05.07.2026
Կատեգորիա
ՏՏ
ԱԲ

Ժամանակակից մեդիադաշտում արհեստական բանականությունը ոչ միայն դարձել է լրատվամիջոցների աշխատանքի անբաժանելի գործիք, այլև որոշ դեպքերում սկսել է կատարել լրագրողի գործառույթները։ Այն լայն հնարավորություններ է ստեղծում՝ արագացնելով բովանդակության ստեղծումն ու տվյալների մշակումը, սակայն միաժամանակ առաջացնում է լուրջ մարտահրավերներ՝ կապված տեղեկատվության վստահելիության, մասնագիտական էթիկայի և ապատեղեկատվության տարածման հետ։ Այս պայմաններում առավել քան երբևէ կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է զարգանում լրագրությունը և ինչպես պետք է լրագրողները հարմարվեն նոր իրականությանը։

Թեմայի շուրջ զրուցել ենք Factor TV-ի գլխավոր խմբագիր Վանիկ Հակոբյանի հետ։

-Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխել լրագրության ոլորտը Հայաստանում և միջազգային մակարդակում։

-Սա շատ ընդգրկուն թեմա է, և կարճ զրույցի շրջանակում դժվար է ամբողջությամբ անդրադառնալ այն բոլոր ուղղություններին, որոնց վրա այն ազդել է։ Այնուամենայնիվ, կարելի է նշել, որ ազդեցությունն իսկապես ահռելի է՝ սկսած բովանդակության ստեղծման մեթոդներից մինչև տվյալների մշակման գործընթացներ։ Արհեստական բանականությունը միաժամանակ բերել է թե՛ նոր հնարավորություններ, թե՛ լուրջ մարտահրավերներ։ Եթե համեմատենք այն նախորդ տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են համակարգիչը կամ ձայնագրիչը, որոնք իրենց ժամանակին էապես փոխեցին լրագրության գործելակերպը, ապա արհեստական բանականության ազդեցությունը կարող է լինել շատ ավելի խորքային և երկարաժամկետ։ 

Օրինակ եթե ձայնագրիչը կամ համակարգիչը պարզապես գործիքներ էին, որոնց միջոցով մենք բովանդակությունը փոխանցում էինք՝ մուտքագրելով այն ստեղնաշարով, ապա այս դեպքում գործ ունենք արդեն բովանդակություն ստեղծող համակարգի հետ։ Այսինքն՝ արհեստական բանականությունը բազմաթիվ ոլորտներում սկսել է մասամբ փոխարինել մարդու աշխատանքը։ Մի կողմից սա ամենամեծ մարտահրավերն է, սակայն մյուս կողմից՝ խելամիտ օգտագործման պարագայում այն զգալիորեն կրճատում է տվյալների մշակման ժամանակը՝ ապահովելով արագ խմբագրում, տեքստի մշակում, պատկերների գեներացում և վիզուալների ստեղծում։

-Դուք նշեցիք, որ արհեստական բանականությունը սկսել է աշխատել լրագրողի և խմբագրի փոխարեն։ Ինչի՞ կարող է դա հանգեցնել, և որո՞նք են այն կարևոր կետերը, որոնց պետք է առանձնակի ուշադրություն դարձնել։

-Լիարժեք փոխարինում այս պահին, բնականաբար, չկա։ Սակայն տեսնում ենք, որ տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ, և այսօր արդեն հնարավոր է արհեստական բանականության օգնությամբ զրոյից ստեղծել բովանդակություն։ Եթե դիտարկենք լրագրողի աշխատանքի տեսանկյունից, ապա այն լրագրողները, ովքեր տիրապետում են ԱԲ գործիքներին և արդյունավետ կիրառում են դրանք, զգալիորեն բարձրացնում են իրենց մրցունակությունը և ավելի մեծ հնարավորություններ ստանում ժամանակակից մեդիադաշտում դիրքավորվելու համար։ Իսկ նրանք, ովքեր չեն տիրապետում կամ չեն օգտագործում այդ գործիքները, իրականում ռիսկի տակ են դնում իրենց մասնագիտական ապագան։  Կարևոր է գիտակցել, որ արհեստական բանականության գործիքների կիրառումը ժամանակակից լրագրության մեջ դարձել է անխուսափելի։ Առանց դրանց դժվար է պահպանել մրցակցայնությունը, քանի որ այն աշխատանքը, որը նախկինում կարող էր տևել մեկ ժամ կամ նույնիսկ մեկ օր, այսօր ԱԲ գործիքներին տիրապետող լրագրողը կարող է կատարել ընդամենը մի քանի րոպեում։ Օրինակ՝ բավական է հստակ ձևակերպել, թե ինչ վերնագիր կամ բովանդակություն է անհրաժեշտ, և արհեստական բանականությունը կարող է ստեղծել համապատասխան վիզուալ կամ տեքստ, որը այլ պայմաններում դիզայները կամ մասնագետը կպատրաստեր ժամերի ընթացքում։ Թեև վերջնական արդյունքը միշտ չէ, որ կատարյալ է, այնուամենայնիվ, արտադրական գործընթացը զգալիորեն արագանում և ավելի արդյունավետ է դառնում։  Նույնը վերաբերում է նաև տեքստից ձայն (text-to-speech) և ձայնից տեքստ (speech-to-text) տեխնոլոգիաներին։ Եթե նախկինում լրագրողները բավական շատ  ժամանակ էին ծախսում տեսանյութերի սղագրման վրա, ապա այժմ այդ տեխնիկական աշխատանքը իրականացվում է արհեստական բանականության միջոցով։ Լրագրողին մնում է վերցնել պատրաստ սղագրությունը, մշակել այն, հարմարեցնել հրապարակման ձևաչափին և ընտրել համապատասխան վերնագրեր։ Ավելին, հնարավոր է նաև հանձնարարել արհեստական բանականությանը առաջարկել վերնագրերի տարբեր տարբերակներ՝ սուր, զուսպ կամ տեղեկատվական։

Կարելի է կիրառել նաև հակառակ տարբերակը՝ ոչ թե speech-to-text, այլ text-to-speech տեխնոլոգիան։ Օրինակ՝ երբ մեր հյուրը Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսն էր, անհրաժեշտություն առաջացավ լրագրողի հայերեն հարցերը վերածել բնական հնչողությամբ անգլերեն տարբերակի։ Նման դեպքում արագ և բարձր մակարդակով անգլերեն կարդացող մասնագետ գտնելը բավականին ռեսուրսատար և ծախսատար է, հատկապես սեղմ ժամկետներում։ 

Արհեստական բանականության միջոցով, սակայն, հնարավոր եղավ լուծել այս խնդիրը արագ և արդյունավետ։ Մենք անգլերեն թարգմանված հարցերը տրամադրեցինք արհեստական բանականությանը, ընտրեցինք համապատասխան ձայնը, ստացանք ձայնագրությունը և այն օգտագործեցինք տեսանյութում։

Արհեստական բանականությունը տալիս է գրեթե անսահմանափակ հնարավորություններ, սակայն միաժամանակ առաջացնում է նաև լուրջ մարտահրավերներ, որոնք որոշ դեպքերում նույնիսկ բարդացնում են աշխատանքը։ Այդ գործիքները կարող են ծառայել ինչպես արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը, այնպես էլ ապատեղեկատվության տարածմանը՝ նպատակ ունենալով ապակողմնորոշել հասարակությանը։ Արդյունքում հաճախ «թացը չորի հետ է խառնվում»․ ստեղծվում են նաև deepfake-եր, որոնք գնալով ավելի դժվար է տարբերակել իրականից։ Եվ այս խնդիրը ժամանակի ընթացքում ավելի է խորանալու։

