Կան պատմություններ, որոնք սկսվում են հաջողությամբ, և կան պատմություններ, որոնք սկսվում են հարցից․ ինչու՞ երբեմն ամեն ինչ ունենալը դեռ չի նշանակում լինել լիարժեք։ Լանա Պետրոսյանի ճանապարհը հենց այս հարցից է սկսվել՝ մի ճանապարհ, որտեղ մի կողմից կա կրթություն, միջազգային փորձ և մասնագիտական կայացում, մյուս կողմից՝ անընդհատ որոնում՝ հասկանալու իրական հաջողության էությունը։
Երիտասարդությունը հաճախ կանգնած է ընտրության առաջ՝ արագ արդյունք, թե արժեքային ճանապարհ. Լանա Պետրոսյանը փորձում է այդ երկուսը համադրել՝ առաջարկելով հաջողության նոր սահմանում՝ հիմնված հավատքի, ինքնաճանաչման և ներքին խաղաղության վրա։
«Որպես մարկետինգի և բիզնեսի կառավարման մասնագետ՝ ունեմ 8 տարվա փորձ։ Ամերիկյան համալսարանում սովորելուց հետո վերապատրաստվել և աշխատել եմ ԱՄՆ-ում, մասնակցել միջազգային հեղինակավոր ծրագրերի, այդ թվում՝ Լաս Վեգասի տեխնոլոգիական համաժողովին և Հարվարդի Aspire Leaders ծրագրին։ Ինձ բնորոշում եմ որպես նպատակասլաց և աշխատասեր անձնավորություն։ Հավատացած եմ, որ յուրաքանչյուրս ունենք մեր առաքելությունը, որն իրագործելու համար Աստված մեզ օժտել է յուրահատուկ տաղանդներով։ Իմ նպատակն է օգնել մարդկանց բացահայտել իրենց այդ շնորհները և ապացուցել, որ յուրաքանչյուրն էլ կարող է հասնել հաջողության»,-պատմում է նա։
Լանայի պատմության մեջ կարևոր են ոչ միայն ձեռքբերումները, այլ դրանցից բխող գաղափարները։ Հաջողությունը, ըստ նրա, սկսվում է սեփական առաքելության գիտակցումից։ Այս մտածողությունը ձևավորվել է նաև փորձությունների միջով անցնելով՝ հատկապես ԱՄՆ-ում ապրելու տարիներին, երբ նա ստիպված է եղել ինքնուրույն հաղթահարել տարբեր մարտահրավերներ։
«Իմ կյանքում, ինչպես բոլորի կյանքում եղել են դժվարություններ, որոնք ստիպել են դառնալ ավելի իմաստուն, օգնել են ձեռք բերել ավելի մեծ կյանքի փորձ։ Կնշեմ ինձ համար շատ կարևոր էտապային փուլեր են եղել այն, երբ որ ես բնակվել եմ ԱՄՆ–ում․ այնտեղ սովորել և բնակվել եմ միայնակ՝ առանց իմ ընտանիքի։ Բնակվել եմ ամերիկյան ընտանիքում, կարծում եմ դա իմ կյանքի ամենամեծ փորձն է եղել, որը որ ինձ սովորեցրել է՝ ինչպես մարդկանց հետ ճիշտ հաղորդակցվել առանց հաշվի առնելու իրենց ազգությունը, տարիքը և այլն։ Այսինքն սովորել եմ ճիշտ շփվել մարդկանց հետ և աշխարհայացքս էլ լայնացրել եմ»,-հավելեց Պետրոսյանը։
Ժամանակի ընթացքում այս փորձը վերածվել է գիտակցության՝ գիտելիքը փոխանցելու անհրաժեշտության։ Այդ ներքին պահանջից էլ ծնվել է նրա գիրքը՝ «Ինչպես ստեղծել հաջողակ կյանք Աստծո առաջնորդությամբ», որը դարձել է ոչ միայն անձնական փորձի ամփոփում, այլ նաև ուղեցույց ուրիշների համար։
«Տարիների ընթացքում կյանքի փորձ հավաքելով, հասկացել եմ, որ մի շարք երիտասարդներ կարիք ունեն՝ կյանքի իմաստության մասին ճիշտ ինֆորմացիա ստանալու։ Հայերեն լեզվով այդպիսի աղբյուրները շատ քիչ են դրա համար, ես ինքս հասկացա, որ ուզում եմ գրել գիրք, որտեղ, որ կտրվեն կյանքի հաջողության հասնելու մի շարք ուղղեցույցներ և դրանք կլինեն շատ մատչելի ձևով գրված»,-նշում է հեղինակը։
Ինքնաճանաչման նկատմամբ այս հետաքրքրությունը դարձել է ոչ թե պարզապես անձնական զբաղմունք, այլ ձևավորվել է որպես գիտակցված ուղի՝ սեփական փորձը վերլուծելու և համակարգելու միջոցով։ Դեռ պատանեկան տարիներից սկսած՝ ձևավորվել է սովորություն՝ նշումներ անելու մտքերը, վերապրած փորձը և կյանքի դասերը, որոնք հետագայում դարձել են նրա աշխարհայացքի հիմքը և այսօր արդեն՝ փոխանցվող արժեք։
«Ես դեռ 15 տարեկանից հիշում եմ, որ հետաքրքրված եմ եղել ինքնազարգացմամբ և ունեցել եմ մի նոթատետր, որտեղ գրել եմ իմ բոլոր մտքերը և կյանքի փորձերը՝ այն դասերը, որոնք ժամանակի ընթացքում սովորել եմ։ Եվ երբ 2024 թվականին սկսեցի վարել բլոգը և տեսա, որ հատկապես 20–25 տարեկան երիտասարդներին հետաքրքիր է այս թեման, հասկացա, որ ժամանակն է կիսվելու իմ անցած փորձով։ Հասկացա, որ կարող եմ իմ սովորած տեղեկատվությունը հավաքել մի տեղ և դա տրամադրել մարդկանց»,-պատմում է Լանան։
Գիրքը մեծ արձագանք է գտել ընթերցողների շրջանում․ առաջին տպաքանակը սպառվել է օրերի ընթացքում, իսկ ընդամենը մի քանի ամսում այն ունեցել է հարյուրավոր ընթերցողներ։ Սակայն դրա արժեքը միայն թվերով չի չափվում․ այն ընկալվում է որպես ինքնաճանաչման գործիք։
«Գրքի ստեղծման պատմությունը ինքնին շատ հետաքրքիր է։ Ի սկզբանե այն նախատեսված էր որպես էլեկտրոնային գիրք, սակայն բլոգում արձագանքը ցույց տվեց, որ մարդիկ ցանկանում են տպագիր տարբերակը։ Տպագրված առաջին 100 օրինակն սպառվեց 9 օրում, հետո ևս 100-ը՝ նույն արագությամբ։ Չորս ամիսների ընթացքում գիրքը ունեցել է ավելի քան 900 գոհ ընթերցող»,–հավելեց Պետրոսյանը։
Հատկանշական է, որ գիրքը կառուցված է ոչ միայն մոտիվացիոն գաղափարների, այլև խորքային հոգեբանական և հոգևոր դիտարկումների վրա։ Հեղինակը ցույց է տալիս, որ մարդու արտաքին արդյունքները ուղիղ կապված են նրա ներքին աշխարհի հետ՝ մտածողությունից, վախերից և հավատքից։ Առանձնահատուկ կարևոր տեղ է զբաղեցնում «ներքին պակասի» գաղափարը, որտեղ հեղինակը բացատրում է, որ մարդու վարքագիծը հաճախ պայմանավորված է ոչ թե արտաքին հանգամանքներով, այլ ներքին չլուծված խնդիրներով։ Օրինակ՝ հետաձգումը ներկայացվում է ոչ թե որպես ժամանակի պակաս, այլ որպես ինքնավստահության կամ պատասխանատվության վախի արտահայտություն։
Գրքում կարևոր տեղ ունի նաև «ներքին ներդաշնակության» գաղափարը։ Հեղինակը նկարագրում է ժամանակակից մարդու ներքին հակասությունները՝ ցանկությունների և վախերի բախումը։ Ըստ նրա՝ մարդը հաճախ չի տառապում գործողությունից, այլ անվճռականությունից։ Հուզական ինտելեկտի մասին հատվածները ցույց են տալիս, որ ուժեղ մարդը նա չէ, ով չի զգում, այլ նա, ով կարողանում է կառավարել իր զգացմունքները։ Նա առաջարկում է մտածված արձագանքելու մշակույթ, որտեղ մարդը նախ հարց է տալիս ինքն իրեն, ապա միայն գործում։
Գրքի ստեղծման գործընթացը հեղինակի համար դարձել է նաև ներքին վերափոխման ճանապարհ՝ ինքն իրեն հասկանալու և կուտակված փորձը իմաստավորելու միջոց։
«Գրքի ստեղծումն ինձ առաջին հերթին ներքին խաղաղություն պարգևեց։ Երբ տարիների ընթացքում կուտակված էմոցիաներդ ու դժվարություններից քաղած դասերը վերածում ես պարզ ու գործնական ուղեցույցի, հոգուդ մեջ մի լուսավոր զգացողություն է արթնանում։ Սա մի գործիք է, որը կարող է օգնել կյանքի տարբեր իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել»,-ավելացրեց Լանան։
Լանայի համար այս գիրքը պարզապես գաղափարների հավաքածու չէ, այլ կյանքի փիլիսոփայություն, որը ձևավորվել է անձնական փորձի, ներքին պայքարների և հաղթահարումների արդյունքում։ Նրա խոսքում զգացվում է ոչ միայն փորձառություն, այլ նաև պատասխանատվություն՝ փոխանցելու այն գիտելիքը, որը կարող է փոխել մարդկանց մտածողությունը և օգնել նրանց ավելի գիտակցված ապրել։
«Յուրաքանչյուրս այս աշխարհում ունենք որոշակի առաքելություն, որն իրագործելու համար Աստված մեզ օժտել է տաղանդներով։ Սակայն կյանքի դժվարությունները կամ նեգատիվ էմոցիաները հաճախ շեղում են մեզ այդ ճանապարհից։ Իմ նպատակն է օգնել մարդկանց վերադառնալ իրենց իսկական կոչմանը և ապացուցել, որ հնարավոր է հասնել մեծ հաջողությունների՝ միաժամանակ պահպանելով մարդկային բարձր արժեքները»,-նշեց Պետրոսյանը։
Հաջողությունը հեղինակի ընկալմամբ միայն արտաքին արդյունք չէ, այլ ներքին ուղղության և արժեքների պահպանման գործընթաց։ Նա շեշտում է, որ մարդու իրական ներուժը բացահայտվում է այն դեպքում, երբ նա վերադառնում է իր առաքելությանը և սովորում է հաղթահարել ներքին ու արտաքին շեղումները՝ առանց հրաժարվելու մարդկային արժեքներից։
«Երբ հաջողությունը կառուցում ես Աստծո հետ, այն դառնում է կայուն ու երկարաժամկետ։ Կյանքի իմաստը ոչ միայն գումար վաստակելն է, այլև այն ներքին խաղաղությունը, որն ունենում ես սրտիդ խորքում։ Աստծո հետ ստեղծված հաջողությունը բերում է թե՛ բարեկեցություն, թե՛ հոգու հանգստություն»,– եզրափակեց հեղինակը։
Այսպիսով, Լանա Պետրոսյանի պատմությունը պարզապես հաջողության ճանապարհ չէ, այլ ներքին վերափոխման ընթացք։ Նրա փորձը ցույց է տալիս, որ հաջողությունը չի սահմանափակվում արդյունքներով․ այն ծնվում է այնտեղ, որտեղ մարդը լսում է իր ներքին ձայնը, ընդունում իր փորձությունները և դրանցից իմաստ է ստեղծում։ Երբ հավատքն ու արժեքները դառնում են կյանքի հիմք, հաջողությունը վերածվում է լիարժեքության զգացողության։
Ի վերջո, նրա պատմությունը հիշեցնում է՝ մարդը կարող է ունենալ ամեն ինչ, բայց լիարժեք լինել միայն այն ժամանակ, երբ գտնում է իրեն։