05.07.2026
ԱԲ

Նոր տեխնոլոգիաներն էականորեն փոխել են տեղեկատվական դաշտը։ Հատկապես մեծ է եղել արհեստական բանականության ազդեցությունը, որի զարգացման հետ ապատեղեկատվությունը դարձել է ավելի բարդ և դժվար ճանաչելի։ Եթե նախկինում կեղծ տեղեկությունները համեմատաբար հեշտ էր ստուգել, ապա այսօր դրանք հաճախ ունեն բազմաշերտ կառուցվածք և երբեմն գրեթե անհնար է տարբերել իրականից։

Այս պայմաններում փաստերի ստուգողները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։ Նրանք ոչ միայն պետք է արագ արձագանքեն տեղեկատվության հոսքին, այլև աշխատեն մի իրավիճակում, որտեղ անգամ ամենաժամանակակից գործիքները միշտ չէ, որ կարողանում են բացահայտել արհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք փաստեր ստուգող լրագրող Նանե Մանասյանի հետ։

Նանե

-Նանե, որքա՞ն ժամանակ եք զբաղվում փաստերի ստուգմամբ, և արհեստական բանականության զարգացումը ինչպիսի՞ փոփոխություններ է առաջացրել ոլորտում։ 

-Փաստերի ստոգմամբ զբաղվում եմ 2020 թվականից։ Ապատեղեկատվության կառուցվածքը, տարածման ձևերը և միջոցները տերեցտարի փոխվում են և գնալով ավելի մեծ մարտահրավերներ են ստեղծում փաստեր ստուգողների համար։ Արհեստական բանականությունը թերևս ամենմեծ մարտահրավերն է մեզ համար։ Մենք հաճախ, նույնիսկ մեր ձեռքի տակ եղած գործիքներով, որոնց միջոցով փորձում ենք ստուգել՝ բովանդակությունը, տեքստը, նկարը կամ տեսանյութը գեներացված է արդյոք արհեստական բանականությամբ, չենք կարողանում հայտնաբերել հստակ հետքեր։ Պատճառն այն է, որ արհեստական բանականությունը օրեցօր կատարելագործվում է, իսկ ստուգման գործիքները, թեև զարգանում են, միշտ չէ, որ հասցնում են հետևել այդ արագ տեմպին։

Մեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ տեսանյութը ակնհայտորեն կեղծ է եղել և գեներացվել է արհեստական բանականությամբ։ Մենք ստուգել ենք ամեն ինչ, նույնիսկ իրադարձության իրական լինելը, բայց որևէ գործիք այդպես էլ չի կարողացել հայտնաբերել արհեստական բանականության կիրառումը։  Նման մարտահրավերներով պայմանավորված՝ փաստեր ստուգողներն այլևս 100 %-ով ոչինչ չեն պնդում, երբ որևէ կոնտենտում տեսնում են կեղծիք։ 

Արհեստական բանականությունը փոխել է կեղծիքի անատոմիան, որովհետև այժմ ոչ միայն հանրային դեմքերի, քաղաքական գործիչների կերպարներն են օգտագործվում կեղծիք տարածելու համար, այլև ստեղծվում է քարոզչական, մանիպուլյատիվ և ծաղրական կոնտենտ, որը կարող է ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա։

-Այսօր հե՞շտ է տարբերել իրականը կեղծից։

-Այսօր ընդհանուր առմամբ հեշտ չէ տարբերել արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը իրականից։ Սա լուրջ մարտահրավեր է, և դեռևս լիարժեք տեխնոլոգիական լուծումներ չկան։ Ինչ վերաբերում է դասական կեղծ լուրերին, ապա դրանք ունեն տարբեր շերտեր․ որոշները ստուգելի են, իսկ որոշներին փաստեր ստուգողները դժվարությամբ են հասնում կամ ամբողջությամբ հերքում։

