«Երկար ժամանակ վախենում էի դիմել հոգեբանի՝ մտածելով, թե շրջապատը դա կարող է ընկալել որպես թուլության նշան, թեև նկատում էի, որ ինձ մոտ խնդիր կա»,- պատմում է Նարինեն (անունը փոխված է)՝ հիշելով հոգեբանին դիմելու իր առաջին փորձը։ Բայց ի վերջո նրան հաջողվում է հաղթահարել վախերը և դիմել մասնագետի։
«Պարբերաբար խորհրդատվություն ստանալուց հետո զգում եմ, որ սկսում եմ ավելի վստահ դառնալ և հանգիստ զգալ»,- ասում է Նարինեն։
«Շատերն են կարծում, որ հոգեբանի մոտ դիմելը անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ խնդիրներն արդեն լուրջ են»,- նշում է հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանը՝ հավելելով, որ նման մոտեցումը հատկապես երիտասարդների շրջանում տարածված է։ Նրա խոսքով՝ հասարակական կարծրատիպերը մեծ ազդեցություն ունեն մարդկանց պատրաստակամության վրա, և հոգեբանի այցելելու անհրաժեշտություն տեսնում են միայն ծանր խնդիրների դեպքում․ «Հոգեբանի հետ աշխատանքը ոչ միայն բարդ դեպքերի հաղթահարում է, այլև օգնում է կանխարգելել սթրեսը, տագնապը, դեպրեսիան և աջակցում է անձնական աճին»,- պարզաբանում է նա։
«Ես նախկինում համոզված էի՝ խնդիրները պետք է ինքնուրույն լուծել, և օգնություն խնդրելը սխալ է»,- պատմում է Կարենը (անունը փոխված է)՝ հիշելով, թե ինչպես էր մտածում տարիներ առաջ։ «Ժամանակի ընթացքում հասկանում եմ, որ մասնագետի աջակցությունը կարող է օգնել ավելի արագ և արդյունավետ հաղթահարել դժվարությունները»,- ասում է նա հիմա։
Հոգեթերապևտ Արման Բեգոյանը նշում է, որ մտածելակերպի փոփոխությանը նպաստում են բաց խոսակցություններն ու իրազեկումը․ «Իրազեկումը կարող է նվազեցնել նման վախերը և օգնել մարդկանց դիմել մասնագետի՝ առանց ամոթի զգացողության։ Հոգեբանի դիմելը պետք է ընկալվի ոչ թե թուլության, այլ սեփական հոգեբանական բարեկեցության նկատմամբ պատասխանատվություն ընդունելու քայլ»,- նշում է մասնագետը։
Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ չեն գիտակցում, որ հոգեբանի հետ խոսելը ոչ միայն օգնում է հաղթահարել դժվարությունները, այլ նաև նպաստում է ինքնավստահության և ինքնագիտակցության զարգացմանը։ Բացի այդ, նա ընդգծում է, որ խորհրդատվությունը կարող է լինել նաև կարճաժամկետ և արդյունավետ քայլ, նույնիսկ եթե մարդը չի պլանավորում երկարատև գործընթաց։
«Սովորաբար մարդիկ կարծում են, որ սա երկար և ծախսատար գործընթաց է, բայց իրականում նույնիսկ մի քանի հանդիպումները կարող են զգալի արդյունք տալ»,- նշում է նա։
Չնայած սրան՝ մասնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում դեռևս շարունակվում է հասարակական կարծրատիպերի հաղթահարման գործընթացը։
Ընդհանուր առմամբ, մասնագետների գնահատմամբ, հասարակության վերաբերմունքի փոփոխությունը ժամանակատար գործընթաց է, սակայն արդեն նկատվում է որոշակի առաջընթաց։ Հոգեբանական թեմաների ավելի բաց քննարկումն ու նման փորձառությունների տարածումը կարող են նպաստել, որ աստիճանաբար կոտրվեն կարծրատիպերը։ Եվ այս համատեքստում մասնագետները կարևոր են համարում, որ աջակցություն ստանալու գաղափարը դառնա բնական և ընդունելի՝ հատկապես երիտասարդների շրջանում։