Դպրոցական նոր դասագրքերի ներդրումը Հայաստանի հանրակրթական համակարգում վերջին շրջանում դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Կրթական բարեփոխումների շրջանակում մշակված այս դասագրքերը նախատեսված են ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև աշակերտների մտածողությունը, վերլուծական կարողությունները և ինքնուրույն սովորելու հմտությունները զարգացնելու համար։ Սակայն դրանց կիրառումը դպրոցներում ցույց է տալիս, որ տեսականորեն առաջադեմ համարվող գաղափարները գործնականում հաճախ բախվում են լուրջ խնդիրների
Դասագրքերի կիրառման շուրջ առկա խնդիրներն ու առավելությունները հասկանալու համար զրուցել ենք նաև Ձորագյուղ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչների հետ։ Նրանց դիտարկումները ևս ցույց են տալիս, որ նոր դասագրքերի ներդրումը մի կողմից փորձում է կրթական գործընթացը դարձնել առավել ժամանակակից և զարգացնել վերլուծական մտածողությունը, մյուս կողմից՝ առաջացնում է բովանդակային և մեթոդական մի շարք դժվարություններ։
Դպրոցներում աշխատող ուսուցիչները առաջիններից էին, ովքեր առնչվեցին նոր դասագրքերի հետ և անմիջապես արձագանքեցին դրանց բովանդակությանը։ «Առաջին հայացքից դասագրքերը հետաքրքիր են, գունավոր, ժամանակակից ձևավորում ունեն, բայց երբ սկսում ես աշխատել դրանցով, հասկանում ես, որ շատ բաներ մտածված չեն մինչև վերջ»,- ասում է հայոց լեզվի ուսուցչուհի Կարինե Ղազարյանը։ Նրա խոսքով՝ դասագրքերում հաճախ հանդիպում են բարդ ձևակերպումներ, որոնք չեն համապատասխանում աշակերտների մակարդակին։ «Երեխան կարդում է առաջադրանքը և չի հասկանում՝ իրենից ինչ են պահանջում։ Այդ պահին ուսուցիչը պետք է ամբողջությամբ վերաձևակերպի նյութը»,- հավելում է նա։
Մաթեմատիկայի ուսուցիչ Շիրազ Հարությունյանը ևս նման խնդիրներ է նկատում։ «Կան օրինակներ, որտեղ բացակայում է քայլ առ քայլ բացատրությունը։ Երեխան անմիջապես բախվում է բարդ խնդրի, առանց նախնական պատրաստության»,- նշում է նա։ Նրա կարծիքով՝ սա հատկապես դժվարացնում է միջին կարողությունների աշակերտների առաջընթացը։ «Լավ սովորողը գուցե կարողանա ինքնուրույն հասկանալ, բայց մյուսների համար դա դառնում է լուրջ խոչընդոտ»,- ասում է Հարությունյանը։
Տարրական դասարանների ուսուցչուհի Գոհար Հովսեփյանն էլ ուշադրություն է հրավիրում առաջադրանքների լեզվական բարդության վրա։ «Երբեմն առաջադրանքները գրված են այնպիսի բարդ բառերով, որ նույնիսկ մենք ենք ստիպված լինում մի քանի անգամ կարդալ։ Իսկ երեխաների համար դա արդեն սթրես է»,- նշում է նա։ Նրա խոսքով՝ փոքր տարիքում երեխայի մոտ կարևոր է վստահության ձևավորումը, իսկ դժվարությունները կարող են հակառակ ազդեցություն ունենալ։
Ծնողների շրջանում ևս քննարկումները չեն դադարում։ Շատերը նշում են, որ նոր դասագրքերը փոխել են ընտանեկան առօրյան։ «Տանը դաս պատրաստելը դարձել է ամբողջ ընտանիքի գործը»,- ասում է 7-րդ դասարանի աշակերտի մայր Լիլիթ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ երեխան հաճախ չի կարողանում ինքնուրույն կատարել առաջադրանքները։ «Ես նստում եմ նրա կողքին և փորձում եմ հասկանալ՝ ինչ պետք է անենք։ Երբեմն նույնիսկ ես եմ երկար ժամանակ մտածում»,- ասում է նա։