Քանի որ մենք հիմնականում աշխատում ենք բաց աղբյուրների և փաստերի հետ, ամեն ինչ չէ, որ հնարավոր է ստուգել, և ամեն երևույթի վերաբերյալ հնարավոր չէ անել վերջնական պնդումներ։ Այնուամենայնիվ, դասական ապատեղեկատվությունը, որը գոյություն ուներ մինչև այս տեխնոլոգիական փոփոխությունները, հիմնականում հնարավոր էր ստուգել՝ համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տվյալները և մոտենալով ճշմարտությանը։

Այսօր հանրության համար շատ դժվար է տարբերել կեղծը իրականից նաև մեդիագրագիտության համեմատաբար ցածր մակարդակի պատճառով։ Մարդիկ հաճախ հակված են հավատալու տեղեկատվությանը՝ առանց աղբյուրները ստուգելու։ Խնդիրն այն է նաև, որ որոշ խոշոր լրատվամիջոցներ երբեմն ինքնին դառնում են ապատեղեկատվության աղբյուր, ինչի հետևանքով նվազում է վստահությունը մեդիայի նկատմամբ։

Մյուս կողմից՝ այդ վակուումը լրացնում է սոցիալական մեդիան, որը չունի բավարար պատասխանատվության մեխանիզմներ։ Այնտեղ հաճախ տարածվող բովանդակությունը ստեղծվում է անհատների կամ խմբերի կողմից, որոնք կարող են թաքցնել իրենց ինքնությունը և սպասարկել տարբեր շահեր։ Նրանց բացահայտելը և պատասխանատվության ենթարկելը փաստեր ստուգողների համար հաճախ բարդ գործընթաց է։

Արդյունքում մարդիկ շարունակում են ակտիվորեն սպառել սոցիալական մեդիայում տարածվող տեղեկատվությունը, որը մեծ մասամբ ոչ միշտ է հավաստի։

-Ձեր աշխատանքում արդյոք օգտագործում եք ԱԲ գործիքներ, և դրանք ավելի շատ աջակցո՞ւմ են Ձեզ, թե՞ ավելի շատ սպառնալիք են։

-Այո, իմ աշխատանքում օգտագործում եմ արհեստական բանականության գործիքներ։ Դրանք հիմնականում աջակցում են տեխնիկական առումով, սակայն բովանդակության ստեղծման տեսանկյունից միշտ չէ, որ արդյունավետ են, հատկապես երբ խոսքը վերաբերում է հայաստանյան առանձնահատկություններին։

Օրինակ՝ միջազգային համատեքստում ԱԲ-ն կարող է բավական լավ աշխատել և առաջարկել բազմաշերտ բովանդակություն, սակայն հայաստանյան, հատկապես ներքաղաքական կամ արտաքին քաղաքական կոնտեքստում, այն դեռևս լիարժեք արդյունավետ չէ։ Այդ պատճառով ես խորհուրդ չէի տա լիարժեք վստահել ԱԲ-ին բովանդակության գաղափարների գեներացման հարցում։

Այնուամենայնիվ, որպես աջակցող գործիքներ դրանք բավական օգտակար են․ կարող են լավ ինֆոգրաֆիկաներ պատրաստել, տվյալները ներկայացնել գրաֆիկների կամ պատկերների միջոցով և աջակցել վիզուալ կոնտենտի ստեղծմանը։

Ընդհանրապես, ցանկալի է օգտագործել մի քանի գործիք և, եթե ցանկանում ենք ավելի վստահ արդյունք ստանալ, օգտվել վճարովի տարբերակներից, քանի որ անվճար տարբերակները հաճախ սահմանափակումներ ունեն և միշտ չէ, որ տալիս են որակյալ արդյունք։ Սա նաև փաստեր ստուգողների համար լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական պահանջներ է ստեղծում։

-Այսօր տեղեկատվության արագ տարածման պայմաններում հնարավո՞ր է համատեղել արագությունն ու ճշգրտությունը, թե՞ մեկը միշտ տուժում է։

-Սա բավական բարդ դիլեմա է։ Իրականում արագությունը հաճախ ազդում է ճշգրտության վրա, քանի որ դասական լրագրության սկզբունքներից մեկը տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրով ստուգելն է։

