05.03.2026
Կատեգորիա
Հասարակություն
սերիալ

Հեռուստասերիալները կարող են ազդել մարդկանց սոցիալական պատկերացումների վրա։ Դրանցում ներկայացվող կերպարներն ու հարաբերությունները հաճախ դիտվում են որպես օրինակելի վարք, ինչը կարող է ձևավորել վերաբերմունք տարբեր սոցիալական իրավիճակների նկատմամբ։ Այս համատեքստում մեդիայի ազդեցությունը կարող է դառնալ կարևոր գործոն՝ որոշ վարքային պատկերացումների ձևավորման և ամրապնդման գործընթացում։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք հոգեբան Արմինե Ալոյանի հետ։

հոգեբան

-Արդյոք սերիալներում ներկայացվող վարքը կարող է ընկալվել որպես սոցիալական նորմ։

-Մարդը սոցիալական էակ է, և սերիալներում ներկայացվող վարքագծային մոդելները կարող են ընկալվել որպես սոցիալական նորմեր, հատկապես այն դեպքերում, երբ կերպարը ներկայացվում է որպես գրավիչ ու հաջողակ, նրա վարքը չի ունենում տեսանելի բացասական հետևանքներ և ներկայացվում է որպես հարաբերությունների բնական բաղադրիչ։ Այսպիսի պայմաններում կարևոր է քննադատական մտածողության պահպանումը, սակայն սերիալ դիտելիս այն հաճախ թուլանում է․ դիտումը հիմնականում ընկալվում է որպես լիցքաթափման միջոց, ինչի արդյունքում նվազում է ներկայացվող վարքի վերլուծական ընկալումը։ Արդյունքում, եթե դիտողի մոտ ձևավորվում է դրական վերաբերմունք կերպարի կամ դերակատարի նկատմամբ, ապա նույնիսկ խնդրահարույց վարքագիծը կարող է աստիճանաբար ընկալվել որպես ընդունելի և սովորական։

-Երբ ագրեսիվ կամ վերահսկող վարքը ներկայացվում է որպես «պաշտպանություն» կամ «սեր», դա կարո՞ղ է ազդել հանդիսատեսի ընկալումների վրա։

-Այո, երբ ագրեսիվ, վերահսկող վարքագիծը ներկայացվում է որպես սեր կամ «պաշտպանություն», դա կարող է ընկալվել որպես ընդունելի հարաբերական ձև։ Հատկապես երիտասարդները, որոնք ավելի էմոցիոնալ և խոցելի են, հաճախ ավելի հակված են նման վարքը դիտարկել որպես սիրո և հարաբերությունների բնական մոդել։ Եթե ընտանիքում ևս առկա են նույնատիպ վարքագծային դրսևորումներ, ինչ տեսնում ենք սերիալներում, ապա դիտողը հակված է դրանք ընկալել որպես իրական և ընդունելի փորձառություն․ այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում իր հետ, հաստատվում է նաև էկրանին։ Մինչդեռ, եթե ընտանիքում առկա արժեքներն ու վարքը էապես տարբերվում են հեռուստասերիալներում ներկայացվող պատկերից, ապա դիտողը, պահպանելով քննադատական մտածողությունը, կարողանում է տարբերակել իրականն ու ներկայացվածը։ Օրինակ՝ եթե ընտանիքում սերն ու հոգատարությունը չեն արտահայտվում ագրեսիայի միջոցով, ապա սերիալում ցուցադրվող նման վարքը ավելի հեշտ է ընկալվում որպես անիրատեսական կամ անընդունելի։

-Կարո՞ղ է արդյոք հերոսի արդարացումը թուլացնել հանդիսատեսի քննադատական մտածողությունը։

-Այո՛, երբ որևէ հերոսի նկատմամբ ձևավորվում է համակրանք, քննադատական մտածողությունը հաճախ թուլանում է։ Դիտողը սկսում է ավելի շատ ապրումակցել կերպարին, ավելի քիչ է հակված քննադատելու նրա վարքը և փորձում է այն իր ներսում արդարացնել կամ հասկանալի դարձնել։ Հերոսի հետ ձևավորված այս էմոցիոնալ կապը կարող է ազդել նաև մեր տրամաբանական և բարոյական գնահատումների վրա՝ խաթարելով դրանց օբյեկտիվությունը։ Այդ պատճառով անհրաժեշտ է գիտակցված ջանք՝ տարանջատելու անձնական, սուբյեկտիվ վերաբերմունքը վարքի իրական գնահատումից և պահպանելու հնարավորինս օբյեկտիվ մոտեցում։

-Արդյոք սերիալներում ներկայացվող գենդերային վարքային մոդելները կարող են ազդել երիտասարդների ինքնության և սոցիալական դերերի ձևավորման վրա։

