05.02.2026
Կատեգորիա
Դիմանկար
համրի լեզու

«Ես ծնվեցի ծնողներից, որոնց բնությունը զրկել էր խոսելու և, որ ավելի վատ է, լսելու ունակությունից։ Ծնվեցի, որ դառնամ նրանց աշխարհին կապող միակ բանաձևը»։ 

26-ամյա Արենը, ով արդեն 9 տարի է, ինչ անվճար դասավանդում է ժեստերի լեզու, դեռևս մանկուց լիարժեք տիրապետում էր լեզվին։ Ծնվելով լսողական խնդիրներ ունեցող ծնողներից, երբ երկրում ցուրտ էր ու մութ, իրենց տունը ջերմ էր ու մարդաշատ, — հիշում է Արենը։ Այդ ջերմությունը միայն մարդկանց ներկայությամբ չէր պայմանավորված, այլ նաև այն կապով, որը ստեղծվում էր առանց բառերի։

«Տատս պատմում էր, որ մի օր, երբ ես արդեն մի քանի ամսական էի, հայրս բոլորովին անսպասելի սկսել է ծափ տալ։ Նույն սենյակի մի անկյունում ես եմ եղել՝ հորաքրոջս հետ խաղալիս, մյուսում՝ հայրս՝ մեզ լուռ հետևելիս։ Տատս ասում էր, որ սկզբում գլխի չեն ընկել՝ ինչ է կատարվում։ Եվ միայն հաջորդ օրը, երբ հայրս զգուշորեն հարցրել է՝ լսում եմ, թե՞ ոչ, մերոնք հասկացել են, որ ծափ տալով ստուգել է իմ արձագանքը, իմ լսել-չլսելը, իմ լսողական կապը արտաքին աշխարհի հետ։ Ու ամիսներ ձգված նրա անհանգստությունը կորել է տատիս դրական պատասխանի հետ»։

Այս պատմությունը նրա ընտանիքում դարձել է հիշողություն, որը միաժամանակ և՛ ջերմ է, և՛ անհանգիստ, որովհետև այն բացահայտում է ծնողի լուռ վախն ու հույսը։

Դպրոցում, այբուբենի տառերը սովորելիս, հոր հետ սովորում էր նաև հայերեն մատնախոսության այբուբենը։ Երկու տարբեր լեզուներ, բայց նույն իմաստը՝ նույն տառերը, նույն սկիզբը։

«Ա մեծատառ, ա փոքրատառ, Բ մեծատառ, բ փոքրատառ. սովորում էի ես, իսկ հայրս ցույց էր տալիս այն մատնատառերը, որ իրենցն էին ու որոնք նույն ա-ն էին ու նույն բ-ն իրենց համար»։

Այդ պահերին ստեղծվում էր յուրահատուկ երկխոսություն՝ ձայնով և լռությամբ, որը միայն իրենք էին ամբողջությամբ հասկանում։

«Այբ» հնչում էր ականջներումս, իսկ նրա ականջներում երբեք չի հնչել։

Ընդունվելով Մանկավարժական համալսարանի Պատմության ֆակուլտետ՝ երբևէ չի մտածել այդ մասնագիտությամբ աշխատելու մասին։ Ժամանակի ընթացքում ավելի հստակ է դարձել, որ իր ճանապարհը կապված է լինելու ոչ թե պատմության, այլ մարդկանց հետ, ովքեր ապրում են լռության մեջ։ Մագիստրատուրան շարունակել է սուրդոմանկավարժության բաժնում՝ ընտրելով մի ոլորտ, որն իր համար ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև անձնական պատմության շարունակություն։

Հոր դպրոցական տարիների մասին պատմություններից սարսափում է։ Այդ պատմությունները նրա մեջ ձևավորել են անհանգստություն և պատասխանատվության զգացում։

«Ինձ թվացել է, որ այդ երեխաներին երբևէ ոչ ոք չի հասկանալու։ Միշտ մտածել եմ՝ տեսնես ինչ կրթություն են ստանում իրենք, տեսնես ոնց է անցնում իրենց օրը։ Ու դա ամբողջ կյանքում ինձ հետապնդել է»։

Այս հարցերը տարիների ընթացքում չեն մարել, հակառակը՝ դարձել են շարժիչ ուժ, որը նրան տարել է դեպի իր ընտրած ուղին։

9 տարի շարունակ համառորեն փորձում է դասավանդել և տարածել ժեստերի լեզուն երիտասարդության շրջանում։ Այս ամենն Արենն իր առաքելությունն է համարում, ուզում է ինչ-որ կերպ օգտակար լինել, ցույց տալ, որ նրանք նույնպես հասարակության լիարժեք անդամ են։ Նրա համար կարևոր է ոչ միայն լեզվի փոխանցումը, այլ նաև վերաբերմունքի փոփոխությունը։

Միտք ունի բացել նաև մասնավոր դպրոց, ասում է՝ գուցե ծերությունը վայելի՝ դպրոց բացելով։ Այս միտքը նրա համար պարզապես երազանք չէ, այլ երկարաժամկետ նպատակ, որը ձևավորվել է տարիների աշխատանքի ու փորձի արդյունքում։
Արենի համար ամենակարևորը հոր էմոցիաներն են։ Նրա յուրաքանչյուր քայլում, յուրաքանչյուր հաջողության մեջ նա փորձում է տեսնել այդ արձագանքը։

«Հայրս նման սցենար չէր էլ կարող ենթադրել»,- պատմում է նա։

Հիշում է՝ ինչպես էր սովորեցնում սիրել այդ լեզուն։ Ժեստերն իր համար սիրո և հանդուրժողականության լեզու են։ Եվ հենց այդ լեզվով է նա փորձում խոսել աշխարհի հետ՝ փոխանցելով այն, ինչ երբեմն բառերով ասել հնարավոր չէ։

համրի լեզու


 

Հասմիկ Գևորգյան