Տարեցտարի Ադրբեջանի թե' պաշտոնյաների կողմից և թե' պաշտոնական աղբյուրներից էլ ավելի հաճախ է
հնչում «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը, որը ընդգրկում է Հայաստանի Հանրապետության
ինքնիշխան տարածքները։ Այն ներթափանցել է քաղաքական, կրթական և դիվանագիտական դաշտ։
Ի՞նչ է թաքնված այս ձևակերպման հետևում, և ի՞նչ նպատակներ է այն հետապնդում։ Ըստ ադրբեջանագետ
Տաթևիկ Հայրապետյանի՝ սա բավականին վտանգավոր խոսույթ է, որ Ալիևը սկսեց ավելի գործուն կերպով
բարձրաձայնել 2022 թ․ դեկտեմբերի 24-ից սկսած: Այս հորինվածքը Հայաստանի Հանրապետությունը
անվանում է «Արևմտյան Ադրբեջան»՝ հիմնվելով այն կեղծ և անհիմն պնդման վրա, իբրև «այս
տարածքում երբեք Հայաստան չի եղել, և ներկայիս Հայաստանը պատմականորեն ադրբեջանական հող է»:
Սա պարզապես քաղաքական քարոզչություն չէ․ այս հորինվածքը ներդրվում է կրթական համակարգում՝
ադրբեջանցիների հաջորդ սերնդին սովորեցնելով, որ հարևան Հայաստանն իրենց «հնագույն հողն» է:
Անդրադառնալով այս հարցին՝ Տ․Հայրապետյանը նշում է․ «Ուշագրավ զարգացումն այն է, որ
Հայաստանի Հանրապետությունը որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու մտադրությունը ներառվել
է ուսումնական ծրագրում միայն սկսած 2024 թվականից: Հարկ է նշել, որ այսպես կոչված «Արևմտյան
Ադրբեջանի համայնքի» հետ հանդիպման ժամանակ 2022 թվականի դեկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը
հայտարարել էր. «…Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած
խնդիրը: Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը: Բայց
մենք չպետք է ժամանակ վատնենք: Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ: Կրկին, այն պետք է լինի
խաղաղ հայեցակարգ…»։ Այս հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ Ալիևը գիտակցում էր այդ
պնդման և՛ անհավանականությունը, և՛ իր ավելի լայն ծավալապաշտական հավակնությունների
աշխարհաքաղաքական հավանական վտանգները: Նա գիտակցաբար խուսափում
էր հրապարակայնորեն անդրադառնալ այդ հարցին, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
չէր լուծվել»։
Այսպիսով պարզ է դառնում, որ գործ ունենք ոչ թե լեզվական ձևակերպման, այլ կոնկրետ համակարգված
քաղաքականության և դիվանագիտական քայլերի հետ։ Ըստ Հայրապետյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատերազմով և էթնիկ զտումով «լուծելուց» հետո Ադրբեջանը պետական մակարդակով սկսել է անթաքույց զավթողական հայեցակարգ մշակել․ «Իմ կարծիքով՝ նպատակը պարզ է․ Ադրբեջանը փորձում է ՀՀ տարածքը դարձնել «վիճելի» տարածք։ Կարճ ասած՝ Արցախի թեման փակելուց ոգևորված` Ալիևն արդեն աչք է դրել ՀՀ տարածքի վրա։ Ընդ որում՝ նա դա չի էլ թաքցնում»։
Այս համատեքստում առաջ է գալիս նաև այն հարցը, թե նման համակարգված գաղափարախոսության
ձևավորումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն ներքին հասարակական ընկալումների, այլև
տարածաշրջանային երկարաժամկետ կայունության և խաղաղության ամրապնդման վրա։ Փորձագետը նշում
է․ «Այս խոսույթը չի տարածվում միայն լրատվամիջոցներում։ Այս զավթողական քաղաքականության
ներառումը պետական դպրոցական ծրագրերում, համալսարանական ծրագրերում և նույնիսկ մանկական
հեքիաթներում հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ է դաստիարակվում այն
համոզմունքով, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանն» է և «պատկանում է Ադրբեջանին»։ Սա
նպաստում է ագրեսիվ մտադրություններով և ծավալապաշտական գաղափարախոսությամբ ձևավորված
մտածելակերպի զարգացմանը, որը ջատագովում է միապետական վարչակարգը։ Համակարգը բացառում է
ցանկացած իրական խաղաղության խոսույթ և ճնշում է այլախոհությունը՝ հաճախ բանտարկելով նրանց,
ովքեր պաշտպանում են բռնության բացառումը և խաղաղ հարևանությունը։ Ալիևի միապետական
վարչակարգի արտաքին շղարշից այն կողմ գոյություն ունեն խորապես մտահոգիչ պատումներ, որոնք
հիմնված են պատմական վերաքննության և կեղծ փաստերի վրա: Այս պատմությունները համակարգված
կերպով սերմանվում են վաղ մանկությունից՝ նախադպրոցական տարիքից մինչև բարձրագույն կրթական
հաստատություններ»:
Տ․ Հայրապետյանի խոսքով՝ անժխտելի ճշմարտություն է, որ Ալիևի հավակնությունները երբեք
չեն սահմանափակվել միայն Արցախով: Նա բազմիցս ցուցադրել է տարածքային պահանջների ավելի լայն
ախորժակ, և այն, ինչ այժմ տեսնում ենք, մեկ այլ վտանգավոր միտում է:
Այս երևույթի ֆոնին առաջացող հարցին, թե Հայաստանի Հանրապետությունը հակազդեցության ինչպիսի՞
մեխանիզմներ կարող է մշակել և կիրառել, ադրբեջանագետը հստակեցրեց․ «Հաշվի առնելով այս անհանգստացնող միտումը, Հայաստանը պետք է ոչ թե լինի արձագանքողի դերում, այլ լինի նախաձեռնողական և մշակի կանխարգելիչ ռազմավարություն․ մի ռազմավարություն, որը պաշտպանում է իր ինքնիշխանությունը ոչ միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով, այլ նաև օրենքի, ճշմարտության և դիվանագիտության: Բացահայտ ծավալապաշտական պատումի հանդեպ պասիվ մնալը խրախուսում է հետագա ագրեսիան: Հայաստանի կառավարությունը միջազգային գործընկերների ակտիվ ներգրավման կարիք ունի, և դրան հասնելու համար էական է հստակ, հետևողական ուղերձների
տարածումը»:
Փաստացի, Ադրբեջանի Հայաստանի հանդեպ ծավալապաշտական նկրտումները տարածաշրջանում
խաղաղության հաստատման և կայունության ապահովման հիմնական խոչընդոտներից են։