-Կարո՞ղ եք նշել մի դեպք, երբ արհեստական բանականության տրամադրած տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը, բայց օգտագործվել է լրագրողական նյութում։ Ինչպե՞ս կարելի է կանխել նման խնդիրները։

-Դժվար է առանձնացնել կոնկրետ դեպք, սակայն կարևոր է հասկանալ մի հիմնարար հանգամանք․ արհեստական բանականությունը հիմնվում է համացանցում առկա բովանդակության վրա։ Այսինքն՝ կախված նրանից, թե տվյալ թեմայի վերաբերյալ ինչ տեղեկատվություն է շրջանառվում առցանց, ԱԲ-ի պատասխանը կարող է լինել թե՛ ճիշտ, թե՛ սխալ՝ փաստական հիմքի տեսանկյունից։

Նման խնդիրներ առաջացել են, օրինակ, Ռուսաստան–Ուկրաինա պատերազմի վերաբերյալ տեղեկատվության ճշգրտության հարցում։ Հայտնի է, որ Ռուսաստանում արգելված է այս իրադարձությունները անվանել «պատերազմ»․ այն ներկայացվում է որպես «հատուկ ռազմական գործողություն», և հակառակ ձևակերպումները կարող են հետապնդվել։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ ռուսական կողմը  մեծածավալ աշխատանք է իրականացնում համացանցում սեփական նարատիվը տարածելու ուղղությամբ՝ ստեղծելով մեծ քանակությամբ քարոզչական բովանդակություն։ Արդյունքում, եթե արհեստական բանականությանը հարց տրվի, օրինակ, Բուչայի դեպքերի վերաբերյալ, ապա այն, հիմնվելով առկա աղբյուրների վրա, կարող է ներկայացնել նաև ոչ լիարժեք կամ խեղաթյուրված տեղեկատվություն։ Հետևաբար, եթե լրագրողը օգտագործում է արհեստական բանականությունը որպես տեղեկատվության աղբյուր, անհրաժեշտ է պարտադիր պահանջել, որ այն նշի տվյալների սկզբնաղբյուրները։ Սա թույլ է տալիս գնահատել տեղեկատվության վստահելիությունը։ Եթե պարզվում է, որ աղբյուրը հեղինակավոր լրատվամիջոց է, ապա կարելի է ավելի վստահ մոտենալ նյութին։ Իսկ եթե աղբյուրը կասկածելի է կամ անհայտ, անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զգուշություն և իրականացնել լրացուցիչ ստուգումներ։

-Իսկ դուք, որպես խմբագիր, ինչպե՞ս եք հասկանում՝ լրագրողն արդյոք կիրառել է արհեստական բանականությունը իր աշխատանքում։ Որո՞նք են այն նշանները, որոնց վրա ուշադրություն եք դարձնում։

-Էթիկական տեսանկյունից կարևոր է նշել, որ այն էթիկայի կանոնագրքում, որին մենք միացած ենք, հստակ սահմանված է՝ արհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը պետք է պարտադիր նշվի։ Սա պահանջ է, որին մենք հետևում ենք։ Եթե լրագրողը արհեստական բանականությունն օգտագործել է, օրինակ, միայն տեքստի սղագրությունը արագ ստանալու համար, ապա հատուկ նշում կատարելու անհրաժեշտություն չկա։ Սակայն բոլորովին այլ իրավիճակ է, երբ ամբողջ ռեպորտաժը կամ հոդվածը կառուցված է արհեստական բանականության միջոցով։ Այդ դեպքում պարտադիր պետք է նշվի, որ բովանդակությունը գեներացված է ԱԲ-ի օգնությամբ։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես հասկանալ՝ լրագրողը կիրառել է ԱԲ, թե ոչ, դա մեծապես փորձի հարց է։ Տեքստի ոճը, կառուցվածքը և բովանդակությունը հաճախ հուշում են՝ արդյոք այն համապատասխանում է տվյալ լրագրողի անհատական գրելաոճին, թե ոչ։ Այստեղ նաև գործում է ազնիվ գործընկերային հարաբերությունների սկզբունքը։ Անձամբ ես դեմ չեմ, որ լրագրողները օգտագործեն արհեստական բանականություն, եթե դա նպաստում է աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացմանը։ Ի վերջո, որպես խմբագրության ղեկավար, ինձ համար առաջնայինը վերջնական արդյունքն է։ Եթե, օրինակ, լրագրողներից մեկը ԱԲ-ի օգնությամբ կարողանում է մեկ ժամում ապահովել բարձրորակ արդյունք, իսկ մյուսը նույն գործը կատարում է մեկ օրում՝ առանց այդ գործիքների կիրառման, խմբագրությունը, բնականաբար, կընտրի ավելի արագ և արդյունավետ աշխատողին։ Սա այն իրականություններից է, որոնց մասին հաճախ չենք ցանկանում մտածել, բայց դրանք արդեն գոյություն ունեն։

