05.03.2026
Կատեգորիա
Կրթություն
դպրոց

Հայաստանի հանրակրթական դպրոցներում աստիճանաբար ներդրվող գնահատման նոր համակարգը շարունակում է հակասական արձագանքներ առաջացնել կրթական համայնքում։ Մինչ մի մասը խոսում է աշակերտակենտրոն, ազատ մոտեցման մասին, մյուսները մատնանշում են գործնական խնդիրներ, ծանրաբեռնվածություն և մոտիվացիայի կորստի վտանգներ։

Նոր մոդելը ներդրվում է եռամյա ժամանակացույցով։ 2023–2024 ուսումնական տարում այն գործել է Տավուշի մարզի բոլոր դպրոցներում և հանրապետության մյուս դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում։ Ընթացիկ տարում նոր չափանիշներով գնահատվում են 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանները, իսկ 2025–2026 ուսումնական տարում համակարգը ամբողջությամբ կկիրառվի 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում։

Նոր գնահատման մոդելը ներառում է երեք բաղադրիչ՝ հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գնահատում։ Առաջինից չորորդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում կիրառվում է բնութագրող գնահատում։ 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած` անցում է կատարվում 10-միավորային սանդղակի, որտեղ «անբավարար» գնահատական նախատեսված չէ։ Պաշտոնապես համակարգի նպատակն է գնահատել ոչ միայն գիտելիքները, այլև հմտությունները, դիրքորոշումները և արժեքները՝ փորձելով ձևավորել սովորողի առաջընթացի առավել ամբողջական պատկեր։

Գնահատման այս փոփոխությունը էական ազդեցություն է ունենում նաև դպրոցից դուրս՝ ընտանիքի ներսում ձևավորվող հարաբերությունների վրա։ Տարիներ շարունակ գնահատականը դիտարկվել է որպես առաջադիմության հիմնական և հաճախ միակ ցուցիչ։ Արդյունքում թե՛ երեխաները, թե՛ ծնողները կենտրոնացել են թվի վրա՝ մոռանալով գիտելիքի բովանդակային կողմը։ Նոր համակարգի դեպքում շեշտը տեղափոխվում է ուսումնական գործընթացի վրա, ինչը կարող է փոխել ծնող–սովորող հարաբերությունների բնույթը։

հոգեբան
Տաթևիկ Մամյան-հոգեբան


Հոգեբան Տաթևիկ Մամյանը բացատրում է հարաբերությունների հնարավոր փոփոխությունները․
«Երբ գնահատականը դադարում է լինել միակ չափիչը, ծնողները սկսում են ավելի շատ հետաքրքրվել ոչ թե արդյունքով, այլ կրթական ընթացքով։ Երեխան այլևս չի սովորում միայն բարձր միավոր ստանալու համար, իսկ ծնողը ժամանակ է հատկացնում նրա իրական գիտելիքներն ու մտածողությունը հասկանալուն։ Արդյունքում նվազում են մեղադրանքները, համեմատությունները և քննադատությունները, փոխարենը ձևավորվում է վստահելի և համագործակցային միջավայր»,- նշում է հոգեբանը։

Նոր համակարգի ամենաքննարկվող տարրերից մեկը «անբավարար» գնահատականի բացակայությունն է։ Հոգեբանների կարծիքով՝ «անբավարարի» բացակայությունը կարող է դրդել աշակերտներին կենտրոնանալ ուսումնական նյութի ընկալման վրա՝ այլ ոչ թե բարձր գնահատական ստանալու։ Սա նպաստում է ներքին մոտիվացիայի և առաջադրանքների նկատմամբ պատասխանատվության աճին։

Ատոմ
Ատոմ Մխիթարյան-կրթության փորձագետ


Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքով այս փոփոխությունը կարող է էական նվազեցնել դպրոցական սթրեսն ու ձախողման վախը, որը հատկապես ուժեղ է դեռահասների շրջանում։

«Շատ երեխաներ տարիներ շարունակ դաս են սովորել ոչ թե կրթության արժեքը գիտակցելով, այլ պարզապես անբավարար չստանալու համար։ Այդ վախը հաճախ հանգեցրել է գնահատականակենտրոն մտածողության, արտագրության և ներքին մոտիվացիայի նվազման»,-նշեց Ատոմ Մխիթարյանը։

Միևնույն ժամանակ փորձագետները զգուշացնում են, որ գնահատման «մեղմացումը» ինքնին չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի ուղեկցվում հստակ չափորոշիչներով, ձևավորող գնահատմամբ և շարունակական հետադարձ կապով։ Եթե աշակերտը մշտապես ստանում է «բավարար»՝ անկախ առաջադիմությունից, կարող է թուլանալ ջանքի և պատասխանատվության զգացումը, իսկ իրական ակնկալիքները՝ խեղաթյուրվել։

ՄԱնե
Մանե Աղաբեկյան - Հայոց լեզվի ուսուցչուհի

Գործնական կիրառման փուլում համակարգը առաջացնում է դժգոհություն նաև ուսուցիչների շրջանում։ Հայոց լեզվի ուսուցչուհի Մանե Աղաբեկյանը նշում է՝ միշտ չէ, որ հնարավոր է պահպանել գնահատման արդարությունն ու օբյեկտիվությունը։ Նրա խոսքով՝ հաճախ ստիպված է լինում նշանակել գնահատական, որը լիովին չի արտացոլում աշակերտի իրական գիտելիքները։

Թեև արդեն հարմարվել է նոր պահանջներին, ուսուցչուհին ընդգծում է, որ ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է։ Համակարգը դեռ ամբողջությամբ արդյունավետ չէ, քանի որ կիրառվում է այն սովորողների վրա, որոնք տարիներ շարունակ կրթվել են այլ տրամաբանությամբ։

«Նոր գնահատման համակարգը դեռևս արդյունավետ չէ։ Չկա մոտիվացիա, չկա ազդեցություն, չկա արդյունք։ Սովորող աշակերտը ամեն պարագայում էլ սովորում է։ Մեր՝ ուսուցիչներիս համար խնդիր են սովորելու չհակված աշակերտները, որոնք դասարանի մեծ մասն են կազմում։ Գնահատականը կարող է լինել խթանող ուժ նման երեխաներին դասապրոցեսում ներգրավելու համար, սակայն այս համակարգը դա թույլ չի տալիս»,- ասաց Աղաբեկյանը։
Միևնույն ժամանակ կան ուսուցիչներ, ովքեր նոր մոդելում տեսնում են դրական փոփոխություններ։  

Աննա
Աննա Խաչատրյան - երաժշտության ուսուցչուհի


«Երաժշտության մեջ կարևոր է ոչ միայն վերջնական արդյունքը, այլև ընթացքը՝ փորձելը, սխալվելը, լսելը։ Նոր համակարգը թույլ է տալիս գնահատել երեխայի առաջընթացը, ոչ թե միայն կատարումը»,- նշեց երաժշտության ուսուցչուհի Աննա Խաչատրյանը։

Նա ավելացնում է, որ ձևավորող գնահատումը աշակերտներին դարձնում է ավելի ազատ և ստեղծագործական գործընթացում՝ ավելի համարձակ։

աշակերտ
Աշակերտուհի - Անի Մովսիսյան

Աշակերտների վերաբերմունքը ևս միանշանակ չէ։ 11-րդ դասարանի աշակերտուհի Անին, ով երկար տարիներ սովորել է նախկին 1–10 միավորային համակարգով, նոր փոփոխությունը համարում է ավելի ազատ։ Նրա խոսքով՝ նախկինում մեկ թիվը հաճախ կարող էր սահմանել աշակերտի «արժեքը»՝ անկախ ներդրված ջանքերից կամ առաջընթացից։

«Նոր համակարգում իմ գիտելիքները ամբողջությամբ կախված չեն թվային նշանից։ Կարևորվում է ոչ միայն վերջնական արդյունքը, այլև այն ճանապարհը, որը անցնում եմ՝ մտածելու, սխալվելու և սովորելու ընթացքում»,– պատմում է նա։ 
Աշակերտուհին ընդգծում է, որ այս մոտեցումը նվազեցնում է սխալվելու վախը և խթանում իրական ուսումը, այլ ոչ թե պարզապես բալ հավաքելը։

Մյուս՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Սոնան նշում է, որ ավարտական փուլում նոր համակարգը իր մոտիվացիան նվազեցրել է։ Հստակ նպատակի և գնահատականի կապի կորուստը նրա համար դարձել է ապակողմնորոշող գործոն․
«Առաջ գիտեի՝ լավ սովորելու դեպքում կունենամ հստակ արդյունք։ Հիմա հաճախ չեմ հասկանում՝ ինչի համար եմ ջանք թափում, և դա ինձ մոտիվացնող չէ»,– նշում է նա։

Հայաստանի փորձը հաճախ համեմատվում է միջազգային կրթական համակարգերի հետ, որտեղ աշակերտակենտրոն գնահատումը կիրառվում է տարիներ շարունակ։ Ֆինլանդիայում սկզբնական դասարաններում թվային գնահատականներ չեն կիրառվում։ Կանադայում և Ավստրալիայում լայնորեն օգտագործվում են նախագծային և թիմային աշխատանքներ։ Նիդերլանդներում աշակերտները ներգրավվում են ինքնագնահատման գործընթացում։

Այս համատեքստում Հայաստանի 10-միավորային նոր սանդղակը կարելի է դիտարկել որպես քայլ ժամանակակից մոտեցումների ուղղությամբ, սակայն այն դեռ ամբողջական չէ։ 

«Այն միայն մասնակիորեն է համապատասխանում ժամանակակից մեթոդաբանություններին։ Առանց հստակ չափորոշիչների, ձևավորող գնահատման, ուսուցիչների վերապատրաստման և առաջընթացի անհատական քարտեզների համակարգը չի կարող լիարժեք արդյունավետ լինել»,- ասում է Ատոմ Մխիթարյանը։

Կրթության փորձագետի գնահատմամբ՝ նոր չափանիշները կարող են դրական ազդեցություն ունենալ կրթական արդյունքների որակի վրա, եթե շեշտը դրվի առաջադիմության, հմտությունների և շարունակական զարգացման վրա։ Սակայն առանց անհատական հետադարձ կապի և ուսուցչի աջակցության մեխանիզմների կա վտանգ, որ բարձր գնահատականները չեն արտացոլի իրական կարողությունները։

Այդ պատճառով կրթական բարեփոխման հաջողությունը կախված է ոչ միայն գաղափարական հիմքից, այլև դրա խորքային և համապարփակ կիրառությունից։ Այսօր նոր գնահատման մոդելը միաժամանակ ազատագրող հնարավորություն է և մարտահրավեր։ Ոմանց համար այն նվազեցնում է սթրեսը և վերադարձնում սովորելու իմաստը, մյուսների համար՝ ստեղծում անորոշություն և մոտիվացիայի կորուստ։
Հակասական արձագանքները ցույց են տալիս, որ կրթական փոփոխությունները պահանջում են ոչ միայն նոր չափանիշներ, այլև համակարգային մտածողություն, ժամանակ և պատրաստվածություն՝ թե՛ դպրոցների, թե՛ կրթական գործընթացի բոլոր մասնակիցների կողմից։
 

Մարութ Հարությունյան