05.06.2026
Կատեգորիա
Մշակույթ
Վերնիսաժ

«Ես այստեղ եմ մոտ երեսուն տարի։ Սկզբում գալիս էի միայն վաճառելու, բայց հետո հասկացա, որ մարդիկ գալիս են նաև շփվելու, պատմելու, վերհիշելու», - այսպես է Վերնիսաժը բնորոշում այնտեղ հնաոճ իրեր վաճառող Արմեն Ղազարյանը։
Երևանի ամենամարդաշատ վայերից մեկում գործող շուկայի առօրյան ունի իր յուրահատուկ ռիթմը․ առավոտյան բացվող տաղավարներ, իրերի վրա ընկնող արևի լույս, վաճառողնեի ձայներ և մարդկանց չդադարող հոսք։

Առաջին հայացքից Վերնիսաժը շուկա է՝ լցված հին իրերով, ձեռագործ զարդերով, նկարներով և փայտյա աշխատանքներով։ Սակայն ավելի ուշադիր նայելիս պարզ է դառնում, որ այն մի տարածք է, որտեղ կարծես քաղաքը պահպանում է իր հիշողությունները։

Այստեղ կարելի է գտնել գրեթե ամեն ինչ՝ հին մետաղադրամներից ու գրքեից մինչև ժամանակակից ձեռագործ զարդեր և նկարներ։ Այս բազմազանության շնորհիվ է, որ Վերնիսաժը ոչ միայն շուկա է, այլ նաև յուրահատուկ մշակութային տարածք։ 
Արմեն Ղազարյանը բացատրում է, որ Վերնիսաժը տարիների ընթացքում փոխվել է, բայց չի կորցրել իր հիմնական մթնոլորտը։
Տարածքում նկատելի են նաև զբոսաշրջիկները, որոնք հաճախ կանգ են առնում, ուսումնասիրում իրերը, հարցրե տալիս վաճառողներին։ 

«Սա ինձ համար պարզապես շուկա չէ։ Այստեղ ամեն ինչ մի փոքր պատմություն ունի։ Ինձ համար հետաքրքիր է ոչ միայն գնելը, այլ նաև իմանալ այս իրերի պատմությունը։ Սա մի վայր է, որտեղ կարելի է ավելի լավ ճանաչել Հայաստանը»,- ընդգծում է վաճառասեղանին դրված իրերը տնտղող զբոսաշրջիկներց մեկը։

Վերնիսաժում աշխատողներից ոմանք նշում են, որ վերջին տարիներին տեղացիների հետաքրքրությունը որոշ չափով նվազել է, և նրանց մի մասը նախընտրում է գնումներ կատարել այլ վայրերից։ 

«Տեղացիները ավելի շատ նախընտրում են մոլեր գնալ, որտեղ ամեն ինչ ավելի արագ ու հարմար է։ Իսկ այստեղ մարդիկ ավելի շատ գալիս են նայելու, շրջելու, ոչ միշտ՝ գնելու, ասեմ, որ հիմնական գնորդները հիմա զբոսաշրջիկներն են։», - նշում է փայտագործ Արմեն Ոսկանյանը։
 

Միլենա Ավանեսյան