05.03.2026
Կատեգորիա
ՏՏ
Սամվել Մարտիրոսյան

Արհեստական բանականության արագ զարգացումը արմատապես փոխում է մեդիադաշտը՝ փոփոխելով ինչպես բովանդակության ստեղծման, այնպես էլ դրա սպառման կանոնները։ Այս փոփոխությունները ոչ միայն նոր հնարավորություններ, այլև լուրջ մարտահրավերներ են բերել՝ սկսած կեղծ տեղեկատվության տարածումից և հեղինակային իրավունքի խախտումներից մինչև վստահության անկում։

Այսօր, ԱԲ զարգացմանը զուգահեռ, մեդիադաշտում կարծես քանակը գերազանցում է որակին։ Տեղեկատվությունը, «առաջինը լինելու» սկզբունքով պայմանավորված, տարածվում է արագ, սակայն դրա հավաստիությունը միշտ չէ, որ ստուգված է։ Մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ Հայաստանում մեդիադաշտի մեծ մասը ոչ միայն բավարար ջանքեր չի գործադրում կեղծ լուրերի դեմ պայքարում, այլև հաճախ ինքն է դառնում դրա տարածողը։ Նրա դիտարկմամբ սա մասամբ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանք է, իսկ որոշ դեպքերում՝ գիտակցված գործընթաց․

-Կան նաև քաղաքական պատվերներ, որոնց դեպքում կեղծ տեղեկատվությունը տարածվում է միտումնավոր։ Իհարկե, կան լրատվամիջոցներ, որոնք ունեն փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողներ, սակայն դրանք դեռևս քիչ են և չեն կարող ամբողջ դաշտը փոխել,- նշում է Մարտիրոսյանը։

Արհեստական բանականության գործիքների կիրառումը մեդիադաշտում առաջացրել է նոր մարտահրավերներ։ Այսօր հնարավոր է ստեղծել ամբողջական հոդվածներ, լուսանկարներ և տեսանյութեր՝ առանց հստակ հղումների կամ սկզբնաղբյուրների նշման, ինչը կասկածի տակ է դնում նման բովանդակության ճշմարտացիությունը։ Խնդիրը երկակի է․ մի կողմից աճում է կեղծ տեղեկատվության տարածման վտանգը, մյուս կողմից սրվում են հեղինակային իրավունքի խախտման ռիսկերը։

ԱԲ

Մեդիա հետազոտողի դիտարկմամբ ոլորտում դեռևս բացակայում են հստակ կարգավորումները․

-Ամբողջ աշխարհում դատական նախադեպերը քիչ են, և միասնական մոտեցում դեռ չի ձևավորվել։
ԱԲ կիրառման այլ մարտահրավեր  է «հալուցինացիաների» առաջացումը։ Սա այն երևույթն է, երբ համակարգը հորինում է փաստեր և ներկայացնում դրանք վստահությամբ, ինչը երբեմն կարող է մոլորեցնել նույնիսկ փորձառու խմբագիրներին։ Այս պայմաններում փաստերի ստուգման հիմնական մեխանիզմներն այլևս բավարար չեն։ Մարտիրոսյանը նշում է, որ հալուցինացիաների դեմ պայքարը բարդ և բազմաշերտ գործընթաց է և հավելում.

-Պետք է պահանջել, որ արհեստական բանականությունը յուրաքանչյուր փաստի համար ներկայացնի հղումներ։ Սակայն նույնիսկ այդ դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ստուգում, քանի որ այդ հղումները ևս կարող են լինել հորինված։
Այս իրավիճակում մասնագետի գնահատմամբ փաստերի ստուգման նոր մոդելը պետք է հիմնված լինի ոչ միայն տեխնիկական գործիքների, այլև մարդկային վերահսկողության վրա։ Լրագրողներն ու խմբագիրները ստիպված են լինելու համատեղել իրենց մասնագիտական հմտությունները նոր տեխնոլոգիաների հետ՝ մշտապես վերանայելով իրենց աշխատանքի մեթոդները։ 

Այս մարտահրավերնեին զուգահեռ առաջանում է ավելի խորքային հարց․ արդյո՞ք մենք չենք գնում դեպի մի ապագա, որտեղ տեղեկատվությունը ամբողջությամբ կառավարվելու է արհեստական բանականության կողմից։ Իրականում, ինչպես նշում է փորձագետը, այդ գործընթացը արդեն սկսվել է։

-Սոցցանցերի ալգորիթմները տարիներ շարունակ աշխատում են արհեստական բանականության հիման վրա։ Օրինակ՝ Facebook-ում օգտատերը տեսնում է այն բովանդակությունը, որը համակարգը համարում է համապատասխան իր հետաքրքրություններին։

ԱԲ

Սա նշանակում է, որ մեդիասպառողը հաճախ գտնվում է տեղեկատվական իր աշխարհում, որտեղ նա հանդիպում է միայն իրեն հարազատ կարծիքներին և տեղեկություններին։ Արդյունքում նվազում է բազմակարծությունը, իսկ ապատեղեկատվությունը կարող է ավելի հեշտ տարածվել։ Մեդիափորձագետը վստահ է, որ արհեստական բանականության զարգացումը առաջիկա տարիներին ավելի խորքային փոփոխություններ է բերելու մեդիադաշտում։ Եթե նախկինում փոփոխությունները տեղի էին ունենում տարիների ընթացքում, ապա այժմ դրանք լինում  են ամիսների կամ նույնիսկ օրերի ընթացքում։  Փորձագետի կանխատեսմամբ մոտ ապագայում ԱԲ-ն կդառնա լիարժեք բովանդակություն ստեղծող գործիք, կփոխվեն նաև սպառման ձևերը, և օգտատերը որոշ չափով կդառնա համահեղինակ՝ մասնակցելով բովանդակության ստեղծման գործընթացին։ Տեղեկատվության հավաքագրումը մասամբ կավտոմատացվի, իսկ մեդիաարտադրությունը կդառնա ավելի արագ և մատչելի։ Սակայն այս զարգացումները կունենան նաև հակառակ կողմը․ կմեծանա վստահության ճգնաժամը, կաճեն դիփֆեյքերի և մանիպուլյացիաների դեպքերը։ Այս պայմաններում ճշմատրացիությունը և վստահելիությունը կդառնան մեդիայի ամենակարևոր արժեքները։

Այսպիսով մեդիադաշտի ապագան կախված է ոչ միայն տեխնոլոգիական զարգացումներից, այլև տեխնոլոգիաների օգտագործման սկզբունքներից։ 

Առանձնահատուկ կարևորություն է ստանում մեդիագրագիտությունը։ Տեղեկատվության սպառողը պետք է կարողանա տարբերել վստահելի աղբյուրը կեղծից, հասկանա ալգորիթմների ազդեցությունը և քննադատաբար մոտենա ստացվող բովանդակությանը։
 

Ալվարդ Անդրեասյան