05.21.2026
Կատեգորիա
Իրավական
Աշոտ Մելիքյան
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը՝ խոսքի ազատության, մեդիայի և իրավական սահմանների մասին

Մեդիա միջավայրի արագ զարգացումը բարձրացնում է խոսքի ազատության պաշտպանության և դրա սահմանների խախտման ռիսկերը։ 

-Ձեր կարծիքով՝ ներկայումս Հայաստանում խոսքի ազատության իրավունքը որքանո՞վ է պաշտպանված գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում:

-Կարծում եմ, որ Հայաստանում խոսքի ազատությունն ավելի պաշտպանված է, քան նախորդ տասնամյակներում, և դրա մասին են վկայում նաև միջազգային կազմակերպությունների գնահատականները: Վերջին շրջանում Հայաստանը բավականին նկատելի առաջընթաց է գրանցել, սակայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջին զեկույցի համաձայն` 34-րդ հորիզոնականից հայտնվել է 50-րդ հորիզոնականում, ինչը զգալի հետընթաց է և պետք է ազդակ հանդիսանա պետության համար, որ գոյություն ունեն լուրջ խնդիրներ, և դրանք պետք է լուծել` Հայաստանում ժողովրդավարական միջավայր ապահովելու, խոսքի ազատությունը պաշտպանելու և լրատվամիջոցների անկաշկանդ գործունեությունը ապահովելու համար: Եթե օրենսդրական տեսանկյունից դիտարկենք, ապա ընդհանուր առմամբ խոսքի ազատությունը, իհարկե, պաշտպաված է: «Զանգվածային լրատվության մասին» օրենքը, թեև հնացած է և արդիականացման կարիք ունի, այնուամենայնիվ, որոշակի պաշտպանության երաշխիքներ տալիս է: Նույնը կարելի է ասել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի վերաբերյալ: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ևս ժամանակին համարվում էր լավագույններից մեկը հետխորհրդային տարածքում:

Այդուհանդերձ, օրենսդրությունը  պետք է կատարելագործել, և այժմ լրագրողական կազմակերպություններն աշխատում են մեդիա օրենսդրության բարեփոխման հայեցակարգ ստեղծելու ուղղությամբ: Շատ կարևոր է նաև, որպեսզի օրենսդրական կարգավորումները գործեն ոչ միայն տեսականորեն, այլև պրակտիկայում:

Մեր եռամսակային և տարեկան զեկույցներում շարունակում ենք արձանագրել խախտումներ: Վերջին եռամսյակի զեկույցի համաձայն`գրանցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների 30 դեպք, որոնցից 1-ը` ֆիզիկական բռնություն, 22-ը` տարբեր ճնշումների դրսևորումներ, և 7-ը`տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ: Թեև վերջին եռամսյակում արձանգրվել է խախտումների նվազում, սակայն դա չի նշանակում, որ իրավիճակը բարվոք է:

Այդուհանդերձ, նույնիսկ այս հետընթացով հանդերձ, Հայաստանը տարածաշրջանում շարունակում է համեմատաբար ավելի շահեկան դիրքերում գտնվել: Սակայն դա մեզ չպետք է հանգստացնի, քանի որ խոսքի ազատության ապահովումը առաջին հերթին անհրաժեշտ է մեր հասարակության և պետության համար:

-Ինչպե՞ս եք գնահատում ԽԱՊԿ-ի ազդեցությունը խոսքի ազատության պաշտպանության գործում, և որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց հաճախ բախվում եք:

-Փոքր-ինչ դժվար է կազմակերպության գնահատական տալը, քանի որ կարող է առաջանալ շահերի բախման գործոն: Այդուհանդերձ, մենք աջակցում ենք որակյալ լրագրության տարածմանն ու զարգացմանը, ինչպես նաև մասնագիտական էթիկայի պահպանմանը:

Հաջողություններն ու անհաջողությունները ալիքաձև բնույթ ունեն: Լինում են ժամանակահատվածներ, երբ մեզ հաջողվում է դրական ազդեցություն ունենալ իրավիճակի վրա` օրենսդրական փոփոխությունների առաջարկների միջոցով, երբ հաջողվում է համոզել իշխանություններին, որ տվյալ կարգավորումը հնացել է և պետք է բարելավվի և արդիականացվի: Լինում են նաև դեպքեր, երբ մեր առաջարկությունները պատշաճ ուշադրության չեն արժանանում իշխանությունների կողմից, և այդ պարագայում, իհարկե, որոշ չափով հիասթափվում ենք: Սակայն դա երկար չի տևում, և մենք շարունակում ենք մեր ակտիվ աշխատանքը, այդ թվում` լրագրողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև նրանց իրավունքները դատական ատյաններում պաշտպանելու ուղղությամբ:

Մենք ունեցել ենք բազմաթիվ հաջողված դեպքեր, երբ դատական ատյաններում հաջողվել է հասնել լրագրողների և լրատվամիջոցների համար բարենպաստ վճիռների: Որոշ դեպքերում, երբ հայաստանյան երեք դատական ատյաններում հաջողության չենք հասել, դիմել ենք նաև Եվրոպական դատարան, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե: Այդ պատճառով կարող ենք խոսել ինչպես ակնհայտ հաջողությունների, այնպես էլ անհաջողությունների մասին:

-Ըստ Ձեզ՝ ո՞ր հիմնական գործոններն են նպաստում խոսքի ազատության սահմանափակմանը, և ինչո՞վ են դրանք պայմանավորված:

-Ես համարում եմ, որ խոսքի ազատությունը և լրագրողների ու լրատամիջոցների իրավունքները լիարժեք ապահովելու համար «լավ իշխանություն» գոյություն չունի: Տարբեր ժամանակներում իշխանությունները փորձել են ներազդել լրատվամիջոցների գործունեության վրա, և այդ ներգործությունը հաճախ բացասական է եղել:

Մեզանում բավականին մեծ է լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացվող դատական հայցերի քանակը, և հենց այս գործոնն է դեր խաղացել, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը նվազեցրել է Հայաստանի դիրքերը:  Կարծում եմ, որ առայժմ իշխանությունները բավարար բարենպաստ պայմաններ չեն ստեղծել լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեության համար:

Շատ հաճախ խոսքի ազատությունը շփոթում են ամենաթողության և սանձարցակության հետ, մինչդեռ դրանք հենց խոսքի ազատության չարաշահումներն են և հակասում են խոսքի ազատության բուն էությանը:

Այս առումով պետք է խոսեմ նաև այն դեպքերի մասին, երբ մեր գործընկերները`լրագրողները, ոտնահարում են մասնագիտական էթիկան, և դա բացասաբար է անդրադառնում ինչպես մասնագիտության հեղինակության, այնպես էլ լրատվամիջոցների նկատմամբ հանրային վստահության վրա: Այստեղ լրագրողական համայնքը ևս բավականին մեծ անելիք ունի:

-Ձեր կարծիքով՝ սոցիալական մեդիան այսօր ավելի շատ նպաստո՞ւմ է խոսքի ազատության պաշտպանությանը, թե՞ ստեղծում է դրա սահմանափակման ռիսկեր։

-Սոցիալական մեդիան մի իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Դա տեխնոլոգիական առաջընթացի արդյունքն է, որը հնարավորություն է տալիս մարդկանց արտահայտել իրենց տեսակետները, մոտեցումները և հայացքները: 

Շատ կարևոր է, որ տեխնոլոգական այս զարգացման պայմաններում տեղեկություններ հայայթելը, մշակելը և տարածելը դադարել է լինել միայն լրագրողների և լրատվամիջոցների մենաշնորհը: Այսօր ցանկացած ոք, օգտագործելով սոցիալական մեդիան, կարող է արտահայտվել, տեղեկություններ հավաքել և տարածել: Սա այն դրական կողմն է, որը պետք է արձանագրել:

Սակայն, մյուս կողմից հենց սոցիալական մեդիայում են ամենալայն տարածում գտել ապատեղեկատվությունը, կեղծ լուրերը, վիրավորանքները, հայհոյախոսությունը, զրպարտությունը և այլ բացասական երևույթներ: 

Այդ պատճառով անհրաժեշտ է կատարելագործել օրենսդրական կարգավորումները և դրանք համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Միևնույն ժամանակ մեծ նշանակություն ունի հասարակության դեգրադացմանը հակազդելը, հասարակությանը կրթելը և դասիարակելը, որովհետև հատկապես սոցիալական մեդիայում հաճախ բախվում ենք թշնամանքի, վիրավորանքների և ագրեսիվ վարքագծի:

Իհարկե անհրաժեշտ է պայքարել այդ երևույթների դեմ, բայց, ամեն դեպքում, սոցիալական մեդիան դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, և անհրաժեշտ է այն ընդունել որպես եղելություն: Յուրաքանչյուր մարդ այնտեղ արտահայտվում է իր դաստիարակությանը, կրթվածությանը և ներքին կուլտուրային համապատասխան:

-Ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ խոսքի ազատության սահմանափակումները հասարակության և մեդիա դաշտի վրա։

-Շատ բացասական, բայց պետք է հաշվի առնել, որ խոսքի ազատությունը, ինչպես ցանկացած այլ իրավունք, բացարձակ չէ և ունի իրավաչափ սահմանափակումներ: 

Նույնիսկ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը որպես իրավունք, ունի նաև երկրորդ մաս, որտեղ նշվում է, թե որ պարագայում խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել: Դրանք օրինաչափ և իրավական հիմքեր ունեցող սահմանափակումներ են:

Բոլոր այն սահմանափակումները, որոնք չեն համապատասխանում այդ իրավական կարգավորումներին, ինչպես նաև Հայաստանի Հնարապետության Սահմանադրությանը, որտեղ խոսքի ազատությունը երաշխավորվում է, բայց միաժամանակ նախատեսվում են սահմանափակումներ, արդեն դուրս են իրավաչափ դաշտից: 

Նման սահմանափակումներ նախատեսված են նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Սակայն հատուկ պետք է ընդգծել, որ այն սահմանափակումները, որոնք դուրս են օրինական կարգավորումներից, արդեն համարվում են չարաշահումներ և խոչընդոտում են ոչ միայն արտահայտվելու ազատությանը, այլ նաև հասարակության տեղեկացված լինելու, տեղեկություններ ազատորեն ստանալու և տարածելու իրավունքին: 

Այս համտեքստում յուրաքանչյուր խախտում պետք է առանձին վերլուծվի և ստանա իր համապատասխան իրավական գնահատականը:

-Ինչպե՞ս եք գնահատում դատական պրակտիկայի դերը խոսքի ազատության և անձնական կյանքի գաղտնիության իրավունքների բախումների կարգավորման գործում։

-Դատարանը և դատական իշխանությունն առհասարակ կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական դեր: Երբ տեղեկատվական վեճերի վերաբերյալ կայացված վճիռները չեն համապատասխանում իրավական չափանիշներին կամ հակասում են Եվրոպական Դատարանի նախադեպային որոշումներին, դա վնասում է խոսքի ազատությանը և ազատ լրագրությանը:

Միևնույն ժամանակ կան նաև վճիռներ, որոնք վերականգնում են խոսքի ազատության իրավունքը և նպաստում լրագրողների ազատ գործունեությանը:

Պետք է հաշվի առնել, որ արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ, և լինում են դեպքեր, երբ լրագրողները կամ լրատվամիջոցները հատում են թույլատրելի սահմանները` տարածելով զրպարտություն, վիրավորանք կամ չստուգված տեղեկություններ:

Ուստի դատական իշխանության դերը չափազանց կարևոր է, թեև մեզանում անկախ դատական համակարգը դեռևս ամբողջությամբ կայացած չէ:

Անձանական կյանքի գաղտնիության իրավունքի հետ կապված գործերում նունպես հանդիպում են խախտումներ, երբ լրագրողի կամ լրատվամիջոցի կողմից պատշաճ հարգանք չի ցուցաբերվում մարդու անձնական կյանքի նկատմամբ: Սակայն միջազգային իրավունքը նախատեսում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների և հայտնի քաղաքական գործիչների նկատմամբ քննադատության շրջանակներն ավելի լայն են, հատկապես այն դեպքերում,երբ տվյալ տեղեկությունները հանրային նշանակություն ունեն:

Իսկ շարքային քաղաքացիների անձնական կյանքը օրենքով առավել պաշտպանված է, և լրագրողները պարտավոր են հաշվի նստել այդ սկզբունքի հետ:

-Ի՞նչ փոփոխություններ կամ բարեփոխումներ եք անհրաժեշտ համարում խոսքի ազատության պաշտպանության համակարգում։ 

-Առաջին հերթին անհրաժեշտ է բարեփոխել և արդիակացնել մեդիայի գործունեությունը կարգավորող օրենքները: Այս առումով մենք կարևորում ենք այն հայեցակարգը, որը ներկայումս պատրաստվում է և կոչվում է «Հայաստանի մեդիա օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ»-ը, որտեղ ներկայացվելու են ոլորտի բարելավման վերաբերյալ հիմնական մոտեցումները: 

Բացի օրենսդրական փոփոխություններից, մեծ նշանակություն ունի նաև այդ օրենքների պրակտիկ կիրառումը և այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ լրագրողները և լրատվամիջոցները կգործեն անկաշկանդ, բայց, միաժամանակ կհետևեն մասնագիտական էթիկայի նորմերին:  Անհրաժեշտ է նաև օրենքների պատշաճ կիառումը, որպեսզի խոսքի ազատությունը չշփոթվի ամենաթողության և սանձարցակության հետ 

Սակայն դրա հետ մեկտեղ շատ կարևոր է նաև հասարակության մեդիագրագիտության բարձրացումը, որովհետև մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ տեխնոլոգիաների զարգացման և տարբեր հարթակների ի հայտ գալու պայմաններում տեղեկատվության հսկայական հոսք կա:

Մարդիկ պետք է կարողնան տարբերակել կեղծ լուրը իրական փաստից և գնահատել տեղեկատվության աղբյուրների վստահելիությունը:

Եթե քաղաքացին չունենա այդ հմտությունները, ապա մեծ վտանգի առաջ`մոլորեցվելու չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների միջոցով:
 

Ռոզա Սարգսյան