04.30.2026
Կատեգորիա
Հասարակություն
հետք

Ժամանակակից աշխարհում, միևնույն է, լրագրողները հանդիպում են տարբեր խնդիրների և բախումների՝ սկսած ֆիզիկական բռնությունից մինչև գրավոր սպառնալիքներ։ Իհարկե, լրագրողներն ու լրատվամիջոցները կարևոր դեր են խաղում հանրային կյանքում։ Սակայն ամբողջ աշխարհում լրագրողները թիրախավորված են։
Այս ամենում մեծ դեր ունեն միջազգային կազմակերպությունները։ Միջազգային կազմակերպությունները մշակում և առաջարկում են տարբեր մեխանիզմներ, որպեսզի հնարավորինս պաշտպանեն լրագրողների իրավունքները։ Այդպիսի կազմակերպություններից են, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միավորված ազգերի կազմակերպությունը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Լրագրողներ առանց սահմաններին, Լրագրողների միջազգային ֆեդերացիան։
Թեմայի շուրջ զրուցել ենք «Հետք» խմբագրության լրագրող՝ Գրիշա Բալասանյանի հետ։ 

-Ինչպե՞ս է այսօր ձևակերպվում լրագրողների անվտանգության հարցը միջազգային հարթակներում։ 

-Ընդհանրապես, լրագրողների անվտանգության հետ կապված հարցերը վերջին ժամանակներում զգալիորեն սրվել են, հատկապես հակամարտությունների գոտիներում, օրինակ՝ Իսրայելում, Պաղեստինում, Լիբանանում, Իրանում և այլ տարածաշրջաններում։ Այդ անվտանգությունը, մեղմ ասած, բավարար չափով չի ապահովվում՝ պայմանավորված ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։
Օբյեկտիվ պատճառներից է այն, որ այդ պայմաններում լրագրողները աշխատում են առավելագույն ճնշման ներքո՝ փորձելով հավաքել և փոխանցել տեղեկատվություն, ինչի արդյունքում հաճախ բավարար ուշադրություն չեն դարձնում սեփական անվտանգության ապահովմանը։
Սուբյեկտիվ պատճառներից մեկն էլ այն է, որ որոշ դեպքերում իշխանությունները պատշաճ քայլեր չեն ձեռնարկում, քանի որ հասարակությանը տեղեկատվության տրամադրումը երբեմն չի բխում նրանց շահերից։ Հետևաբար, անվտանգության ապահովմանն ուղղված նորմերը հաճախ մնում են միայն ձևական մակարդակում՝ մնալով թղթի վրա։

-Ի՞նչ հիմնական մարտահրավերների են բախվում լրագրողները գլոբալ մակարդակում։

-Հիմնական մարտահրավերները վերաբերում են բռնություններին՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական։ Դրանց են նաև միանում տարբեր տեսակի ճնշումները, այդ թվում՝ լրագրողների ընտանիքի անդամների և հարազատների նկատմամբ ուղղված սպառնալիքները։ Սակայն հիմնական խնդիրը շարունակում է մնալ ֆիզիկական բռնությունը։
Բարեբախտաբար, Հայաստանում վերջին տարիներին ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել, և հույս կա, որ առաջիկա ընտրությունների ընթացքում ևս նման միջադեպեր չեն լինի։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ թե՛ տարբեր երկրներում, թե՛ Հայաստանում լրագրողները պարբերաբար թիրախավորվում են իշխանությունների կողմից՝ ենթարկվելով վիրավորանքների, պիտակավորման՝ որպես «դեղին մամուլի» ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակվող բացասական և վարկաբեկող մեկնաբանությունների։
Այսինքն՝ խնդիրն այն է, որ եթե լրագրողները ֆիզիկապես չեն ենթարկվում բռնության, ապա հոգեբանական և տեղեկատվական ճնշումները միևնույն է առկա են և ակնհայտ։ Նման երևույթներ արձանագրվում են նաև միջազգային մակարդակում․ օրինակ՝ նույնիսկ ԱՄՆ նախագահի կողմից երբեմն հնչում են լրագրողների հասցեին քննադատական և վիրավորական ձևակերպումներ, ինչը ցույց է տալիս, որ խնդիրը գլոբալ բնույթ ունի։
Սա վկայում է, որ շատ դեպքերում իշխանությունները չեն ցանկանում կամ չեն հանդուրժում լրագրողների ակտիվ ներկայությունը իրենց գործունեության շուրջ, մինչդեռ լրագրողները կարևոր դեր ունեն տեղեկատվության հավաքման և հանրությանը փոխանցման գործընթացում։ Այն իշխանությունները, որոնք բավարար չափով բաց և թափանցիկ չեն գործում կամ ունեն թաքցնելու ինչ-որ բան, հաճախ շահագրգռված չեն, որ լրագրողները մշտապես հետևեն իրենց գործունեությանը և այն դարձնեն հանրային քննարկման առարկա։