Երբ տեղեկատվությունը հրապարակվում է միայն մեկ աղբյուրի հիման վրա՝ առանց երկրորդ կողմի կամ լրացուցիչ փաստերի ճշտման, արագության ապահովման նպատակով, կարող է տուժել ինչպես ճշգրտությունը, այնպես էլ հանրային շահը։ Սակայն այս հարցը անմիջապես չի վերաբերում փաստերի ստուգման ոլորտին, քանի որ մենք չունենք լրահոս գեներացնելու կամ օպերատիվություն ապահովելու խնդիր։ Այդ պատճառով մենք աշխատում ենք խորացված մոտեցմամբ՝ համադրելով տարբեր աղբյուրներ և բաց տվյալներ։

-Ի՞նչ եք կարծում, մոտ ապագայում փաստերի ստուգման պահանջարկը կմեծանա՞, թե՞ԱԲ-ն կկարողանա տալ միանշանակ ստույգ ինֆորմացիա։

-Փաստերի ստուգման վերաբերյալ դժվար է ասել, որ պահանջարկը կմեծանա, որովհետև կեղծիքը ակնհայտորեն մեծանում է։  Սրան զուգահեռ մենք գիտենք, որ փաստեր ստուգողների աշխատանքը հաճախ, ցավալիորեն, կաթիլ է ամբողջ ապատեղեկատվության օվկիանոսի մեջ։  Մենք գիտենք, որ երբ կեղծիքը տարածվում է, դրա հերքումը, դրա ստուգումը հասնում է կեղծիքի զոհ դարձած լսարանի շատ քիչ հատվածին։

Մենք չպետք է ընկճվենք կամ հոգնենք, պետք է շարունակենք մեր աշխատանքը, սակայն ապատեղեկատվության ահռելի ծավալը, որը նկատվում է հատկապես նախընտրական շրջանում, ինչպես նաև տեխնոլոգիական առաջընթացը, որը նպաստում է դրա արագ տարածմանը, զգալիորեն բարդացնում են դրա ստուգելիությունը։

Այս պայմանները համարժեք չեն փաստերի ստուգողների իրական ռեսուրսներին՝ հատկապես մարդկային ռեսուրսների առումով։ Քանի որ կան շուրջ հարյուր լրատվամիջոցներ, որոնք անընդհատ գեներացնում են տեղեկատվական հոսք, մինչդեռ փաստերի ստուգմամբ զբաղվող խմբագրությունները Հայաստանում կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա։

Պահանջարկի աճի վերաբերյալ դժվար է ասել, որ այն կավելանա, քանի որ մարդիկ հաճախ ապրում են իրենց տեղեկատվական «աշխարհում» և հակված են հավատալու այն բովանդակությանը, որը համապատասխանում է իրենց դիրքորոշումներին՝ հատկապես քաղաքական հայացքների համատեքստում։

Նրանք հաճախ վստահում են կամ կեղծ տեղեկատվությանը, կամ այն լրատվամիջոցներին, որոնք տարածում են իրենց դիրքորոշումը հաստատող բովանդակություն։ Հետևաբար, երբ փաստերի ստուգողները բացահայտում են որևէ սխալ կամ կեղծ տեղեկատվություն, լսարանի այն հատվածին հասնելը, որը նախապես հակված չէ դրան հավատալու, դառնում է շատ դժվար։

Մարդիկ ունեն իրենց «այլընտրանքային ճշմարտությունը» և նախընտրելի տեսակետները, և այդ տեսակետներին չհամապատասխանող ցանկացած հերքում կամ ստուգում հաճախ ընդունվում է դիմադրությամբ, ինչը մենք տեսնում ենք փաստերի ստուգման աշխատանքում։

Պահանջարկի աճի մասին կանխատեսում անել դժվար է, սակայն, կարծում եմ, ժամանակը ցույց կտա իրական զարգացումները։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե պահանջարկը չավելանա, այս աշխատանքի անհրաժեշտությունը միանշանակ կա։

Փաստերի ստուգողները, պայմանականորեն ասած, տեղեկատվական դաշտի «սանիտարներն» են, որոնք կարող են գոնե մասամբ առողջացնել մեդիա միջավայրը կամ նպաստել դրա առողջացմանը։

Ալվարդ Անդրեասյան