժամանակ խոչընդոտելով քննադատական մտածողության զարգացմանը։
-Ձեր կարծիքով՝ հատկապես երիտասարդ հանդիսատեսի վրա ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ սերիալներում ներկայացվող գենդերային դերերն ու վարքային մոդելները։
-Սերիալները դիտում են ոչ միայն երիտասարդները, այլև փոքր երեխաները, որոնք չունեն բարձր քննադատական ու վերլուծական մտածողություն, ուստի դրա ազդեցությունը ավելի մեծ է։ Մեր կրթական համակարգը վերջին տարիներին միտված է քննադատական մտածողության զարգացմանը, բայց արդյունքները դեռ ցույց չեն տալիս բարձր մակարդակ՝ հատկապես դպրոցներում ու տարբեր ստուգատեսներում։ Քննադատական մտածողությունը օգնում է հասկանալ ոչ միայն «ինչ է ցույց տրվում», այլև «ինչո՞ւ» ու «ինչ է դա նշանակում»։ Ընդհանուր առմամբ, հասարակության մոտ այն բավարար զարգացած չէ, ուստի երիտասարդների պատկերացումները դեռ հաճախ խոցելի են՝ հատկապես զգայուն հարցերում։
-Հայկական սերիալներում երբեմն հանդիպում են նաև բռնության թեմաներ։ Ձեր դիտարկմամբ՝ դրանք ինչպիսի՞ գենդերային շեշտադրումներով են ներկայացվում։
-Սերիալներում գենդերի հիմքով բռնությունն ու ագրեսիվ վարքը հաճախ դիտողի ուշադրությունը պահելու միջոց են ներկայացվում, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ նույն դիտողականությունն ու հետաքրքրությունը հնարավոր է ապահովել առանց այդ տեսարանների, ինչպես «ԱԻՆ 911» սերիալի ուսումնասիրության ժամանակ պարզ դարձավ։ Շեշտադրումները հաճախ արդարացվում են հասարակական ընկալմամբ՝ տղամարդու ագրեսիան ներկայացնելով որպես բնական երևույթ, սոցիալական դերի կամ առնականության մաս։
-Ձեր կարծիքով` որքանո՞վ են սերիալների ստեղծողները գիտակցում իրենց ազդեցությունը հասարակական պատկերացումների ձևավորման վրա։
-Սցենարիստները, գիտակցեն թե ոչ, պատասխանատվություն են կրում, որովհետև իրենց ստեղծած բովանդակությունն ունի սպառողականություն և ակնհայտ ու անխուսափելի ազդեցություն։ Նախկին հարցազրույցներում սցենարիստների մի մասն ամբողջությամբ, մի մասը մասամբ էր գիտակցում դա, իսկ ոմանք բացարձակ պատասխանատվություն չէին ընդունում՝ հենվելով դիտողի ընտրության վրա։ Բայց մոտեցումները տարբեր են, և վերջին 13 տարիներին համայնքի կողմից կատարվել է մեծ աշխատանք, որի արդյունքում ակնկալվում է, որ այսօր մոտեցումը փոփոխված է։
-Ինչպիսի՞ քայլեր կարող են օգնել, որպեսզի հայաստանյան հեռուստասերիալներում գենդերային պատկերումները դառնան ավելի հավասարակշռված և բազմակողմանի։ Եվ այս գործընթացում ինչպիսի՞ դեր կարող են ունենալ մեդիա հետազոտողները, կրթական հաստատությունները և լրագրողները։
-Կարծում եմ, որ ողջ համայնքը պետք է ներգրավված լինի՝ հետազոտողներից մինչև լրագրողներ, ուսանողներ, թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողներ։ Դաշտը պետք է միավորվի որոշ խնդիրների շուրջ և պարբերաբար անցկացնի իրազեկման ու կրթության միջոցառումներ՝ սկսած ֆորմալ դասընթացներից, հրավիրյալ բանախոսներից, ոչ ֆորմալ կրթությունից, թրեյնինգներից, միջազգային համագործակցությունից՝ ապահովելով զգայուն և հավասարակշռված լուսաբանումը, ներկայացումը և հետևանքների քննարկումը։
Անհրաժեշտ են կիրառական կարգավորումներ, որոնք չպետք է ունենան երկակի ստանդարտներ և պետք է ընդլայնվեն։ Օրինակ, օրենքում նախատեսված ժամային գրաֆիկը՝ ակնհայտ բռնության կամ բռնության կոչի դեպքում տուգանելու համար, պետք է ընդգրկի ամբողջ 24 ժամը, հստակեցվի, թե ինչ տեսարաններ են համարվում վտանգավոր, և կիրառվեն լրացուցիչ միջոցներ՝ կրկնակի տուգանքներից հետո եթերի սահմանափակում և այլ միջոցառումներ։ Օրինակ, «Արմենիա» հեռուստաընկերությունը տուգանվել է ակնհայտ բռնության տեսարանների համար, բայց այդ տեսարաններից զատ կան նաև այլ խնդրահարույց ուղերձներ, որոնք ևս արժանի են որոշակի արձագանքի։ Ազատության հարցը, հատկապես խոսքի և լրագրողական ազատությունը, չի կարող գերակա լինել մյուսների իրավունքների, արժանապատվության և հասարակության անվտանգության հաշվին։ Որևէ վնասակար ուղերձ չի կարող քողարկվել խոսքի ազատության անվան տակ։