05.04.2026
Կատեգորիա
Մշակույթ
ֆրանկոֆոնիա

Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում այս տարի վերածվեցին մշակութային հարուստ ու բազմաշերտ տոնի՝ շուրջ երկու ամիս շարունակ միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի անդամ պետություններին։ Համերգներով, ցուցահանդեսներով, կինոդիտումներով, գիտաժողովներով և կրթական ծրագրերով հագեցած նախաձեռնությունը ոչ միայն ներկայացրեց ֆրանսախոս աշխարհի մշակութային բազմազանությունը, այլև ստեղծեց նոր կապեր ու համագործակցության հարթակներ։

«Հայաստան-Ֆրանկոֆոնիա. լեզու, մշակույթ, խաղաղություն և համերաշխություն» խորագրով ծրագիրը կյանքի կոչվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և մի շարք այլ կառույցների համատեղ ջանքերով՝ ընդգծելով մշակույթի դերը որպես երկխոսության և փոխըմբռնման կամուրջ։

Միջոցառումների մեկնարկը տրվել էր մարտի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Ֆրանկոֆոնիկ Տաղարան» համերգով։ Երկամսյակի ընթացքում բեմը տրամադրվել է տարբեր կատարողների՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբից մինչև «Հովեր» պետական կամերային երգչախումբ։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Միսաք Մանուշյանի և Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգները՝ վերարժևորելով ֆրանսահայ մշակութային ժառանգությունը։

Միջոցառման եզրափակիչ ակորդը հնչեց ապրիլի 30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած գալա համերգում։ Երեկոյի կենտրոնական ստեղծագործությունն էր Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն սյուիտ»-ը՝ գրված Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա։ Երեկոյի մենակատարն էր Բելգիայում ստեղծագործող հայ ջութակահար Հրայր Կարապետյանը, իսկ երաժշտական ընթացքը ղեկավարում էր Ֆրանսիայից ժամանած դիրիժոր Ռալֆ Զիգետին։ Ծրագրում ընդգրկված էին նաև Պաբլո դե Սարասատեի, Գաբրիել Ֆորեի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները։

Դիրիժոր Ռալֆ Զիգետին նշեց, որ իր համար մեծ պատիվ է աշխատել հայկական նվագախմբի հետ՝ ընդգծելով․
«Ես Շառլ Ազնավուրի մեծ երկրպագուն եմ և նրա շնորհիվ եմ բացահայտել հայկական մշակույթը։ Հրայր Կարապետյանի հետ համագործակցում եմ, և նրա ցանկությունն էր ինձ բերել Հայաստան։ Ահա ես այստեղ եմ արդեն երրորդ անգամ՝ տեսնելով այսքան առաջընթաց և հայ երաժիշտների մեծ նվիրում, ինչը հիշեցնում է երկու երկրների խոր կապվածության մասին»։

Միջոցառման ընթացքում դիրիժոր Ռալֆ Զիգետին և մենակատար Հրայր Կարապետյանը, Երևանի պետական կամերային  երգչախմբի հետ համատեղ, անակնկալ կերպով կատարեցին Շառլ Ազնավուրի «she»՝ «նա» ստեղծագործությունը։ Իսկ գալա համերգն ամփոփվեց 13 մասից բաղկացած «Կարմեն» սյուիտով։

Ջութակահար Հրայր Կարապետյանը նշեց, որ շատ տպավորված է այս ելույթից՝ ընդգծելով իր կապը նվագախմբի հետ․
«Շատ տպավորված եմ, քանի որ հենց այս նվագախմբի հետ եմ սկսել իմ կարիերան 17 տարեկանում։ Հայաստանում նվագելը ասես քննություն լինի՝ շատ պատասխանատու է։ Դահլիճի մեծ մասին ճանաչում ես՝ հարազատներդ են, ընկերներդ։ Իմ առաջին ուսուցիչն էլ դահլիճում էր, և ես նվագում էի մի ստեղծագործություն, որը միայն իր հետ եմ անցել, ուրիշ ոչ ոքի հետ»։

Նա նաև հավելեց, որ մեծ ջերմությամբ է վերաբերվում հայ հանդիսատեսին․
«Հայ հանդիսատեսին շատ սիրեցի, 15 տարվա մեջ երկրորդ անգամ եմ Հայաստանում ելույթ ունենում։ Գրաֆիկումս հնարավորության դեպքում միշտ ազատ տեղ կա Հայաստանի համար»։

Այսպիսով, Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում փակվեցին ոչ միայն երաժշտական բարձր նոտայով, այլև մշակութային համագործակցության նոր հեռանկարներով՝ թողնելով տպավորիչ հետք երկրի մշակութային կյանքում։
 

ֆրանկոֆոնիա
Սյուզաննա Ուլիխանյան