04.30.2026
Կատեգորիա
Հասարակություն
Սեդա

Լրագրողի աշխատանքը հաճախ դուրս է գալիս  միայն տեղեկատվություն փոխանցելու սահմաններից։ Երբեմն այն վերածվում է ռիսկային առաքելության։ Բախումների գոտիներում կամ լարված իրավիճակներում աշխատող լրագրողները կանգնում են լուրջ վտանգների առաջ։ Ի՞նչ ռիսկեր են դրանք, և ինչպե՞ս կարելի է պաշտպանել լրագրողներին։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք Հանրային լրագրողների ակումբի (ՀԼԱ) համահիմնադիր և նախագահ Սեդա Մուրադյանի հետ։

-Ինչպիսի՞ հիմնական մարտահրավերների են բախվում լրագրողները բարձր ռիսկային միջավայրերում։ 

-Բարձր ռիսկային գոտիներում աշխատող լրագրողները իրականում բախվում են բազմաշերտ վտանգների, որոնք ներառում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական ռիսկեր։ Առաջին հերթին դրանք անմիջական սպառնալիքներ են կյանքի և առողջության համար՝ կապված բախումների, հարձակումների և անկանխատեսելի իրավիճակների հետ։ Միևնույն ժամանակ լրագրողները կարող են ենթարկվել նաև առևանգման՝ իրենց մասնագիտական գործունեության պատճառով։ Այստեղ կարևոր դեր ունի նաև հոգեբանական ճնշման գործոնը, քանի որ շատ հաճախ լրագրողները ականատես են լինում մարդկային կորուստների և տառապանքի, ինչը կարող է հանգեցնել հետտրավմատիկ սթրեսային խանգարման։

-Ինչո՞ւ է կարևոր թիմային աշխատանքը վտանգավոր պայմաններում։ 

-Բարձր ռիսկային գոտիներում միայնակ աշխատելը զգալիորեն մեծացնում է վտանգների հավանականությունը։ Այս դեպքում թիմային աշխատանքը լրագրողներին հնարավորություն է տալիս ապահովել փոխադարձ վերահսկողություն, ինչը հատկապես կարևոր է անկանխատեսելի իրավիճակներում։ Լրագրողները կարող են աջակցել միմյանց ինչպես ֆիզիկական անվտանգության ապահովման, այնպես էլ որոշումների կայացման հարցերում։ Բացի այդ, նման իրավիճակներում թիմային աշխատանքը հնարավորություն է տալիս արագ արձագանքել, օգնություն կանչել կամ անհրաժեշտության դեպքում տարհանվել վտանգավոր գոտուց։ Այդ իսկ պատճառով թիմային աշխատանքը համարվում է անվտանգության կարևոր բաղադրիչ։

-Ի՞նչ դեր ունեն խմբագիրները լրագրողների անվտանգության գործում։

-Իրականում լրագրողների անվտանգության ապահովումը մեդիա կազմակերպությունների և հատկապես խմբագիրների պարտականությունն է։
Ամենասկզբից՝ լրագրողին գործուղման ուղարկելիս, պետք է հաշվի առնել բոլոր հնարավոր ռիսկերը և գնահատել, թե արդյոք տվյալ առաջադրանքը անվտանգ կլինի նրա համար։ Անհրաժեշտ է ապահովել համապատասխան ռեսուրսներ՝ ապահովագրություն, պաշտպանիչ միջոցներ և անհրաժեշտ տեխնիկական աջակցություն։ Բացի այդ, խմբագիրը մշտապես պետք է կապի մեջ լինի լրագրողի հետ։
Սակայն հարկ է նշել, որ լրագրողի անվտանգությունը բազմակողմանի գործընթաց է։ Այն ներառում է ինչպես անհատական պատրաստվածություն, այնպես էլ անվտանգության կանոնների խիստ պահպանում և կազմակերպչական վերահսկողություն։ Իհարկե, նույնիսկ լիարժեք պատրաստվածության դեպքում ռիսկերը ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ։

-Ինչպիսի՞ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ լրագրողների վրա նման աշխատանքը և ինչպե՞ս պետք է լրագրողները պահեն իրենց վտանգավոր իրավիճակներում։ 

-Նման պայմաններում աշխատելը կարող է ունենալ նաև հոգեբանական հետևանքներ։ Լրագրողները, ինչպես արդեն նշվեց, հաճախ ականատես են լինում ծանր և տրավմատիկ դեպքերի, ինչը կարող է առաջացնել ուժեղ սթրես և որոշ դեպքերում վերածվել քրոնիկ սթրեսային վիճակի կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարման։
Ինչ վերաբերում է վտանգավոր պայմաններում լրագրողի վարքագծին, ապա առաջին հերթին նա պետք է խուսափի անմիջական վտանգի գոտում գտնվելուց և պահպանի անվտանգ հեռավորություն։ Պետք է նաև պատրաստ լինի արագ տեղաշարժվելու կամ անհրաժեշտության դեպքում տարածքը լքելու։ Կարևոր է, որ լրագրողը պահպանի չեզոք դիրք և չներգրավվի կոնֆլիկտային իրավիճակներում։
 

Միլենա Հովհաննիսյան