Ադրբեջանում մամուլի ազատությունը հետընթաց է ապրել։ Ըստ Reporters Without Borders (RSF)
կազմակերպության պաշտոնական կայքի ցուցանիշների՝ 2024թ․-ին 180 երկրների շարքում Ադրբեջանը
զբաղեցնում էր 164-րդ տեղը, իսկ արդեն 2025թ․-ին՝ 167-րդ տեղը։
OC Media (Open Caucasus Media)-ն գրում է՝ Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը 2026
թվականի ապրիլի 5-ին՝ Վրաստանից արտաքսվելու հաջորդ օրը, բերման է ենթարկվել Ադրբեջանի
իշխանությունների կողմից։ Ձերբակալման պատճառները դեռևս հստակեցված չեն։ Սադիգովի գործը ունի
ավելի լայն ենթատեքստ․ նա տարիներ շարունակ ենթարկվել է ճնշումների՝ ադրբեջանական
իշխանություններին քննադատելու համար։
Այս դեպքը դիտարկվում է որպես Ադրբեջանում անկախ լրագրողների նկատմամբ շարունակվող ճնշումների
օրինակ։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ 2023 թվականից ի վեր
Ադրբեջանում ձերբակալվել են տասնյակ լրագրողներ և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, ինչը վկայում է
մամուլի ազատության ոլորտում համակարգային խնդիրների մասին։
Ադրբեջանում գրեթե ողջ մեդիա ոլորտը գտնվում է պետական վերահսկողության տակ։ Երկրում չեն
հեռարձակվում անկախ հեռուստաալիքներ և ռադիոներ։ Բազմաթիվ թերթեր, լրատվական կայքեր, որոնք
ունեին քննադատական մոտեցում և բովանդակություն, փակվել են։ Սա էլ փաստում է մամուլի
ազատության խիստ վատ վիճակի մասին։ Վարչակարգը փորձում է վերացնել անկախ մամուլը՝ կիրառելով
լրագրողների նկատմամբ բազմաթիվ ճնշումներ։
Վերջին տարիներին օգտագործվում են պատժամիջոցներ՝ սահմանափակելու համար անգամ սոցիալական
կայքերում, անձնական էջերում օգտատերերի ազատ խոսքի իրավունքը։ Իշխանության քննադատումը
կայքերում կարող է խիստ հետևանքներ ունենալ հասարակության համար։ Խիստ հսկողության տակ են
հայտվել բազմաթիվ լրագրողներ, նրանցից շատերը երբեմն դատապարտվել են անազատության։
Ըստ Freedom House կազմակերպության պաշտոնական կայքի ցուցանիշների՝ Ադրբեջանը դասվում է
«ոչ ազատ» երկրների շարքին՝ ստանալով 100-ից 7 միավոր ընդհանուր ազատությունների ինդեքսում,
իսկ համացանցային ազատությունը 34-րդ։ Սա փաստում է, որ քաղաքացիական ազատությունը բախվում է
բազմաթիվ խոչընդոտների։
Institute for Peace and Democracy-ի տվյալներով՝ 2026 թվականի հունվարի 15-ի դրությամբ
Ադրբեջանում 31 լրագրողներ և բլոգերներ կան բանտարկված։ Սա նշանակում է, որ խախտվում է
լրագրողների աշխատանքը, ինչպես նաև սահմանափակվում է բլոգերների ազատությունն իրենց իսկ
անձնական հարթակում։
Լրագրողների հանդեպ բռնություններ են կիրառվում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև երկրից դուրս՝
Ադրբեջանի մասին քննադատական մտքեր արտահայտելու համար։
Committee to Protect Journalists (CPJ) կայքը գրում է լրագրող և բլոգեր Մեհման Հուսեյնովի
մասին, որը քննադատական մտքեր էր արտահայտել Իլհամ Ալիևի և իր ընտանիքի հասցեին։ Մեհման
Հուսեյնովը, ով 2017-2019 թվականներին իր քննադատական նյութերի պատճառով բանտարկվել է,
հայտնել է, որ իր տեսանյութերի պատճառով մահվան սպառնալիքներ է ստացել և ապրում է Եվրոպայում՝
ոստիկանության պաշտպանության տակ: Նրա հրապարակումների պատճառով հետապնդման էր ենթարկվել
նաև իր եղբայրը՝ Էմին Հուսեյնովը։ Վերջինս պատահաբար նկատել էր, որ իրեն հետապնդում են, որից
հետո սկսվել էին բացահայտ սպառնալիքներ։ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները եղբայրների դեմ
զրպարտություններ էին սկսել տարածել։
2023 թ. դեկտեմբերի 13-ին հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալիի ձերբակալությունը դիտարկվում է
որպես մամուլի դեմ ուղղված վերջին քայլերից մեկը։ Նա այն լրագրողների շարքում է, որոնք բախվել են
հետապնդումների՝ իրենց մասնագիտական գործունեության պատճառով։ Բաբալին և «Abzas Media»
լրատվական հարթակի մի քանի լրագրողներ կալանավորվել են կոռուպցիոն թեմաների լուսաբանման
համար։ Ձերբակալված լրագրողները նաև հաղորդակցման խնդիր ունեն և չեն կարողանում կապի դուրս գալ
անգամ իրենց հարազատների հետ։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել
ձերբակալված լրագրողներին և դադարեցնել ճնշումները անկախ մամուլի դեմ՝ շեշտելով, որ նման
գործողությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և խոչընդոտում անկախ լրագրողների
գործունեությունը։
Վերոնշյալ փաստերը հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանում մամուլի ազատությունը ոչ միայն
սահմանափակ է, այլ գտնվում է լուրջ ճգնաժամային փուլում։ Լրագրողների ձերբակալությունները, անկախ
մեդիայի փակումը, խոսքի ազատության վերահսկողությունը և քննադատության հանդեպ
անհանդուրժողականությունը վկայում են, որ երկրում ձևավորվել է վերահսկվող տեղեկատվական միջավայր։
Այս ամենը բնորոշ է ավտորիտար համակարգերին, որտեղ իշխանությունը ձգտում է վերահսկել
ոչ միայն տեղեկատվությունը, այլև հասարակական կարծիքը։ Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ
Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատությունը փաստացիորեն սահմանափակված է, իսկ անկախ
լրագրությունը՝ շարունակական ճնշման տակ։