05.03.2026
Կատեգորիա
Հասարակություն
օրագիր

Երբևէ պատկերացրե՞լ եք, որ մի օր Սոկրատեսը հազարամյակների խորքից կարող է «քայլել» մեր ժամանակների փողոցներով։ Ինչպիսի՞ն կլիներ նրա առաջին հանդիպումը XXI դարի իրականության հետ։ Արդյո՞ք նա կհասկանար մեր շտապողականությունն ու անտարբերությունը, կկարողանա՞ր գտնել ճշմարտությունը, թե՞ կկորչեր տեղեկատվական քաոսի մեջ։ Ահա այս հարցերն են ԵՊՀ շրջանավարտի «Եթե Սոկրատն ապրեր հիմա» գրքի առանցքում։ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Հանրային կառավարում» կրթական ծրագրի շրջանավարտ Նարեկ Ղազարյանը իր նոր՝ «Եթե Սոկրատն ապրեր հիմա» վերնագրով ֆենթեզի հոգեբանական թրիլերի միջոցով փորձել է պատասխանել վերոհիշյալ հարցերին։ 

«Չնայած մասնագիտությունս գրքի բովանդակության հետ առանձնապես կապ չունի, այնուամենայնիվ կարծում եմ՝ ստացածս գիտելիքները ինչ-որ կերպ ազդել են իմ մտածողության վրա»,- ասում է հեղինակը։
Նա ընդգծում է, որ գաղափարը ծնվել է գրեթե պատահական՝ մի ակնթարթային պատկերացումից. «Ի՞նչ կլիներ, եթե հին փիլիսոփաներից մեկը հայտնվեր մեր օրերում»։

Գրքում ստեղծված աշխարհի գլխավոր հակասություներից մեկը մարդկանց անտարբերությունն է։ Հեղինակը փորձել է ցույց տալ, թե ինչպես ենք բոլորս, փակված մեր պատկերացրած «ճիշտ» իրականության մեջ, փորձում աշխարհը ձևավորել սեփական չափանիշներով։ Բայց ինչ-որ մեկի համար դա կարող է բարիք լինել, մեկ ուրիշի համար՝ կործանում։ Այս միջավայր է «նետվում» Սոկրատեսը՝ փորձելով պահպանել իր ժամանակների «փիլիսոփայական կրակը» մի աշխարհում, որտեղ խաբեությունն ու արտաքին փայլը հաճախ հաղթում են ճշմարտությանը։ 

Հեղինակը հերոսների միջոցով ընթերցողին է փոխանցում կարևոր միտք. «Մի՛ դատիր»։ Սկզբում գրքի բոլոր կերպարները կարող են թվալ բացասական, սակայն էջ առ էջ բացահայտվում է նրանց իրական պատմությունը, և ընթերցողը հասկանում է՝ առաջին տպավորությունը հազվադեպ է ճշմարիտ։

Գրքի ամենահուզիչ հատվածները նրանք են, որտեղ յուրաքանչյուր հերոս ինչ–որ բան է կորցնում։ Նույնիսկ Սոկրատը՝ «բանականության էտալոնը», չի կարողանում հանձնել «փիլիսոփայության քննությունը»՝ բացահայտելով հեղինակի կարևոր ուղերձը. «Ժամանակակից աշխարհի՝ հակասություններով և հարաբերությունների խճճվածությամբ լի այս իրականությունում նույնիսկ ամենախելացին կարող է շփոթվել՝ կորցնելով ճիշտը սխալի մեջ, իսկ անփոփոխ ճշմարտությունը՝ անիմաստ աղմուկի մեջ»։

Հերոսի ընտրությունը, ըստ հեղինակի, եղել է «սրտով», և եթե չլիներ Սոկրատը, ապա նրա տեղը կզբաղեցներ Արթուր Շոպենհաուերը։ 

«Սա էլ է փաստում այն մասին, որ փիլիսոփայությունների սիրահար եմ»,- նշում է նա։

Նարեկը կերտել է հակասական կերպարներ՝ ցույց տալու, որ ամենավատ բաները հաճախ սկսվում են ամենաքաղցրից։ Օրինակ՝ Դավիթը՝ գրքի դրական կերպարներից մեկը, հետագայում բացահայտվում է որպես չարի մարմնացում։
Գրքում նկարագրվում են նաև պատերազմական տեսարաններ, ընկերության, դավաճանության ու զոհաբերման դրվագներ։ Կոպիտ ճշմարտություններով ու կյանքի փիլիսոփայական ընկալումներով պատված այս պատմության յուրաքանչյուր դրվագ ունի իր նպատակն ու հարցադրումը։

Նարեկի ամենամեծ ցանկությունն այն է, որ գիրքն ընթերցողի համար լինի ոչ միայն տպավորիչ, այլև օգտակար՝ կյանքի որևէ փուլում։
 

Մարութ Հարությունյան