4-րդ դասարանի աշակերտի հայր՝ Արամ Մկրտչյանը, ավելի կտրուկ է արտահայտվում․ «Սա նորմալ չէ։ Եթե ծնողը պետք է դաս անի երեխայի փոխարեն, ապա համակարգը ճիշտ չի աշխատում»։ Նրա կարծիքով՝ դասագրքերը պետք է լինեն պարզ և հասկանալի, հատկապես կրտսեր դասարաններում։
Այնուամենայնիվ, կան նաև այլ կարծիքներ։ «Ես տեսնում եմ, որ երեխաս սկսել է ավելի շատ մտածել, հարցեր տալ»,- ասում է 6-րդ դասարանի աշակերտի մայր Մարիամ Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ նախկինում երեխան պարզապես անգիր էր անում նյութը, իսկ հիմա փորձում է հասկանալ։ «Դա, իհարկե, ավելի դժվար է, բայց գուցե նաև ավելի արդյունավետ»,- նշում է նա։
Հոգեբանների գնահատականները կարևոր են այս քննարկման մեջ, քանի որ նրանք դիտարկում են ոչ միայն կրթական, այլ նաև հոգեբանական ազդեցությունը։ Հոգեբան Անի Ենոքյանը նշում է․ «Երբ երեխան բախվում է իր հնարավորություններից բարձր պահանջների, նա սկսում է կորցնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ»։ Նրա խոսքով՝ սա կարող է հանգեցնել ոչ միայն ուսման նկատմամբ հետաքրքրության նվազման, այլ նաև ընդհանուր սթրեսի։ «Մենք արդեն տեսնում ենք դեպքեր, երբ երեխաները խուսափում են դասերից, որովհետև զգում են, որ չեն կարողանում հաղթահարել առաջադրանքները»,– ասում է նա։
Միևնույն ժամանակ, հոգեբանը չի բացառում, որ որոշակի բարդությունը կարող է օգտակար լինել։ «Եթե ճիշտ չափաբաժնով է տրված և կա աջակցություն, դա կարող է խթանել զարգացումը»,- նշում է Ենոքյանը։ Սակայն, նրա խոսքով, ներկայումս այդ հավասարակշռությունը միշտ չէ, որ պահպանվում է։
Նոր դասագրքերի շուրջ առաջացած հարցերը բարձրացվել են նաև պետական մակարդակով քննարկումների ընթացքում։ Ժաննա Անդրեասյանը, խոսելով կրթական բարեփոխումների ընթացքի մասին, նշել է․ «Ես հաճախ նկատում եմ, որ կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացները միջնորդավորված են հասնում ծնողներին՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր»։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ փոփոխությունների բովանդակությունը հասկանալի ներկայացվի հասարակությանը, որպեսզի նվազեն անորոշությունները։(աղբյուր՝ https://hy.armradio.am/archives/726856)։
Նախարարը նաև անդրադարձել է դասագրքերի բովանդակության շուրջ առաջացած քննարկումներին՝ ընդգծելով, որ համակարգային փոփոխությունները չեն կարող միանգամից տալ կատարյալ արդյունք։ «Կրթական համակարգի փոփոխությունը դյուրին գործընթաց չէ, և կարևոր է հետադարձ կապը՝ հասկանալու վերանայման և լավարկման ենթակա կետերը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ դասագրքերը գտնվում են զարգացման փուլում, և դրանց կատարելագործումը շարունակական գործընթաց է։
Ծնողների կողմից բարձրացված խնդիրներից մեկն առնչվում է նաև կրթական ծրագրերի ծանրաբեռնվածությանը և տնային առաջադրանքների ծավալին։ Այս հարցին անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ քննարկվում են տարբեր լուծումներ՝ ուսումնական գործընթացը առավել հավասարակշռված դարձնելու համար։ Միևնույն ժամանակ, դասագրքերի բովանդակության և ուսումնական նյութերի վերանայումը ևս դիտարկվում է որպես ընթացիկ գործընթաց։
Այսպիսով, նոր դասագրքերը չի կարելի գնահատել միայն լավ կամ վատ կատեգորիաներով։ Դրանք գործընթաց են, որոնք դեռ ձևավորման փուլում են։ Եվ հենց այս փուլում է որոշվում՝ արդյոք այս բարեփոխումը կդառնա հաջողության օրինակ, թե հերթական չիրականացված նախաձեռնություն։