Մայիսի 20-ին Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ ապատեղեկատվության, մեդիագրագիտության և տեղեկատվական պատերազմների թեմաներին նվիրված դասախոսություն, որը կազմակերպել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
Դասախոսության ընթացքում բանախոսները ներկայացրեցին իրենց հետազոտությունները, որոնք վերաբերում են ապատեղեկատվության ազդեցությանը ընտրական գործընթացների և ժողովրդավարական համակարգերի նկատմամբ վստահության վրա։ Նրանց խոսքով՝ ապատեղեկատվությունը միշտ չէ, որ ուղղակիորեն փոխում է մարդկանց քաղաքական ընտրությունը, սակայն այն կարող է ձևավորել անվստահություն ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ և ստեղծել այնպիսի համոզմունք, թե ընտրական գործընթացները վերահսկվում կամ կեղծվում են։ Նշվեց, որ ժամանակակից հակամարտություններում տեղեկատվությունը դարձել է ոչ պակաս ազդեցիկ գործիք, քան ռազմական գործողությունները։
Դասախոսության կարևոր հատվածներից մեկը վերաբերում էր սոցիալական մեդիայի և թվային հարթակների ալգորիթմական կառուցվածքին։ Նշվեց, որ տեղեկատվական հոսքերը հաճախ ձևավորվում են ոչ թե փաստերի կարևորության, այլ օգտատիրոջ ուշադրությունը հնարավորինս երկար պահելու տրամաբանությամբ։
Բանախոսը Կամիլ Լաֆրանսը նաև անդրադարձավ լրագրության և հանրության միջև վստահության խնդրին՝ ընդգծելով, որ ապատեղեկատվության դեմ պայքարը հնարավոր չէ միայն տեխնոլոգիական սահմանափակումներով։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ձևավորել տեղեկատվության նկատմամբ քննադատական վերաբերմունք, քանի որ թվային միջավայրում յուրաքանչյուր օգտատեր միաժամանակ և՛ տեղեկատվություն սպառող է, և՛ տարածող։
Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկեցին մեդիայի, կրթության և հանրային կառույցների դերը տեղեկատվական անվտանգության պահպանման գործում։ Բանախոսներն ընդգծեցին, որ մեդիագրագիտությունը ժամանակակից հասարակության կարևորագույն հմտություններից մեկն է, քանի որ այն օգնում է կողմնորոշվել տեղեկատվական գերհագեցած միջավայրում և նվազեցնել մանիպուլյացիաների ազդեցությունը։
Դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների և դասախոսական կազմի շրջանում՝ վերածվելով ակտիվ քննարկման այն մասին, թե ինչպես է ապատեղեկատվությունը ձևավորում ժամանակակից հասարակական ու քաղաքական գործընթացները և ինչ դեր ունի մեդիագրագիտությունը ժողովրդավարական մշակույթի պահպանման մեջ։