05.06.2026
Կատեգորիա
Կրթություն
ոչ ֆորմալ կրթություն

Արմինե Կարապետյանի կրթական ուղին միանգամի երկու ճանապարհով գնալու օրինակներից է։ Նա ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող էր, նպատակ ուներ դառնալ ուսուցիչ։

Սակայն երեք տարվա ուսումից հետո նա որոշում է նաև փորձել ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները։

«Համալսարանում սովորելը կարևոր փուլ էր, բայց հասկացա, որ միայն այդ ճանապարհը բավարար չէ ինձ համար»,- պատմում է Արմինեն։

Ոչ ֆորմալ կրթության ոլորտում նրա առաջին քայլերից մեկը եղել է գրաֆիկ դիզայնի կարճաժամկետ ծրագիրը։ Հենց այս փորձն էլ նրա մասնագիտական կյանքում տվեց նոր հնարավորություններ և հետաքրքրություններ։

«Երբ սկսեցի սովորել գրաֆիկ դիզայն, սկզբում այն պարզապես փորձ էր։ Բայց շատ արագ հասկացա, որ դա ինձ իսկապես հետաքրքրում է։ Կարճ ժամանակում ձեռք բերեցի գործնական հմտություններ, որոնք կարող էի անմիջապես կիրառել։ Դա ինձ վստահություն ներշնչեց, որ կարող եմ զարգանալ այդ ոլորտում։ Հենց այդտեղ զգացի, որ գտել եմ ինձ ավելի մոտ մի ուղղություն»,- ընդգծում է նա։

Կարապետյանի դիտարկմամբ՝ ոչ ֆորմալ կրթության առավելությունը դրա արագությունն ու պրակտիկ լինելն է, մինչդեռ համալսարանական կրթությունը տալիս է ավելի լայն և համակարգված գիտելիք։ Նրա խոսքով՝ այս երկու ձևաչափերը պետք չէ հակադրել, քանի որ դրանք կարող են լրացնել միմյանց։

«Ոչ ֆորմալ կրթությունը տալիս է արագ արդյունք և կոնկրետ հմտություններ, ինչը շատ կարևոր է աշխատանքում։ Բայց միևնույն ժամանակ համալսարանական կրթությունը ձևավորում է մտածողություն և տալիս է ավելի խորքային գիտելիք։ Ես հիմա ավելի լավ եմ հասկանում, թե որքան կարևոր էր այն հիմքը, որը ստացել եմ համալսարանում։ Այս երկու փորձերը միասին են ձևավորել իմ մասնագիտական ճանապարհը»,- ընդգծում է Արմինեն:

Նա իր երազանքը նույնպես իրագործեց ոչ ֆոչմալ կրթության շնորհիվ․ հիմա դասավանդում է և միաժամանակ ներգրավված է տարբեր նախագծերում՝ կիրառելով ինչպես իր ակադեմիական, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության ընթացքում ձեռք բերած հմտությունները։
 

Միլենա Ավանեսյան