Հայաստանում բժշկական օգնությունը շատերի համար ոչ միայն առողջական խնդիր է, այլև՝ ֆինանսական։ Բուժման, դեղորայքի համար նախատեսված ծախսերի պատճառով շատերը տարիներ շարունակ հետաձգում էին բժշկի դիմելը կամ էլ պարզապես հրաժարվում։
Խնդիրը հատկապես սուր էր սոցիալապես խոցելի խմբերի, մարզային բնակչության և թոշակառուների շրջանակում։
2026 թվականի հունվարի 1-ից Կառավարությունը ներդրեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։
Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ առաջին փուլում պետությունը ապահովագրավճարը վճարելու է մինչև 18 տարեկանների, 65+ տարեկանների և 18-65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցիալական նպաստներ ստացող քաղաքացիների համար: Այսինքն՝ այս խմբի քաղաքացիների բժշկական ծախսերը 100%-ով կհոգա պետությունը։
«Ընդհանուր առմամբ այսօր համակարգում ներառված է 1 մլն 571 հազար 181 անձ: Մինչև 18 տարեկաններն այս թվի 39.9 տոկոսն են, 65 և ավելի բարձր տարիքի թոշակառուները՝ 32.5 տոկոսը, 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ 18.3 տոկոսը, սոցիալական աջակցության խմբերը՝ 9.3 տոկոսը: Այսինքն՝ ընդհանուր անձանց շրջանակի միայն 18.3 տոկոսն է, որ ապահովագրավճար վճարող է, մյուսները պետական հոգածության ներքո են»,- հունվարի 30-ի ասուլիսում նշել էր Անահիտ Ավանեսյանը:
Այսինքն՝ այս խմբի քաղաքացիների բժշկական ծախսերը 100%-ով կհոգա պետությունը, ներառյալ՝ վիրահատություններ, ամբուլատոր հետազոտություններ և դեղորայքային աջակցություն։
80-ամյա Լ.Դ-ն պատմում է, որ վերջերս է վիրահատվել․ ընկնելու հետևանքով վնասվել էր կոնքազդրային հոդը. մինչվիրահատական բոլոր զննումները և հետազոտությունները անվճար են եղել։ Ասում է, որ լավ ծրագիր է, թող շարունակական լինի և գործի հասարակության բոլոր տարիքային խմբերի և շերտերի համար։
Աժ-ում ծրագրի քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավորները բարձրացրին տարիքային շեմի հարցը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում թոշակառու դառնալու շեմը սկսվում է ավելի վաղ,եթե քաղաքացիներն ունեն տասը տարիների աշխատանքաըին փորձ և առաջարկեցին ընդգրկել նաև 63–64 տարեկաններին։ Ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին՝ Կառավարությունը պատասխանեց, որ նման ընդլայնման համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ, որոնք տվյալ փուլում հնարավոր չէ ապահովել, սակայն, ըստ Կառավարության, ՀՀ բոլոր քաղաքացիները մինչև 2028 թվականը ամբողջապես կընդգրկվեն ծրագրում։
Քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են նաև ենթակառուցվածքային խնդիրներ՝ բժշկական հաստատությունների ծանրաբեռնվածության, մարզերից Երևան հոսքի և բժշկական անձնակազմի պատրաստվածության վերաբերյալ։
Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը նշում է, որ բուժառուների հոսքը առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումից հետո ավելացել է, բաժանմունքների աշխատանքն ավելի է ծանրաբեռնվել. եթե մինչև 2026 թվականը ապահովագրությունից օգտվում էին օրինակ միայն երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալապես անապահով քաղաքացիները և այլք, ապա հիմա առողջության համընդհանուր ապահովագրությունից արդեն օգտվում են նաև 65+ տարիքի քաղաքացիները։
Կառավարությունն իր հերթին նշել է, որ նման խնդիրները բնական են համակարգի ներդրման սկզբնական փուլում և պետք է կարգավորվեն գործարկման ընթացքում։