-Լրագրողների անվտանգության խնդիրը վերջին տարիներին ավելի սրվե՞լ է, թե՞ համեմատաբար բարելավվել է։

-Անկեղծ ասած, իրավիճակը չի բարելավվել․ Հայաստանի օրինակով կարելի է նշել, որ թեև վերջին շրջանում ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվում, այնուամենայնիվ հոգեբանական ճնշումները և լրագրողների թիրախավորումը աճել են։ Այսինքն՝ բռնության մի ձևը որոշ չափով փոխարինվել է մեկ այլ՝ ավելի ոչ տեսանելի, բայց շարունակական ձևով։
Եթե դիտարկենք գլոբալ մակարդակը, ապա նույն միտումը նկատվում է նաև միջազգային համատեքստում։ Կան երկրներ, որտեղ լրագրողները, հատկապես հետաքննող լրագրողները, դեռևս պարբերաբար ենթարկվում են ֆիզիկական բռնության, սակայն ժամանակի ընթացքում ճնշումների զգալի մասը տեղափոխվել է սոցիալական ցանցեր։
Այսօր լայն տարածում ունեն լրագրողների վերաբերյալ բացասական նյութերի, հրապարակումների և լուսանկարների նպատակային տարածումը, ինչպես նաև նրանց վարկաբեկող արշավները։ Նման երևույթներ նկատվում են նաև եվրոպական երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, որտեղ լրագրողները նույնպես կարող են թիրախավորվել իրենց հրապարակումների պատճառով։
Այս գործընթացը ոչ միայն ուղղված է առանձին լրագրողների դեմ, այլ նաև ընդհանուր առմամբ վնասում է լրագրողական դաշտի հեղինակությանը՝ այն ներկայացնելով որպես ոչ արժանահավատ կամ մասնագիտական առումով թույլ համակարգ։ Նման մոտեցումը նպատակ ունի ձևավորել հանրային անվստահություն լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ՝ դրանով իսկ թուլացնելով նրանց ազդեցությունն ու վերահսկողական դերը հասարակությունում։

-Ի՞նչ դեր ունեն միջազգային կազմակերպությունները լրագրողների պաշտպանության գործում։

-Հիմնականում նմանատիպ միջազգային կառույցներ գործում են, սակայն տարիներ առաջ, ըստ գնահատականի, դրանք ավելի ակտիվ էին։ Ներկայումս, օրինակ՝ Հայաստանի դեպքում, թեև արձանագրվում են լրագրողների թիրախավորման և տարբեր միջադեպերի դեպքեր, միջազգային կառույցների արձագանքը հաճախ սահմանափակ է կամ ուշացած։
Այս երևույթը որոշ դեպքերում մեկնաբանվում է որպես քաղաքական շահերի և նպատակահարմարությունների ազդեցություն։ Եթե որևէ երկրի քաղաքական իշխանությունների վարած քաղաքականությունը համընկնում է միջազգային որոշ կազմակերպությունների դիրքորոշումների կամ առաջնահերթությունների հետ, ապա որոշ իրավախախտումների, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտումների նկատմամբ արձագանքը կարող է թուլանալ կամ չլինել բավարար չափով տեսանելի։
Քանի որ լրագրողների իրավունքների խախտումները նույնպես հանդիսանում են մարդու իրավունքների խախտումների բաղկացուցիչ մաս, այս համատեքստում կարելի է արձանագրել, որ որոշ դեպքերում միջազգային կառույցների արձագանքը բավարար ակտիվ կամ հետևողական չի լինում։ Արդյունքում ստեղծվում է տպավորություն, որ որոշ իրավիճակներում այդ կառույցները ցուցաբերում են սահմանափակ ներգրավվածություն կամ անբավարար արձագանք։

-Որո՞նք են գործող միջազգային մեխանիզմները, որոնք ուղղված են լրագրողների անվտանգությունը ապահովելուն։

-Ընդհանուր առմամբ, միջազգային կառույցների հիմնական գործառույթը պետք է լինի ներպետական օրենսդրության կիրառման վերահսկումը և դրա իրականացմանն աջակցելը, հատկապես այն դեպքերում, երբ պետությունները անդամակցում են եվրոպական կամ միջազգային կառույցների՝ օրինակ՝ Եվրոպական միությանը կամ Եվրոպայի խորհրդին։ Այս համակարգերում, առնվազն օրենսդրական մակարդակում, լրագրողների պաշտպանության նվազագույն երաշխիքները սահմանված են։
Հետևաբար, միջազգային կառույցների դերը պետք է լինի այն, որ նրանք հետևողականորեն պահանջեն և ապահովեն այդ օրենքների գործնական կիրառումը, որպեսզի լրագրողները իրականում ունենան պաշտպանություն։ Սակայն, քանի որ լրագրողների պաշտպանության հարցը հաճախ նաև քաղաքական ենթատեքստ ունի և կապված է իշխանությունների դիրքորոշումների հետ, որոշ դեպքերում այլ հիմնարար իրավունքների նման, լրագրողների իրավունքները մնում են թերի պաշտպանված։ Արդյունքում դրանք առկա են հիմնականում օրենսդրական մակարդակում, սակայն գործնականում լիարժեք չեն իրականացվում՝ մնալով «թղթի վրա»։
Լրագրողների անվտանգության և իրավունքների պաշտպանությունը պետք է դիտարկել ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից, այլ նաև հասարակության տեղեկացվածության և ժողովրդավարական վերահսկողության համատեքստում։ Լրագրությունը նպաստում է հասարակության իրազեկվածությանը, իշխանությունների գործունեության նկատմամբ վերահսկողությանը և հանրային կարծիքի ձևավորմանը։
Սա է պատճառներից մեկը, որ որոշ իշխանությունների համար լրագրողների անկախ գործունեությունը հաճախ կարող է ընկալվել որպես ոչ ցանկալի երևույթ։ Լրագրողները, քննադատելով պետական քաղաքականությունը կամ բացահայտելով խնդիրներ, կարող են ազդել հասարակական կարծիքի և քաղաքացիների դիրքորոշումների վրա, ինչը միշտ չէ, որ ձեռնտու է իշխանություններին՝ անկախ նրանից, թե խոսքը Հայաստանի, եվրոպական երկրների, թե այլ պետությունների մասին է։
Օրինակ՝ նույնիսկ ԱՄՆ-ում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ունեցել է սուր և քննադատական վերաբերմունք լրագրողների նկատմամբ, հաճախ նրանց հասցեին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ։ Դա պայմանավորված էր նաև նրանով, որ լրագրողները քննադատում էին նրա քաղաքականությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքական որոշումները։
Այսպիսով, լրագրողների թիրախավորումը կամ ճնշումը միայն անձնական մակարդակի խնդիր չէ․ այն կարող է նաև ուղղված լինել տեղեկատվական հոսքերի վերահսկմանը և հասարակության տեղեկացվածության սահմանափակմանը։ Երբ լրագրողները սահմանափակվում կամ լռեցվում են, հասարակությունը զրկվում է բազմակողմանի տեղեկատվություն ստանալու և իրազեկ որոշումներ կայացնելու հնարավորությունից։

-Արդյոք այդ միջազգային մեխանիզմները գործնականում արդյունավետ են, թե՞ հիմնականում, դրանք հայտարարությունների մակարդակում են։

-Իրականում նման հարցերը հաճախ տեղ են գտնում զեկույցներում, սակայն հետագա զարգացումները և գործնական արդյունքները հաճախ մնում են անտեսված կամ չեն ուղեկցվում համապատասխան քայլերով։ Զեկույցը հրապարակվում է, սակայն դրա հիման վրա իրականացվող կոնկրետ գործողությունները հաճախ բավարար չափով տեսանելի չեն։
Նույն կերպ միջազգային դիտորդները կամ միջազգային կառույցների համապատասխան պաշտոնյաները, երբ այցելում են Հայաստան, հաճախ առանձին լրատվամիջոցների հետ գրեթե չեն հանդիպում։ Այսինքն՝ նրանց հետաքրքրության կենտրոնում սովորաբար չեն գտնվում առանձին մեդիա կազմակերպությունների կարծիքները, դիրքորոշումները կամ գնահատականները։
Հաճախ բավարարվում են հանրային տիրույթում հասանելի տեղեկատվությամբ և պաշտոնական աղբյուրներից ստացվող տվյալներով։ Արդյունքում մեդիա դաշտի բազմազան կարծիքների և փորձառությունների ներգրավվածությունը որոշ դեպքերում սահմանափակվում է։

-Նշեք մի քանի իրավական բացեր, որոնք առկա են միջազգային երկրներում։

-Այստեղ խնդիրը ավելի շատ ոչ թե իրավունքի բացի, այլ իրավունքի կիրառման հետ է կապված, որովհետև գրեթե բոլոր երկրները, որոնք տարբեր ձևաչափերով անդամակցում են եվրոպական կառույցներին, ունեն նվազագույն օրենսդրական շեմ։ Այլ հարց է, թե որքանով են այդ նորմերը կիրառվում կամ չեն կիրառվում։
Ցավոք, մեր դեպքում խնդիրը ոչ թե օրենքի բացն է, այլ հենց դրա կիրառումը, որովհետև օրենքները բավականին հստակ և ճկուն են՝ սահմանումներ տրամադրելով, սակայն դրանք գործնականում հաճախ չեն կիրառվում։ Հայաստանում մենք գրեթե ունենք զարգացած և համեմատաբար ամբողջական օրենսդրական դաշտ՝ չհաշված որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում են առաջանում, սակայն այդ «փայլուն» օրենսդրությունը լիարժեք չի գործում։
Տեղեկատվության տրամադրումը լրագրողի հիմնական իրավունքներից մեկն է, այն է՝ ստանալ պատշաճ, որակյալ և ժամանակին տեղեկատվություն։ Ամենամեծ խնդիրներից մեկը, որ առաջանում է իշխանությունների կողմից, տեղեկատվության չտրամադրումն է կամ անորակ տեղեկատվության տրամադրումը, ինչը հաճախ ստեղծում է լրացուցիչ դժվարություններ լրագրողների համար և խոչընդոտում է նրանց աշխատանքին։
Օրինակ՝ «Հետքի» պարագայում հաճախ արձանագրվում են դեպքեր, երբ տեղեկատվության տրամադրումը անհարկի ձգձգվում է մինչև 30 օր։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել 50 օր անց, սակայն այդ տեղեկատվությունը, ի վերջո, ներկայացվել է որպես գաղտնի և չի տրամադրվել։
Այսինքն՝ նմանատիպ դեպքերում լրագրողների գործունեությանը միջամտությունը պայմանավորված չէ օրենսդրական բացով, քանի որ կարգավորումները հստակ են, այլ նրանով, որ այդ օրենքները գործնականում չեն կիրառվում։
 

Միլենա Հովհաննիսյան