05.03.2026
Կատեգորիա
Մշակույթ
նկարիչ

Գեղանկարիչ Հայկ Բարսեղյանի հետ վերադարձանք իր մանկություն, խոսեցինք գեղանկարչության և կտավների, անկատար երազանքների ու կարոտի, ընտանիքի ու ընկերների, Հայաստանի և հայ ժողովրդի մասին:

-Ո՞ր տարիքից եք հասկացել, որ նկարչությունը Ձեր տարերքն է:
-Ես մանկուց եմ նկարում՝ չորս տարեկանից: Նույնիսկ հիշողություններ կան. ծնողներս պատմում էին, որ հարևանուհիները գալիս էին, իսկ ես նկարում էի նրանց: Նայում էին ու զգում, որ նմանություն կա. այսինքն՝ ես մարդկանց ճանաչել կարողացել եմ դեռ մանկուց: Ես դպրոցական տարիներին նույնիսկ իմ ստուգողական տետրերի մեջ էի նկարում, իսկ ուսուցիչները միշտ ասում էին՝ ուրիշ թուղթ չկա՞, որ վրան նկարես:

-Ո՞րն է գեղանկարչության ամենագրավիչ կողմը Ձեզ համար:
-Գեղեցիկը, լավը, այն, ինչը որ հավիտենական է, ինչով որ մարդը հրապուրվում է, ինչով որ մենք ուրախանում ենք առօրյայում: Օրինակ՝ տեսնում ենք գեղեցիկ ծաղիկ, ծաղկած ծառ, աշնան ոսկին, դեղինը կամ տառապած, տառապանք կրած մարդու դեմքը, ինչ-որ զինվորի հաղթական վերելքը: Ամեն հուզական բան, թեկուզ ամպրոպը, տարվա չորս եղանակները:

-Ձեր շուրջը կատարվող իրադարձություններն են նպաստու՞մ կտավներին շունչ տալուն, թե՞դրանք ուղղակի, այսպես ասած, մուսայի հետ են կապված։ 

-Մուսան հուզվելն է: Երբ հուզվում ես, ներսումդ ամեն ինչ ալեկոծվում է, ձևավորվում: Հետո մղվում ես դեպի գեղեցիկը: Ամեն մարդ չի կարող նկատել, որ դրսում մի գեղեցիկ բան անցավ, ծառ ծաղկեց, սիրահարներ անցան, կամ մի կին՝ հովանոցը ձեռքին: Այդ ամեն ինչը պետք է տեսնել: Մի քանի օր առաջ տեսա, որ երկու մայր երեխաների հետ անցնում են ծաղկած ծառի կողքով: Ու այդ տպավորությունն իմ մեջ մնաց՝ և՛ ծաղկած ծառը, և՛ մայրերը:

-1968-72 թվականներին եղել եք Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գեղանկարչության բաժնի ուսանող: Ի՞նչ հիշարժան կամ զվարճալի դեպքեր եք հիշում ուսանողական տարիներից:

-Ուսանողական տարիներին շատ են եղել հիշարժան դեպքեր: Եղել է, որ գնացել ենք դեպի մեր հայկական կոթողները, եղել ենք Սևանի կղզում, արևածագ ենք դիմավորել, որոնք մեծ տպավորություններ են թողել: Մեր ուսուցիչների ու դասախոսների նվիրական վերաբերմունքը, երբ նույնիսկ հիվանդ ժամանակ չէին բացակայում, որ սովորեցնեն մեզ գույների տեխնոլոգիան: Ընդհանրապես, ուսանողական տարիները անջնջելի հետք են թողնում մարդու վրա:

-Ի՞նչ տարբերություններ կան այդ ուսանողի և Ձեր մեջ:

-Ես մի ընկեր ունեմ, ասում է՝ դու միշտ երիտասարդի տրամադրություն ունես: Իսկ Սարյանն ասում էր՝ ես 92 տարեկան եմ, բայց նոր եմ սովորում նկարել: Ես տարբերություն չեմ զգում, միայն մարմնապես. մի քիչ հոգնել եմ: Այն ժամանակ ոտքով գնում էի հեռու ձորեր, որ նկարեի, իսկ հիմա մի քիչ հոգնում եմ: Բայց հիմա էլ եմ սիրում քայլել, չեմ ձգտում, որ ինձ մեքենայով տանեն: Մեքենայում կարծես վանդակի մեջ լինես, տարածությունը չես տեսնում: Ես երջանիկ եմ, որ քայլում եմ իմ մայր հողի վրա, քայլում ու շատ բան եմ տեսնում:

-Ազատ եք լինու՞մ:

-Շատ ազատ եմ լինում: Ազատությունը նաև մենակությունն է, որը շատ տառապանք է պատճառում իհարկե, բայց արվեստագետը պետք է ձգտի մենակ մնալ: Րաֆֆին միշտ գիշերն է գրել, որ իրեն չխանգարեն, որ ձայն չլսի: Իմ ազատությունը բնության մեջ է: Ես քայլում ու լուծվում եմ բնության մեջ, ինչպես շաքարը՝ թեյի մեջ: Բնությունն այդքան բան է տվել մեզ, մենք էլ իրեն ինչ-որ բան պետք է վերադարձնենք, օրինակ՝ նկարենք: Սարյանն ասում էր՝ մարդը բնության հայելին է:

-Կա՞ն նկարիչներ, որոնց պատմությունն ու ստեղծագործական կյանքը ոգեշնչել կամ ոգեշնչում են Ձեզ:

-Իհարկե կան: Ֆրանսիացի իմպրեսիոնիստներն ինձ վրա մեծ տպավորություն են թողել՝ Ռենուարը, Գոգենը, Դեգան, Սեզանը:

-Ֆեյսբուքյան հարթակում շատ են լուսանկարները, որտեղ երևում է, որ արվեստանոցում ընկերների հետ ժամանակ անցկացնելը Ձեզ համար ավանդույթ է դարձել: Ի՞նչ թեմաներ եք քննարկում հավաքույթների ժամանակ:

-Ես սիրում ու կարոտում եմ իմ ընկերներին, մանավանդ, որ իրենք չկան, դա շատ մեծ կորուստ է: Իմ նկարիչ ընկերների կիսատ թողած նկարները միշտ ձգտել եմ ավարտել, ցանկացել եմ իրենց չարածն անել ու նվիրել իրենց հոգիներին: Շատ թեմաներ ենք քննարկել, բայց միշտ վերադարձել ենք արվեստին, մտածել ենք՝ ինչ անենք, որ արդի ու այժմեական լինի: Չարենցն ասում էր՝ թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակի շո՛ւնչը դարձիր: Ժամանակը փոխվել է, պետք է կարողանալ նոր մտածելակերպով հանդես գալ:

-Ունե՞ք այդպիսի կտավներ:

-Ունեմ, շատ ունեմ: Տեսեք իմ «Մայրություն» կտավը: Այնտեղ չեք նկատի աչք, ունք, եղունգ: Իսկ երեխան կարծես լավաշի նման ընկած լինի մոր գրկում, քանի որ նորածնի բուրմունքը նման է նոր թխած հացի բուրմունքին: Այդ տպավորությամբ նկարներ շատ կան: Տեսեք ծաղիկները, դիմացն էլ՝ կտավը: Ծաղիկները չորացել են, բայց կտավը մնում է, ու հենց այդտեղ է գեղանկարչության հրաշքը, որ կտավի վրա ծաղիկներն ապրում են:

-2007 թվականին թողել եք Հրազդանի Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոցը, որն ինքներդ էիք հիմնել 1975 թվականին։ Ինչ-որ պատճառնե՞ր են եղել:

-Պատճառներ չեն եղել, ուղղակի ես ուզում էի ազատ լինել, ազատ նկարիչ լինել: Մի աշակերտուհի ունեի՝ Արմինեն, որ շատ տաղանդավոր էր ու նվիրված: Ցանկացա, որ ինքն իմ փոխարեն աշխատի: Ես դուրս եկա, բայց իրեն չընդունեցին: Հետո էլ հետ չգնացի, ուզում էի ազատ լինել:
Հա՜-հա: Ես իրեն շատ եմ նկարել: Տասնյոթ տարի այստեղ նկարել է սովորել: Այստեղ նստում նկարում էր, գործում էր: Սա նաև իր արվեստանոցն է եղել: Կապը շատ մեծ էր: Ցանկացա, որ իմ փոխարեն աշխատի, բայց չարաբաստիկ պատճառ եղավ իր նկարչական կրթություն չունենալը:

-2020 թվականին վաճառել եք Ձեր կտավները, իսկ ամբողջ հասույթը՝ տրամադրել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Այդ դեպքից բացի՝ կտավներն այլ նպատակներով վաճառքի հանե՞լ եք:

-Հա՜: Բավականին կտավներ շատ ցածր գներով վաճառել եմ: Շատ նկարներ վաճառել եմ նաև ֆինանսի պատճառով: Դա ճիշտ չէր, բայց ստիպված եմ եղել:

-Իսկ հիմա վաճառո՞ւմ եք, օրինակ՝ կեցության խնդիրները լուծելու համար:

-Հա, իհարկե: Մի նկար եմ ուզում նկարել, բայց ներկերն ու կտավները շատ թանկ են, իսկ նկարչին շատ ներկեր են հարկավոր: Այդ պատճառով նկարները վաճառում եմ:

-Այլ մասնագիտություն կամ աշխատանք չունե՞ք:

-Չէ: Նույնիսկ եթե սովամահ լինեմ, ուրիշ բան չեմ անելու:

-Ո՞րն է Ձեզ համար ավելի դժվար, պատկերել բնությո՞ւնը, թե՞ մարդկանց:

-Շատ լավ հարց էր: Բնությունը ծառերն են, կանաչը, տերևը: Բայց մարդն այնքան խորն է, մարդն այնքան վեհ է: Մարդկանց հոգեբանությունը զգալու համար շատ մեծ ջանքեր են հարկավոր, իսկ եթե չզգաս, դատարկ նկար է ստացվելու: Բնությունը ևս խորություն ունի, չէ՞ որ մարդը բնության զավակն է:

-Կա՞ն ինչ-որ երևույթներ, որ նկարելիս Ձեզ հավելյալ ուժ են տալիս:

-Շատ կան: Ցավոք, եթե մարդը կորուստ է ունենում, դա էլ է երևելի ազդում իր վրա: Օրինակ՝ ես, երբ մորս կորցրի, մոտ երեսուն հատ կտավ նկարեցի: Հիմա այդ նկարները գյուղում են, որտեղ որ մայրս է ապրել: Ամբողջ մի սենյակ մորս նկարներն են: 

-Իսկ Ձեր ընտանիքում այլ ստեղծագործողներ եղե՞լ են:

-Եղբայրս է նկարում, որ հիմա Մոսկվայում է, և քեռիս է նկարել: Մայրս, երբ առաջին անգամ ինձ տարավ քեռուս տուն, նա նկարում էր: Ներկերի հոտը շնչեցի, արագ գնացի ու թաթախվեցի դրանց մեջ: Քեռիս մի քանի ներկ տվեց, ասաց՝ տա՜ր, տար նկարի: Մինչև հիմա հիշում եմ:

-Այսինքն՝ կարող ենք ասել, որ Ձեր քեռին Ձեզ համար օրինակ է եղել:

-Հա: Ինքնուս նկարիչ էր, բայց ինձ համար մեծ օրինակ է եղել:

-Իսկ ի՞նչ է ընտանիքը Ձեզ համար:

-Է՜հ, ցավոտ բաներ ես հարցնում: Ընտանի՞ք: Եթե փեթակը չլիներ, մեղուն մեղրը կդներ ծառերի վրա՝ որտեղ պատահեր: Ամեն մարդ պետք է իր օջախն ունենա: Եթե խոսքն իմ մասին է, ես շատ մեծ սխալներ եմ արել, որոնց մասին չեմ ուզում խոսել: Ամենակոպիտ սխալն է, որ մարդն ընտանիք չի կազմում, դա հանցագործություն է: Ընտանիքը սրբություն է, ընտանիքից է դառնում պետություն: Առանց ընտանիքի մարդը կիսատ է: Ես ինձ նվիրել եմ նկարներին, անընդհատ նկարում եմ, որ թեկուզ որոշ ժամանակ չզգամ, որ մենակ եմ: Բայց հենց նկարելն ավարտում եմ, զգում եմ, որ դատարկ եմ: Տեսեք՝ անձրևն օծում է իմ ասածները:

-Բայց Դուք եք ցանկացել մենակ լինել, չէ՞:

-Երիտասարդ տարիքում մտածում էի, որ ընտանիքն ինձ կխանգարի, երեխան ինձ կխանգարի: Նաև կանացի խանդն ինձ շատ էր մտահոգում, վախենում էի: Հիմա շատ ուշ է, բայց հասկացել եմ, թե ինչ մեծ սխալ եմ գործել: Ես մեղավոր եմ: Կինն ինձ կօգներ, քանի որ կանայք հաճախ ավելի ճկուն են մտածում, իսկ տղամարդիկ ավելի շտապողական են: Կանայք ավելի դիմացկուն են, քան մենք: Մենք վախկոտ ենք: Կնոջ միտքը պետք է օգտագործել, որը ես չեմ արել:

-Անկատար երազանքներ ունե՞ք:

-Հա, ունեմ: Ես մի մեծ աշխատանք եմ ուզում նկարել՝ մեր հայկական հողից, արմատից մինչև տիեզերքը, իմ մանկությունից մինչև հիմա, իմ անցած ճանապարհը: Այդ ամբողջը մեկ կտավի մեջ եմ նկարելու: Ու իմ այդ աշխատանքը սիմֆոնիա եմ անվանելու:

-Ձեր անցած ճանապարհը մի քանի բառով կարո՞ղ եք նկարագրել:

-Իմ կյանքը շատ վատ է սկսվել, լավ մանկություն չեմ ունեցել, ծնողազուրկ եմ եղել, նույնիսկ մանկապարտեզ չեմ գնացել: Հետո՝ թափառական կյանք, նույնիսկ ոտաբոբիկ եմ եղել, իսկ ընկերների հետ ֆուտբոլ խաղալիս՝ գնդակ էլ չենք ունեցել: Հետո՝ ուսանողություն, հետո էլ՝ սովետական բանակ: Նկարներս վաճառել եմ ֆինանսի համար: Հիմա էլ թոշակով ներկ եմ գնում: Ընդհանրապես մարդու կյանքը տառապանք է: Ենթադրենք՝ մարդն ապրում է հարյուր տարի, ուրեմն՝ իննսուն տարին տառապանք է: Բայց կյանքը նաև շատ գեղեցիկ է:

-Ի՞նչ գրքեր եք կարդում:

-Իմ կարդացած գրքերը նվիրված են արվեստին: Կարդացել եմ իմպրեսիոնիստների մասին: «Արևը վրձնի վրա» գիրքն այնքան էր ինձ հրապուրել, որ կարդալով՝ այստեղից գյուղ եմ գնացել: Ռոդենի մասին եմ շատ կարդացել: Բայց ամենաշատը սիրում եմ մեր պոետներին: Երբ վատ եմ զգում, հոգնում եմ, հուզվում եմ, Թումանյան եմ կարդում: Ես հորս կորցրել եմ չորս տարեկանում: Երբ Թումանյան եմ կարդում, ինձ թվում է հայրս է, հորս խորհուրդներն են: Բայց երիտասարդությունը հիմա չի կարդում, ցուցահանդեսներ չի գնում: Եթե կարդան, նկարները զգան, կհասկանան, թե ինչքան ճիշտ է դա, ինչքան մնայուն է: 

-Այսինքն՝ արվեստի պակաս կա՞:

-Կա, շատ կա, ահռելի պակաս կա: Սոցիալական վիճակը ևս պատճառ է հանդիսանում դրա համար: Չես կարող մարդկանց ասել՝ արի նկարներ նայիր, քանի որ մարդիկ օրվա հացի մասին են մտածում: Աշակերտս Ամերիկայում է, նկարում է ու նկարները վաճառում՝ շատ բարձր գներով: Ինձ ասում է՝ ընկե՛ր Բարսեղյան, եկեք այստեղ ստեղծագործեք, Ձեր արվեստանոցում նկար չի մնա: Բայց ես նույնիսկ այս քաղաքից չեմ կարող գնալ: Ես այլ երկրում մի շաբաթ էլ չեմ կարողանում մնալ: Այնտեղ երկինքն այնքան ցածր է: 

-Ի՞նչ կփոխեիք աշխարհում, եթե հնարավորություն լիներ:

-Երկրագնդի երեսից կջնջեի այն արարածներին, որոնք հրահրում են պատերազմներ: Ես կուզեի, որ խաղաղություն լիներ, բոլոր արտերում ցորեն ցանեին, այն գումարը, որ զենքի համար է ծախսվում, մարդկանց համար լիներ, որ մարդիկ լավ ապրեին: Ես կուզեի այնպես փոխել աշխարհը, որ պատերազմ չլիներ, չլիներ բռնություն: Բուրաստան կլիներ:

-Իսկ Հայաստանո՞ւմ:

-Մեր դաշտերը խոպան են մնացել: Երկիրը ապականված, թունավորված վիճակում է: Այն ժամանակ դաշտերում ցորեն էին ցանում, բայց հիմա ամբողջը աղբ է: Ցորենը դրսից են բերում, իսկ մեր բերրի դաշտերը դատարկ են մնում: Շատ մեծ ցավ է: Այնքան սիրուն էին մեր երկիրն ու մեր արտերը, ինչպես Տերյանն էր ասում՝ մեր դաշտե՜րը հեռանիստ… Չկան հիմա:
 

Միլենա Ֆահրադյան