-Միանշանակ, գենդերային վարքագծային մոդելները զգալի ազդեցություն ունեն երիտասարդների ինքնության և սոցիալական դերերի ձևավորման վրա։ Սերիալները հաճախ դառնում են յուրատեսակ «սոցիալական ուսուցիչներ»՝ փոխանցելով պատրաստի պատկերացումներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն տղամարդն ու կինը հարաբերություններում։ Եթե, օրինակ, տղամարդը ներկայացվում է որպես վերահսկող և գերիշխող, իսկ կինը՝ ենթարկվող կամ զոհի դիրքում, ապա նման մոդելները, հատկապես քննադատական մտածողության պակասի պայմաններում, կարող են ընկալվել որպես բնական և սպասվող վարքագիծ։ Այս ազդեցությունն առավել ընդգծված է այն հասարակություններում, որտեղ արդեն իսկ առկա են ավանդական, տղամարդակենտրոն պատկերացումներ։ Այդ դեպքում հեռուստատեսությունը ոչ միայն արտացոլում, այլև վերարտադրում ու ամրապնդում է այդ դերային մոդելները, ինչը կարող է ներքին հակասություններ առաջացնել երիտասարդների մոտ՝ իրենց իրական փորձառության և մեդիայում ներկայացվող պատկերների միջև։

-Արդյոք նման կերպարները կարող են սահմանափակել վարքային ընտրության հնարավորությունները։

-Այո՛, անձի ձևավորման ընթացքում՝ հատկապես մինչև 26–30 տարիքային փուլը, մարդը գտնվում է տարբեր հոգեբանական վիճակներում, և այդ ընթացքում մեդիայում ներկայացվող կերպարները կարող են զգալի ազդեցություն ունենալ նրա վարքային ընտրությունների վրա։ Այս ազդեցությունը հաճախ տեղի է ունենում ոչ այնքան գիտակցված, որքան ընդօրինակման միջոցով․ մարդը հակված է վերարտադրելու արդեն տեսած և «սովորած» վարքային մոդելները։ Երբ նույնատիպ սցենարները կրկնվում են մի քանի սերիալներում, ձևավորվում է դրանց «ընդհանուր լինելու» տպավորություն, ինչը կարող է թուլացնել անձի վստահությունը սեփական զգացողությունների նկատմամբ։ Արդյունքում առաջանում է նորմալացման գործընթաց․ մարդը սկսում է մտածել, որ նման վարքը «բոլորի մոտ է այդպես»՝ ոչ միայն իր շրջապատում, այլև մեդիայի մեջ տեսածի հիման վրա, և դրան համապատասխան էլ սկսում է ընկալել ու արդարացնել այդ վարքային մոդելները։

-Ի՞նչ պայմաններում է մեդիայի ազդեցությունը առավել ուժեղ՝ երբ ընտանիքում հակակշիռ չկա՞։

-Մեդիայի ազդեցությունը կարող է հատկապես ուժեղ դրսևորվել որոշակի պայմաններում։ Առաջին հերթին՝ երբ անհատը չունի զարգացած քննադատական մտածողություն կամ այն դիտավորյալ ճնշվում է ընտանիքի, դպրոցի կամ շրջապատի կողմից․ այդ դեպքում մեդիա բովանդակությունը ընկալվում է ոչ թե վերլուծաբար, այլ՝ որպես պատրաստի իրականություն։ Մյուս կարևոր գործոնը էմոցիոնալ գրագիտության պակասն է։ Այն մարդիկ, ովքեր ունեն միայնության, չընդունված լինելու կամ մերժվածության զգացում, ավելի հակված են իրենց նույնականացնելու մեդիա հերոսների հետ՝ նրանց մեջ տեսնելով սեփական փորձառությունների արտացոլումը և նրանց վարքը ընդունելով որպես վարքային մոդել։ Տարիքային գործոնն էլ առանցքային է․ հատկապես դեռահասության և վաղ երիտասարդության փուլերում, երբ ինքնությունը դեռ ձևավորման մեջ է, մարդը առավել բաց է արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Այս շրջանում հերոսի հետ նույնականացումը կարող է դառնալ ոչ միայն ժամանակավոր ներգրավվածություն, այլև վարքագծային կողմնորոշիչ։ Վերջապես, մեդիայի ազդեցությունն ուժեղանում է այն դեպքում, երբ իրական կյանքում բացակայում են առողջ, հավասարակշռված դերային մոդելները։ Երբ ընտանիքում կամ անմիջական սոցիալական միջավայրում չկա օրինակելի վարքագիծ, մեդիա կերպարները սկսում են լրացնել այդ բացը՝ ձևավորելով անհատի պատկերացումները հարաբերությունների, արժեքների և վարքի մասին։

Անահիտ Սահակյան