Այսօր, երբ մեդիան ձևավորում է տեղեկատվության արագ տարածման նոր կանոններ, անձնական կյանքի գաղտնիության և հանրային շահի սահմանը դարձել է առավել զգայուն քննարկման թեմա։
-Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է արդիական անձնական կյանքի գաղտնիության և հանրային շահի հարցը ԶԼՄ-ների գործունեությունում, և ինչո՞վ է պայմանավորված դրա կարևորությունը։
-Առհասարակ, անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը անձի սահմանադրական հիմնարար իրավունքներից է, և այն արժանի է այլոց կողմից հարգանքի: Ցանկացած դրսևորում, որը կարող է հանգեցնել անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման, անընդունելի է և, առանձին դեպքերում, նաև քրեորեն պատժելի արարք: ԶԼՄ-ները, անձանց վերաբերյալ անձնական տվյալներ հրապարակելիս, պետք է լինեն բավականաչափ զգուշավոր և կարողանան տարանջատել, թե որ բնույթի տեղեկությունները կարող են հրապարակվել, որոնք` ոչ, և արդյոք այդ տեղեկությունների հրապարակումը հանրային նշանություն և կարևորություն ունի, թե ոչ:
-Ինչպե՞ս են համադրվում տեղեկատվության և խոսքի ազատությունը անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հետ։
-Առհասարակ, տեղեկատվության ձեռքբերման ազատությունը, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքը, սահմանադրական իրավունքներ են, բայց այդ իրավունքները բացարձակ չեն և կարող են սահմանափակվել այլոց իրավունքների խախտման տեսանկյունքից: Այդ իրավունքներից մեկն էլ անձնական կյանքի ոչ իրավաչափ, անհամաչափ միջամտությունն է, հատկապես մասնավոր բնույթի տեղեկությունների հրապարակումը, որը կարող է խոչընդոտել և մնասել մարդուն` հետագայում իր կյանքը բնականոն ձևով ապրելու համար:
-Անձնական կյանքի գաղտնիության և հանրային շահի սահմանը որոշելիս լրագրողներն ամենից հաճախ ի՞նչ սխալներ են թույլ տալիս։
-Այս համատեքստում կարելի է արձանագրել մի կարևոր դրույթ, որ անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս պետք է առաջնորդվել այն հիմնական սկզբունքով, թե այդ տեղեկատվության հրապարակումը ինչքանով է նպաստում հանրային շահի պաշտպանությանը: Եթե դա զուտ բավարարում է հանրային հետաքրքրասիրությունը, ապա այս դեպքում ոչ միայն գործ ունենք լրագրողական էթիկայի կանոնների խախտման, այլ նաև օրենսդրական որոշակի կարգավորումների սահմանազանցման հետ:
-Ներկայիս սահմանադրական և օրենսդրական կարգավորումները որքանո՞վ են բավարար անձնական կյանքի գաղտնիության իրավունքի պաշտպանության համար։
-Մինչև 2015 թվականը գործում էր անհատական տվյալների մասին առանձին օրենք, բայց ամբողջ ծավալով չէր բացահայտում և չէր սահմանում այն կարգավորումները, որոնք իրապես անհրաժեշտ են անձնական տվյալների պաշտպանության համար: 2015 թվականին ընդունվեց անձնական տվյալների մասին նոր օրենք, որտեղ ընդհանուր ներկայացված է ոչ միայն այն, թե որ բնույթի տեղեկությունները կարող են համարվել անձնական բնույթի տեղեկություններ, այլ նաև սահմանված են դրանց տնօրինման, տարածման, ձեռքբերման օրինականությունը, համաչափությունը և իրավաչափությունը: Հետևաբար, այստեղ շատ կարևոր է հաշվի առնել ցանկացած անձնական բնույթի տվյալ հրապարակելիս դրա իրավաչափությունը, ձեռքբերման օրինականությունը և տնօրինողի կողմից դրանք հրապարակային դարձնելու լիազորությունների շրջանակը: Ասեմ ավելին, որ մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը Սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, և, բացի այդ, Եվրոպական կոնվեցիայով նախատեսված է այս իրավունքի հիմնարար և ամբողջական պաշտպանությունը:
-Ձեր կարծիքով՝ ԶԼՄ-ներն ի՞նչ ազդեցություն են ունենում անձնական կյանքի գաղտնիության իրավունքի վրա և ինչպիսի՞ հետևանքներ կարող են առաջանալ։
-Ցանկացած անձնական բնույթի տվյալների հրապարակային դարձնելը, որտեղ առանցքային դերակատարություն ունեն նաև լրատվամիջոցները, ենթադրում է մեծ զգուշություն, որովհետև անձնական տվյալները զգայուն են, և այդ տվյալների հրապարակելը կարող է վտանգ ներկայացնել իրենից հենց նույն անձնաց պաշտպանության`կյանքի իրավունքի և ալյ իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Օրինակ`եթե մենք տարբերակում են հանրային դեմքերի, պաշտոնատար անձնաց վերաբերյալ հրապարակումները, այստեղ կան որոշակի թույլատրելիության սահմաններ` իրենց հանրային դիրք զբաղեցնելով պայմանվորված: Սակայն մասնավոր քաղաքացիների վերաբերյալ այս բնույթի տեղեկությունների հրապարակման հարցում բավականին մեծ զգուշավորություն է պետք, որովհետև դրանց ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված լինելը և առանց անձի համաձայնության հրապարակային դարձնելը կարող են առաջացնել նաև քրեաիրավական հետևանքներ: Այն, որ մեդիան մեծ ազդեցություն կարող է ունենալ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի վրա, ակնհայտ է, որովհետև մեդիան հանրային կարծիք ձևավորող կարևորագույն ինստիտուտներից մեկն է և պատասխանատվություն ունի նաև զգայուն տվյալների հետ աշխատելիս: Օրինակ` եթե խոցելի խմբերի` հատկապես երեխաների, վերաբերյալ անձնական տվյալների հրապարակումը չի թույլատրվում առանց վերջիններիս օրինական ներկայացուցիչների համաձայնության և թույլտվության, ապա լինում են բացառիկ դեպքեր, երբ երեխան կորել է, և նրան հայտնաբերելու նպատակով նրա անվան, ազգանվան և նույնականացնող տվյալների հրապարակումը կարող է նպաստել որոնողական աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը: Այստեղ երեխային գտնելու կենսական շահն ավելի առաջնային է, քան նրա վերաբերյալ անձնական տվյալը չհրապարակելը: Սակայն մյուս դեպքերում, եթե դա պարունակում է զուտ հանրային հետաքրքրությունը բավարարելու մոտեցում, այստեղ խնդիրը լուրջ է: Պետք է միշտ հավասարակշռել թույլատրելի և անթույլատրելի սահմանները:
-Արդյոք ներկայիս լրագրողական էթիկական նորմերը բավարար են անձնական կյանքի պաշտպանության համար։
-Լրագրողական էթիկայի նորմերը կամավոր ձևով ընդունված վարքագծի կանոներ են, որոնք սահմանում են թույլատրելի և անթույլատրելի վարքագծի նորմերը այս կամ այն իրավունքի հետ առնչվելիս: Անձնական կյանքի գաղտնիության իրավունքը այն եզակի ոլորտներից է, որը ոչ միայն էթիկայի կարգավորման, այլ նաև օրենսդրական կարգավորման տիրույթում է, և այստեղ երկու մոտեցումներն էլ նույնն են` չի կարելի հրապարակել անձնաց վերաբերյալ տեղեկություններ առանց վերջիններիս համաձայնության: Բացառություն են կազմում հանրային պաշտոն զբաղեցնող մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ պայմանավորված կարող են որոշակի հետաքրքրություն ներկայացնել, բայց այդ տվյալների հրապարակումը ևս պետք է պայմանավորված լինի բացառապես այդ անձանց գործունեությամբ:
-Ինչպե՞ս է սոցիալական մեդիան ազդում ԶԼՄ-ների աշխատանքի վրա, հատկապես` անձնական տվյալների հրապարակման տեսանկյունից։
-Սոցիալական մեդիան ոչ թե ազդում է ԶԼՄ-ների աշխատանքի վրա, այլ կարելի է ասել, որ ԶԼՄ-ներն են փորձում սոցիալական մեդիան դարձնել հանրության հետ կապ հաստատելու և իրենց ստեղծած բովանդակությունը հանրության լայն շերտերին հասանելի դարձնելու միջոցներից մեկը: Կապ չունի, թե տեղեկությունը ինչ հարթակով է տարածվում: Պարզապես, հաշվի առնելով սոցիալական մեդիայի լայն հասանելիությունը հայաստանյան իրականությունում, հատկապես, ֆեյսբուքի պարագայում, պետք է հաշվի առնել, որ նույն սկզբունքն է գործելու` անկախ նրանից անձնական տվյալները հրապարակված են լրատվամիջոցի հիմնական կայքում, թե իրենց պատկանող սոցիալական հարթակներում: Նույն մոտեցումն է` անձնական տվյալների մշակումը պետք է լինի օրինական և իրավաչափ
-Եթե հնարավորություն ունենայիք փոփոխություններ կատարել այս ոլորտում, ի՞նչը կփոխեիք կամ ի՞նչ կավելացնեիք՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի ավելի արդյունավետ պաշտպանության համար։
-Ավելի շատ մեդիագրագիտության տիրույթում է փոփոխությունների անհրաժեշտութունը, որովհետև շատ անգամ հենց անձիք, առանց իմանալու դրանցից բխող հետևանքները, իրենց վերաբերյալ տեղեկությունները դարձնում են հասանելի: Մեդիագրագետ մեդիասպառող ունենալը կարող է լինել մեր առաջնահերթություններից մեկը, իսկ իրավական տեսանկյունից ցանկալի կլիներ, որ սոցիալական մեդիան ևս կարգավորվեր, չնայած առանձին սոցիալական հարթակներն ունեն իրենց կարգավորումները, որոնք օգտատերերին թույլ են տալիս ընտրություն կատարել հրապարակայնության ռեժիմները, վավերապայմնանները և այլն: Ամեն դեպքում գործում է GDPR-ը` անձնական տվյալների պաշտպանության կարևորագույն իրավական ակտերից մեկը: Կարևոր է, որ մարդիկ լինեն ավելի զգոն, իսկ լրատվամիջոցները, հատկապես անձնական տվյալներ հրապարակելիս, միշտ հավասարակշռեն, թե տվյալ դեպքում ավելի շատ գերակայում է հանրային շահը, թե հանրային հետաքրքրասիրությունը բավարարելու պահանջը: