Մեր ժամանակներում երեխաները մեծանում են մի աշխարհում, որտեղ իրականությունն ու վիրտուալը գրեթե անբաժան են դարձել։ Մեդիան դարձել է նրանց առօրյայի անքակտելի մասը՝ ազդելով մտածողության, վարքի և նույնիսկ ինքնագնահատականի վրա։ Սակայն արդյոք այս ազդեցությունը միայն բացասական է, թե՞ այն կարող է նաև նպաստել երեխայի զարգացմանը։ Փորձենք հասկանալ՝ որտեղ է անցնում սահմանը օգտակար և վնասակար ազդեցությունների միջև։
Մեր զրուցակիցը մեդիահոգեբան, ԵՊՀ դասախոս Սաթեն Գրիգորյանն է.
-Ինչպե՞ս է մեդիան ձևավորում երեխայի մտածողությունն ու վարքը վաղ տարիքից։
-Մեդիան վաղ տարիքից ազդում է երեխայի մտածողության և վարքի վրա՝ ձևավորելով նրա արժեքային համակարգը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում երեխաները հաճախ ապրում են նաև վիրտուալ աշխարհում, որտեղ կարող են ընկալել իրականությունից տարբեր վարքագծեր ու պատկերացումներ։ Սա կարող է հանգեցնել ինչպես ինքնավստահության աճի, այնպես էլ իրականության աղավաղված ընկալման։
-Կարո՞ղ է մեդիան դրական դեր ունենալ երեխայի զարգացման մեջ, թե՞ հիմնականում բացասական է։
-Մեդիան կարող է ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն։ Թեև որոշ դեպքերում այն կարող է զարգացնել հմտություններ և հետաքրքրություններ, այսօր գերակշռում են բացասական ազդեցությունները՝ կապված սթրեսի, նյարդային լարվածության և կախվածության առաջացման հետ։
-Ինչպիսի՞ հոգեբանական ազդեցություն ունեն համակարգչային և բջջային խաղերը երեխաների վրա։
-Խաղերը կարող են ժամանակավորապես կտրվել առօրյայից և ստեղծել լիցքաթափման զգացողություն, սակայն երեխաների դեպքում դրանք հաճախ առաջացնում են նյարդային լարվածություն, սթրես և հոգեբանական խնդիրներ։ Երեխան կարող է տեղափոխվել մտացածին աշխարհ և կորցնել իրականության զգացողությունը։
-Արդյոք ներկայիս խաղերը կարող են մեծացնել երեխայի ագրեսիվ վարքը։
-Այո, ներկայիս խաղերը կարող են նպաստել ագրեսիվ վարքի ձևավորմանը։ Դրանք հաճախ պարունակում են մրցակցային, երբեմն նաև բռնության տարրեր, որոնք ազդում են երեխայի վարքագծի վրա և կարող են մեծացնել ագրեսիվությունը։
-Որո՞նք են այն նշանները, որոնք ցույց են տալիս, որ երեխան արդեն կախվածություն ունի խաղերից։
-Կախվածության հիմնական նշաններն են՝ խաղի մեջ ամբողջությամբ կլանվելը, ժամանակի զգացողության կորուստը, շրջապատում կատարվող իրադարձությունները չնկատելը, տնից դուրս գալուց հրաժարվելը, հեռախոսին կամ պլանշետին մշտապես կապված լինելը։
-Կարո՞ղ են խաղերը զարգացնել երեխայի մտածողությունը, ուշադրությունը կամ հիշողությունը։
-Այո, որոշ խաղեր կարող են զարգացնել մտածողությունը, ուշադրությունը և հիշողությունը, սակայն ներկայումս դրանց դրական ազդեցությունը զգալիորեն զիջում է բացասականին։
-Ինչպե՞ս կարող է մեդիան ազդել երեխայի ինքնագնահատականի վրա։
-Մեդիան կարող է բարձրացնել երեխայի ինքնագնահատականը վիրտուալ միջավայրում, սակայն հաճախ այն դառնում է մակերեսային և կախված արտաքին արձագանքներից (օրինակ՝ լայքերից)։ Սա կարող է նվազեցնել իրական ինքնավստահությունը։
-Ինչպե՞ս պետք է ծնողները վերահսկեն երեխայի մեդիաօգտագործումը առանց ճնշման։
-Ծնողները պետք է սահմանեն ժամանակային սահմանափակումներ (օրինակ՝ օրական մինչև կես ժամ), զբաղեցնեն երեխային այլ հետաքրքիր գործունեություններով և ժամանակ անցկացնեն նրա հետ։ Կարևոր է ոչ թե պարզապես վերահսկել, այլ ներգրավված լինել երեխայի առօրյայում։
-Արդյոք արգելքները արդյունավետ են, թե՞ պետք է այլ մոտեցում կիրառել։
-Մերկ արգելքները արդյունավետ չեն։ Ավելի ճիշտ մոտեցումն է երեխային բացատրել՝ ինչու չի կարելի կամ ինչու է վնասակար տվյալ բովանդակությունը։ Երբ երեխան հասկանում է պատճառը, նա ինքն է սկսում զտել իր սպառած կոնտենտը։
-Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին, որոնց երեխաները շատ են խաղում։
-Խորհուրդ է տրվում երեխայի համար ստեղծել այլ հետաքրքրությունների շրջանակ՝ սպորտ, զարգացնող խաղեր, համատեղ ակտիվություններ։ Կարևոր է նաև, որ ծնողները սեփական օրինակով ցույց տան հավասարակշռված մեդիաօգտագործում։
-Ինչպե՞ս է մեդիան ազդում երեխայի սոցիալական հմտությունների վրա։
-Մեդիան կարող է նվազեցնել իրական շփումը, քանի որ երեխան ավելի շատ ժամանակ է անցկացնում վիրտուալ միջավայրում։ Սա կարող է խանգարել սոցիալական հմտությունների բնական զարգացմանը։
-Կարո՞ղ է մեդիան նպաստել երեխայի մեկուսացմանը։
-Այո, մեդիան կարող է նպաստել մեկուսացմանը, քանի որ երեխան աստիճանաբար հեռանում է իրական շփումներից և նախընտրում վիրտուալ աշխարհը, ինչը կարող է բերել սոցիալական հեռացման։