05.06.2026
Կատեգորիա
Այլ
մեղվապահություն

Գաղափարը ծնվեց ոչ թե պարզապես բիզնես ստեղծելու ցանկությունից, այլ ընտանիքի պատմությունը շարունակելու պատասխանատվությունից։ Այս մասին պատմում է «Հաթերք Ֆուդ» ընկերության հիմնադիր Մարիամ Միրզախանյանը։ Ընկերությունը զբաղվում է մեղրի և դրանից ստացվող այլ ապրանքների արտադրությամբ։

«Մենք արդեն սերունդներով զբաղվել ենք մեղվապահությամբ՝ սկսած Արցախի Հաթերք գյուղից, և այդ տարիների ընթացքում մեղրը մեզ համար եղել է ոչ միայն արտադրանք, այլ արժեք», - բացատրում է երիտասարդ ձեռնարկատերը։

«Հաթերք Ֆուդն» արտադրում է շուրջ 12 տեսակի բնական մեղր՝ ներառյալ վայրի, անտառային, ակացիայի, մելիլոտուսի և այլ տեսակներ, որոնք ստացվում են Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարբեր տարածաշրջաններից։ Բացի բնական մեղրից, արտադրանքի շարքում են նաև մեղրի վրա հիմնված այլ արտադրանքներ՝ սուֆլե մեղրեր տարբեր համերով, շոկոլադ-պնդուկով մեղր, ինչպես նաև մեղվամթերք՝ մեղվի մայրակաթ, ծաղկափոշի և ակնամոմ։

Միրզախանյանը խոսքով՝ ամենաշատը շարունակում են սիրված լինել  բնական մեղրերը, հատկապես մելիլոտուսի, ակացիայի և վայրի մեղրը։ Բայց վերջին ամիսներին շատ արագ աճում է հետաքրքրությունը սուֆլե մեղրերի նկատմամբ․ դա այն արտադրանքն է, որը հաճախ ընտրում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր սովորաբար մեղր չեն օգտագործում։

Միաժամանակ, «Հաթերք Ֆուդ»-ը քայլեր է ձեռնարկում նաև արտահանման ուղղությամբ։ Արտադրանքնարտահանվել է ԱՄՆ, Քաթար, Միացյալ Արաբական Էմիրություններ, և ակտիվորեն աշխատում են նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ։

Խոսելով դժվարությունների մասին՝ Մարիամ Միրզախանյանը չի շրջանցում նաև պատերազմների թեման։

«Կյանքում ոչինչ հեշտ չէ, բայց թերևս ամենաբարդը Արցախյան պատերազմների միջով անցնելն ու չկոտրվելն էր», - նշում է ընկերության հիմնադիրը։

Հիմնադիրը առանձնահատուկ զգացմունքով է խոսում իր արմատների մասին․ «Մենք կորցրել ենք մեր տարածքները, մեր տնտեսությունները, բայց չենք կորցրել այն արժեքները, որոնք ձևավորվել են այնտեղ։ Արցախի Հաթերքը ապրում եմ յուրաքանչյուր բանկա մեղրի մեջ»։

Հիմա ընկերության գործունեության կարևոր ուղղություններից է տարբեր մարզերի գյուղական տնտեսությունների հետ համագործակցությունը՝ թարմ և վերահսկված հումք ապահովելու միջոցով։ Այս մոտեցումը աջակցում է նաև գյուղական համայնքների սոցիալական խնդիրների լուծմանը։

Միլենա Ավանեսյան