-Ապագայում արհեստական բանականությունը կկարողանա ամբողջությամբ փոխարինել լրագրողին, թե՞ մարդկային գործոնը կպահպանվի։

-Կարծում եմ՝ գնալով ավելի բարդ է լինելու իրական լրագրողների համար աշխատանք գտնելը։ Պատկերացնենք մի պարզ սցենար․ անհրաժեշտ է պատրաստել տեսանյութային լրատվական թողարկում։ Այսօր արդեն հնարավոր է, որ մեկ մարդ կատարի նախկինում մի քանի հոգու գործը։ Օրինակ՝ վերցվում են անհրաժեշտ լուրերի հղումները, տրամադրվում արհեստական բանականությանը՝ հանձնարարելով պատրաստել հեռուստատեսային թողարկման ձևաչափին համապատասխան տեքստ՝ որոշակի տևողությամբ։ Այնուհետև ստացված տեքստը փոխանցվում է text-to-speech գործիքին, որը այն հնչեցնում է։ Արդյունքում ստացվում է պատրաստի տեսանյութ, որը կարելի է հրապարակել, օրինակ, YouTube-ում։ Սակայն այստեղ առաջանում են նաև նոր խնդիրներ։ Օրինակ՝ հարթակները, հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով, հաճախ առաջնահերթ չեն ցուցադրում ամբողջությամբ արհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ լրագրողներին արհեստական բանականության գործիքների հետ աշխատելիս։

-Իմ հիմնական խորհուրդը հետևյալն է՝ երբեք չդադարել սովորել։ Արհեստական բանականության գործիքները անընդհատ զարգանում են, ստեղծվում են նոր հնարավորություններ և աշխատանքի նոր ձևաչափեր, որոնք նախկինում անհասանելի էին։ Օրինակ՝ NotebookLM-ի նման գործիքների միջոցով կարելի է վերլուծել մեծածավալ տվյալներ։ Եթե, օրինակ, համակարգին տրամադրենք Հայաստանի պետական բյուջեի վերջին 10 տարիների փաստաթղթերը և հանձնարարենք վերլուծել կրթության ֆինանսավորման փոփոխությունները՝ աճը, նվազումը, դինամիկան և առանձնահատկությունները, ապա ԱԲ-ն կարող է դա անել ընդամենը մի քանի րոպեում։ Մինչդեռ առանց այդ գործիքների նման աշխատանքը կարող էր տևել օրեր կամ նույնիսկ ամիսներ։ Հետևաբար, կարևոր է ոչ թե կենտրոնանալ մեկ կոնկրետ գործիքի վրա, այլ ընդհանուր առմամբ տիրապետել տեխնոլոգիական միտումներին, հասկանալ դրանց հնարավորություններն ու սահմանափակումները։ Պետք է գիտակցել՝ որտեղ է ԱԲ-ն օգնում, որտեղ կարող է խանգարել, և որտեղ են թաքնված հնարավոր ռիսկերը։

Ալվարդ Անդրեասյան