05.03.2026
Կատեգորիա
Հասարակություն
սերս

Հայաստանում գյուղական համայնքները երկար տարիներ հանդիսացել են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը։ Սակայն այսօր գյուղերը կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։ Ժամանակի ընթացքում դրանք աստիճանաբար կորցրել են իրենց կենսունակությունը՝ սոցիալական խնդիրների, արտագաղթի և պետական ուշադրության պակասի հետևանքով։ Այս խնդիրները հաճախ մնում են ստվերում՝ դուրս հանրային ակտիվ քննարկումներից։

Սերս գյուղն ունի մոտավորապես 90 բնակիչ։ Նախկինում գյուղը կրել է Աստղունի անվանումը։ Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Չնայած բազմաթիվ խնդիրներին՝ բնակիչները շարունակում են ապրել իրենց գյուղում և, ինչպես իրենք են նշում, սիրում են այն։

Շատ են նեղվում, երբ գյուղից մարդիկ հեռանում են, սակայն ասում են․

«Է՜, ինչ արած, որ էստեղ ապագա չկա, պայմաններ չկան, ջահելները մնան՝ ի՞նչ անեն»:

Սերսում տների զգալի մասը դատարկ է, իսկ բնակիչների մեծամասնությունը մեծահասակներ են։ Գյուղը մարզկենտրոնից հեռու է գտնվում, և տրանսպորտի բացակայության պատճառով բնակիչները դժվարությամբ են տեղաշարժվում։ Ծնողները երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց տեղափոխում են սեփական մեքենաներով։

Սերսի բնակիչ Գրիգոր Ավագյանն ասում է․

«Եթե ես ընտանիք կազմեմ, երեխա ունենամ, ինչո՞ւ պիտի ստիպված լինեմ կիլոմետրերով ճանապարհ անցնել, որ իմ երեխան դպրոց գնա։ Մեր ամենամեծ խնդիրը դպրոցն է։ Եթե այն փակվի, մնալու պատճառ էլ չի լինի»:

Գյուղում լուրջ խնդիր է նաև աշխատանքի և տրանսպորտի բացակայությունը։ Գյուղացին ամեն ինչ ստեղծում է սեփական ուժերով, սակայն, եթե ունենա նաև կողմնակի եկամտի աղբյուր, շատերի խոսքով՝ երբեք չի հեռանա գյուղից։

Սերսը գազաֆիկացված չէ։ Գրեթե բոլորի տան բակերում տեղադրված են լվացարաններ, որոնցից հոսում է սարերից եկող մաքուր ջուրը։ Բոլորի մառաններն առատ են՝ կաթ, մածուն, հորած պանիր, պահածոներ։ Ըստ բնակիչների՝ գյուղը հարուստ բնություն ունի, սակայն հարց է առաջանում՝ «թե ո՞ր մի ջահելը կգա գյուղում հող կմշակի, կով կպահի…»։

Սերսի եկեղեցու հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, ինչպես նաև գյուղի կառուցման թվականը։ Հայտնի է միայն, որ եկեղեցին առաջին անգամ վերանորոգվել է 1525 թվականին։ Այժմ այն գտնվում է ավերակ վիճակում։ Մոտ երկու տարի առաջ գյուղացիները փորձել են սեփական ուժերով վերանորոգել այն։

«Համայնքապետարանի օգնությամբ հույս ունենք, որ եկեղեցին կվերանորոգվի և կունենա ավելի լավ տեսք, քան այժմ»։

Նարեկ Բենիամինյանը դպրոցի միակ 9-րդ դասարանի աշակերտն է։ Ընդհանուր առմամբ դպրոցում սովորում է 6 աշակերտ։ Ուսուցիչները նշում են, որ անգամ մեկ աշակերտի դեպքում պատրաստ են նույն նվիրվածությամբ կատարել իրենց աշխատանքը։

Սերս գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Էմանուել Հարությունյանն ասում է․

«Լինելով սահմանամերձ գյուղի դպրոց՝ մենք երբևէ ֆինանսավորման խնդիր չենք ունեցել։ Դպրոցը հիմնավերանորոգվել է։ Կահույք ունենք, ջեռուցում ունենք։ Սակայն դպրոցը փակվելու վտանգ ունի, քանի որ աշակերտների թիվը շատ քիչ է»։

Նա նաև հավելում է․
«Որպես սահմանամերձ բնակավայր՝ մենք շատ առավելություններ ունենք։ Բայց այսօրվա երիտասարդները չեն ուզում ո՛չ անասնապահությամբ զբաղվել, ո՛չ հողագործությամբ։ Գյուղը ազատված է բոլոր տեսակի հարկերից։ Մեղավորներ չպետք է փնտրենք իշխանության շրջաններում, այլ մեր մեջ, քանի որ մենք ենք այլ կյանք ուզում ու ձգտում գնալ գյուղից»։

Սերսի հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Մամաջանյանն ասում է․

«Կրթությունը անհրաժեշտություն է։ Այստեղի երեխաները մեղավոր չեն, որ ապրում են մայրաքաղաքից հեռու, սահմանամերձ գյուղում։ Յուրաքանչյուր դասի ընթացքում մենք ցանկանում ենք ավելին տալ, բայց դժվար է քիչ աշակերտների դեպքում հետաքրքրություն ապահովել։
Սերսում տարվա բոլոր եղանակներն են գեղեցիկ, բայց ինչքան էլ զմայլվենք բնությամբ, ընտանիքը պահել է պետք։ Գյուղը խանութ չունի, ձմռանը այստեղ դժվար է, գնալով ամեն բան ամայանում է…»։

96-ամյա Սիրուշ տատը Սերս գյուղի ամենատարեց բնակիչն է։ Նա հիշում է գյուղի նախկին կյանքը։

120, 150 տուն էր ու հարուստ գյուղ էր։ Կողքի գյուղերը մեր գյուղից կախում ունեին։ Քանդվեց էլի, ես ի՞նչ իմանամ, բոլորը թողին, գնացին…
 

Միլենա Ֆահրադյան