-Ձեր փորձից ելնելով՝ որո՞նք են այն հիմնական առանձնահատկությունները կամ «ձեռագիրը», որոնք տարբերում են հայաստանյան կին գործարարներին տղամարդկանցից թե՛ կառավարման ոճում, թե՛ որոշումների կայացման հարցում։
-Կանայք մասնակցում են մեծ թվով ծրագրերի, և անընդհատ զգացվում է աճի պահանջը։ Շատ են աշխատում իրենց վրա, անընդհատ սովորում են և զարգանում։ Նույնիսկ փորձառու բիզնես կանայք մասնակցում են նաև սկսնակների համար նախատեսված ծրագրերի՝ հասկանալու համար, թե որտեղ ունեն թերություններ և ինչպես դրանք վերացնել։ Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք ավելի բաց են իրենց խնդիրները ներկայացնելիս, ավելի պարտաճանաչ են, համագործակցության պատրաստ և ակտիվ են կապեր ստեղծելու հարցում։ Տղամարդիկ ավելի ռիսկային են ու ռազմավարական։ Լավագույն տարբերակը համադրությունն է, երբ կին և տղամարդ ղեկավարները լրացնում են միմյանց, և կանանց ինտուիցիան համադրվում է տղամարդկանց ռիսկայնության ու ռազմավարական մտածողության հետ։
-WiBIF-ի (Women in Business: Invest for the Future-Կանայք բիզնեսում՝ ներդրում հանուն ապագայի) շրջանակներում դուք շփվում եք բազմաթիվ հաջողակ կանանց հետ. որո՞նք են այսօր Հայաստանում կին գործարարի համար ամենամեծ «անտեսանելի» պատնեշները, որոնց մասին գուցե չի խոսվում հանրային հարթակներում, բայց որոնք իրականում ազդում են նրանց առաջխաղացման վրա։
-Եթե համեմատենք 10-15 տարի առաջվա հետ, նախկինում կային մի քանի տարածված խնդիրներ։ Առաջինը՝ կարծրատիպը, որ բանկերը չեն ֆինանսավորում կանանց բիզնեսները։ Իրականում այդպես չէ, պարզապես պետք է ճիշտ դիմել և պատրաստ լինել։ Երկրորդը՝ համոզմունքը, որ կին լինելը խանգարում է բիզնեսում հարցեր լուծելուն։ Այսօր այդ մտածելակերպը գրեթե չի հանդիպում։ Երրորդը՝ հարկայինի հանդեպ վախը։ Շատերը խուսափում էին, բայց իրականում իրազեկված լինելու դեպքում բոլոր հարցերը լուծվում են օրենքի շրջանակներում։ Այսօր կանայք դարձել են ավելի ինքնավստահ, իրազեկված: Այլևս չեն կապում խնդիրները իրենց սեռի հետ, հաճախ նույնիսկ ավելի արագ ու արդյունավետ են լուծում հարցերը։
-Կանայք ավելի շատ ո՞ր ոլորտներում են ներգրավված և ինչո՞վ է պայմանավորված ոլորտների ընտրությունը և արդյո՞ք կանայք հիմա զգուշանում են «ծանր» բիզնեսներից։
-Կանայք հիմնականում ներգրավված են այն ոլորտներում, որտեղ կարող են կայուն եկամուտ ապահովել՝ ծառայությունների, խորհրդատվական, տուրիզմի։ Միևնույն ժամանակ զգալի աճ կա IT ոլորտում․ եթե տարիներ առաջ շատ քիչ էր նրանց թիվը, հիմա գրեթե հավասարվել են տղամարդկանց։ Վերջին շրջանում կանայք սկսել են ներգրավվել նաև շինարարության մեջ, որը նախկինում տղամարդկանց ոլորտ էր համարվում։ Նրանք ավելի հակված են կայունության ու երկարաժամկետ զարգացման և հաճախ ավելի վստահելի են որպես աշխատակիցներ ու ղեկավարներ։
-Ինչպե՞ս է փոխվել հասարակության վերաբերմունքը գործարար կնոջ կերպարի հանդեպ վերջին 5-10 տարում։ Դուք զգո՞ւմ եք կարծրատիպերի կոտրում, թե՞ դեռևս գերիշխում է այն տեսակետը, որ բիզնեսը կնոջ համար չէ։
-Վերջին տարիներին կանայք դարձել են ավելի ինքնավստահ և գիտելիքներով զինված։ Նրանք ակտիվ են տարբեր մասնագիտական ոլորտներում՝ ներառյալ ճարտարապետություն, դիզայն, շինարարության կառավարում։ Փոխվել է նաև ղեկավարության ընկալումը․ այսօր ավելի ընդունված է, որ ղեկավարը պետք է օրինակ լինի, ոչ թե միայն վերահսկի։ Եվ կանայք այդ իմաստով մեծ առաջընթաց են գրանցել։
-Որքանո՞վ է կարևոր Role Models-ի (օրինակելի անձ) առկայությունը երիտասարդ աղջիկների համար։ Ձեր դիտարկմամբ՝ հաջողակ կնոջ կենդանի օրինակը ոգեշնչող ազդեցություն ունենո՞ւմ է երիտասարդ կանանց կարիերայի ձգտումների և ընկալումների վրա։
-Role model-ները շատ կարևոր դեր ունեն։ WiBIF-ի ծրագրերի ընթացքում հրավիրվում են կանայք, որոնք հասել են հաջողությունների: Նրանք պատմում են ոչ միայն իրենց ձեռքբերումների, այլ նաև դժվարությունների մասին։ Սա օգնում է մասնակիցներին հասկանալու, որ խնդիրները բնական են և հաղթահարելի։ Հրավիրվում են նաև մենթորներ տարբեր ոլորտներից, որոնք իրենց փորձով աջակցում են մասնակիցներին։ Ընդ որում ներկայացվում են ոչ միայն հայտնի մարդիկ, այլ նաև «թաքնված հերոսներ»՝ համեստ, բայց հաջողակ կանայք, որոնք կարող են իրական օրինակ լինել։ Եթե մարդ նպատակ ունի և հետևողական է, նա անպայման գտնում է աջակցություն։ Role model-ները էական ազդեցություն ունեն երիտասարդների մտածելակերպի, մոտիվացիայի և կարիերայի ընտրության վրա: