Զեկույցով հանդես եկավ Պոմպեու Ֆաբրայի համալսարանից (Բարսելոնա) հրավիրված հետազոտող Ալբերտ Էլդուկեն: Պրոֆեսոր Էլդուկեն տեսողական մշակույթի, հիշողության հետազոտությունների և լրատվամիջոցների հետազոտող է։ Նրա գիտական հետաքրքրությունները մեծ ընդգրկում ունեն։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին միջգիտակարգային մոտեցումները միավորող միջազգային առանցքային հետազոտական նախագծեր՝ նշանագիտությունից և մշակութաբանությունից մինչև մեդիահաղորդակցության և թվային հումանիտար գիտություններում մշակված մեթոդներով: Ալբերտ Էլդուկեն հատուկ ուշադրություն է դարձրել COREM նախագծին (Կոլեկտիվ հիշողություն. երիտասարդների ներգրավումը կուրատորական պրակտիկայի միջոցով / Collective Remembrance: Engaging Youth Through Curatorial Practices), որի նպատակն է վերաիմաստավորել հավաքական հիշողությունը 11–16 տարեկան դեռահասների մասնակցության միջոցով և մշակել նոր կուրատորական պրակտիկա: Նախագիծը կենտրոնանում է 20-րդ դարի ցեղասպանությունների մասին պատմական գիտելիքների ձևավորման գործում երեխաների և մշակութային հաստատությունների՝ որպես ակտիվ մասնակիցների դերի վրա:
Ալբերտ Էլդուկեն ներկայացրեց նաև մեկ այլ հետազոտական նախագիծ, որը նվիրված էր սպորտում և մեդիայում տեսողական ներկայացումների վերլուծությանը, որտեղ ուսումնասիրվում են պատկերների, իշխանության և սոցիալական կառույցների միջև եղած կապերը կինոյի, ֆոտոլրագրության և արխիվային նյութերի միջոցով: Նշվեց նաև, որ հետազոտական ծրագրի շրջանակներում կիրառվել են վերլուծության ժամանակակից մեթոդներ, այդ թվում ՝ տեսողական նշանագիտության մոտեցումները, քարտեզագրում և տվյալների մշակման թվային գործիքներ և այլն։ Բացի վերը նշված գիտահետազոտական ծրագրից՝ ներկայացվեց ևս մեկը։
FUCAV կոչվող նախագիծը՝ «ֆուտբոլը և տեսողական մշակույթը ֆրանկիզմի ժամանակաշրջանում» օգտագործում է մեթոդաբանությունների լայն շրջանակ՝ ներառյալ սպորտի սոցիոլոգիան, պատկերաբանությունը, աստղերի ուսումնասիրությունը, գենդերային հետազոտությունը և քննադատական տեսությունը:
Սեմինարը մեծ հետաքրքրություն առաջացրեց ֆակուլտետի դասախոսների և սովորողների շրջանում, նաև կարևոր հարթակ դարձավ ժամանակակից հետազոտական մոտեցումների և միջազգային համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկման համար:
Կատալոնիայից ժամանած հյուրի ելույթից հետո սեմինարի շրջանակներում ներկայացվեցին նաև ամբիոնների վարիչներ, պրոֆեսորներ Դավիթ Պետրոսյանի և Տիգրան Սիմյանի, ինչպես նաև երկու ամբիոնների աշխատակիցների գիտական արդիական հրատարակությունները: