Ժամանակակից հայկական մեդիադաշտում իր ուրույն և առանձնահատուկ տեղն է շարունակում զբաղեցնել սփյուռքահայ մամուլը։ Այն չի սահմանափակվում միայն լուրերի փոխանցմամբ, այլ հանդես է գալիս որպես ինքնության պահպանման, համայնքային համախմբման և ազգային հիշողության փոխանցման կարևոր հարթակ։ Այս դերը հատկապես տեսանելի է լիբանանահայ միջավայրում գործող պարբերականների գործունեության մեջ։
Սփյուռքահայ մամուլի դերի և կարևորության մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու նպատակով զրուցել ենք «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ։
-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ ուղղվածություն ունի «Զարթոնք»-ը, և ինչպիսի՞ գաղափարական ու խմբագրական սկզբունքներ է ձևավորում դրա բովանդակությունը։
-«Զարթօնք»-ն ազգային-քաղաքական թերթ է՝ հիմնուած 1937-ին Լիբանանի մէջ: Անոր առաջին խմբագիրը հանդիսացած է Վահան Թէքէեանը: Ան պաշտօնական օրկաններէն է Ռամկավար Ազատական Կուսակցութեան: Դաւանելով ժողովրդավարական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի, և ըստ այս է, որ կը ձեւաւորուի մեր թերթին բովանդակութիւնը:
-Ի՞նչ դեր են խաղում թերթերը, մասնավորապես՝ «Զարթոնք»ը, լիբանանահայ համայնքի ձևավորման և ինքնության պահպանման գործում։
-«Զարթօնք»ը ինչպէս լիբանանի հայկական միւս բոլոր թերթերուն դերը մեծ եղած է Լիբանանի մէջ (եւ ընդհանրապէս Մերձաւոր Արեւելքի մէջ, ուր պարագաներու բերումով ամնէ տեղ չէ, որ հայկական թերթ կը հրատարակուէր) հայ համայնքի ձեւաւորումին յետ-ցեղասպանութեան տարիներուն: Ան իր լրատուական դերէն վեր եւ անդին ունեցած է հայապահպանման կարեւոր առաքելութիւն: Կիլիկիայէն մազապուրծ Լիբանան հասած հայորդիներուն մեծահասակ դասը, որ որուն մեծամասնութիւնը թրքախօս էր, Հայերէն սորված է մեր թերթերէն: Հայրենիքի հետ իր կապն ու անորմով հպարտանքը եղած է նաեւ մեր թերթով: Մէկ խօսքով, մեր թերթը, եկեղեցիին եւ դպրոցին կողքին կարեւոր ազդակ մը եղած է համայնքին հայկականութիւնը պահպանելու գործին մէջ:
-Ի՞նչ գաղափարախոսություն է կրում «Զարթոնք» անվանումը, և արդյոք այդ գաղափարական բովանդակությունն այսօր էլ շարունակում է ուղենիշ լինել խմբագրական քաղաքականության համար։
-Այս հարցին պատասխանը մասամբ մը տրուած է առաջին հարցումին պատասխանին մէջ: «Զարթօնք» անունի ընտրութիւնը ինքնաբացատրական է իր հայերէն լեզուի մէջ ունեցած իմաստով: Ան ցեղասպանութիւն տեսած մեր ժողովուրդին վերստին զարթնելու ու ոտքի կանգնելու մղիչ ուժերէն մէկը հանդիսացած է իր գոյութեամբ:
-Պարոն Հակոբյան, իսկ ինչո՞վ է «Զարթոնք»-ը տարբերվում լիբանանահայ և սփյուռքի մյուս հայկական մամուլից։
-Մեր թերթը, ի տարբերութիւն Սփիւռքի մէջ հրապարակուող շատ մը այլ թերթերէ (յատկապէս դաշնակցական մամուլէն), ջատագոված է Խորհրդային Հայաստանի գոյութիւնն ու զարգացումը, զայն նկատելով երաշխիքը Հայ ժողովուրդի գոյատեւումին: Հակառակ գաղափարական տարբերութեան, մեր թերթին ետին կանգնողները հաւատացած են, որ իշխանութիւնները անցողակի են սակայն Հայրենիքը յաւերժ: Քաջալերած է ու կազմակերպողներէն մէկը եղած է 1946-1948 տարիներու ներգաղթին դէպի Հայրենիք: Նոյն կերպով, ցուրտ պատերազմի տարիներուն Հայաստանեայց Առաքելական Եկեղեցիին մէջ ծագած խնդիրներու պահուն, ամուր կանգնած է Մայր Աթոռի կողքին, Սփիւռքի մէջ դառնալով անոր դրօշակակիրը ընդդէմ այդ տարիներուն զաւթուած Կիլիկեան աթոռին:
-Ի՞նչն եք համարում «Զարթոնք»-ի ամենամեծ ժառանգությունն ու ուղերձը լիբանանահայ համայնքի համար՝ անցյալից մինչ այսօր։
-Մեր երկարամեայ նախկին խմբագրապետ Գերսամ Ահարոնեանի կուռ խմբագրականները եղած են ուղեցոյցը Լիբանանի մէջ Հայաստանամէտ մեր ժողովուրդի զաւակներուն: Հայոց Ցեղասպանութեան նուիրուած իր հսկայական հատորը՝ «Յումատեան Մեծ Եղեռն»-ի ամենաշատը փնտռուած հրատարակութիւնը եղած է իր օրերուն, որուն մէջ ան խորունկ կերպով վաւերագրած է հայոց ոդիսականը: Իր խգրութիւններով եւ խմբագրականներով է, որ կազմուած է «Մեծ Երազի ճամբուն վրայ» գիրքը, որ շատ մը հայկական դպրոցներու մէջ ծառայած է որպէս Հայոց Պատմութեան դասագիրք: Հայոց Ցեղասպանութեան յիշատակութեան նուիրուած իր մէկ ելոյթին մէջ ան արձակած է «Գալ Տարի Վանի Մէջ» ասոյթը եւ այս խոստումով ու հաստատակամութեամբ է, որ մեր թերթը շարունակած է իր երթը ինչպէս իր տարիներուն, այնպէս ալ իրմէ ետք եւ մինչեւ օրս: