05.25.2026
Կատեգորիա
Իրավական
իրավունք

Փաստաբան Սյուզաննա Գրիգորյանի դիտարկումները խոսքի ազատության և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ:

-Ձեր գործունեության ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ ԶԼՄ-ները խախտել են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։

-Իմ գործունեության ընթացքում նման դեպքեր չեն գրանցվել, երբ ԶԼՄ-ները խախտեն անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Փաստաբանության մասին» օրենքով վստահորդների տվյալները և գործին վերաբերող բոլոր փաստերը գաղտնիություն են պարունակում, մենք դրանք չենք հրապարակում։ Հետևաբար, ես չեմ ունեցել որևէ գործ, որի շրջանակում անհրաժեշտություն առաջանար համագործակցել ԶԼՄ-ների հետ կամ նրանց ներգրավել այնպես, որ կարող էր առաջանալ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտում։

-Անձնական տվյալների հրապարակման դեպքում ո՞ր խախտումներն ու խնդիրներն են ամենից հաճախ հանդիպում։

-Անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ կարող եմ նշել հետևյալը․ ցավոք սրտի, ներկայումս բազմաթիվ են այն հրապարակումները, որոնց միջոցով, այդ թվում նաև ԶԼՄ-ները, փորձում են ներխուժել մարդկանց անձնական կյանք, հրապարակել անձնական տվյալներ, որոնք միանշանակ ընդունելի չեն։ Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ ինչպես ԶԼՄ-ները, այնպես էլ ցանկացած քաղաքացի և ցանկացած անձ պետք է զերծ մնան որևէ մեկի անձնական տվյալները հրապարակելուց և մարդու «ներքին խոհանոց» մուտք գործելուց։

-Ձեր կարծիքով՝ Հայաստանում գործող օրենսդրությունը բավարար չափով ապահովո՞ւմ է անձնական կյանքի գաղտնիության իրավունքի պաշտպանությունը մեդիա դաշտում։

-Ներկա պահին Հայաստանում գործող օրենսդրությունը որոշակիորեն ապահովում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքի պաշտպանությունը մեդիա դաշտում։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր թե՛ մեդիադաշտում, թե՛ բազմաթիվ սոցիալական ցանցերում և կայքերում տարածվում են հրապարակումներ, որոնք կարող են ներխուժել անձնական կյանք և մասնավոր տարածք, դրանց լիարժեք վերահսկումը գործնականում դժվարանում է, հատկապես այն դեպքերում, երբ անձը չի բողոքարկում տվյալ հրապարակումը: Պետությունը ինքն իրենով չի կարող պաշտպանական միջոց կիրառել, եթե տվյալ անձը չի բարձրաձայնել սոցցանցերում կամ ԶԼՄ-ներում իր անձնական կյանք ներխուժելու վերաբերյալ գործողությունների մասին։

Այսինքն՝ եթե մարդու անձնական կյանք է ներխուժվել, բայց ինքը անձամբ չի դիմում դատական պաշտպանության կամ մարդու իրավունքների պաշտպանության այլ մեխանիզմների, ստացվում է, որ որևէ մեկը միջոցներ չի ձեռնարկում։

Օրենքը, ըստ էության, չի նախատեսում, որ ընդհանրապես չի կարելի նման հրապարակումներ կատարել, և եթե հրապարակում կատարվում է, անկախ անձի դիմելու հանգամանքից, հրապարակում կատարած ԶԼՄ-ները կամ ֆիզիկական անձինք պատասխանատվության կարող են ենթարկվել։ 

Այս պարագայում, որքան էլ օրենքը նախատեսի պաշտպանական իրավունքներ, այդ իրավունքներից օգտվելու համար անձը պետք է ինքն անձամբ միջոցներ ձեռնարկի և դիմի համապատասխան մարմիններին։ Հակառակ դեպքում ստացվում է, որ անձնական կյանք ներխուժելը, լինի ԶԼՄ-ների կամ այլ անձանց կողմից, մնում է անպատիժ, և օրենքը փաստացի չի գործում, եթե անձը չի դիմել իր պաշտպանության համար։

-Ո՞ր դեպքերում հանրային շահը կարող է արդարացնել անձնական տվյալների հրապարակումը։

-Ըստ իս՝ հանրային շահը որևէ պարագայում չի կարող արդարացնել անձնական տվյալների հրապարակումը։

-Լրագրողները և լրատվամիջոցները ի՞նչ պատասխանատվության կարող են ենթարկվել անձնական բնույթի տեղեկություններ հրապարակելու դեպքում։

-Լրագրողները և լրատվամիջոցները մի քանի տեսակի պատասխանատվության կարող են ենթարկվել անձնական բնույթի տեղեկություններ հրապարակելու դեպքում։ Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե անձը ինչ միջոցներով է փորձում պաշտպանել իր իրավունքները։ Եթե հարցը լուծվում է դատական կարգով, հայցվորը կարող է պահանջել, որպեսզի տվյալ լրատվամիջոցը, այն կայքում, որտեղ հրապարակվել է նյութը, տրամադրի հերքում, ներողություն խնդրի, ինչպես նաև փոխհատուցի բարոյական վնաս։ Եթե դա կապված է գործունեության հետ, ցանկացած պարագայում կարող է պահանջվել նաև վնասի հատուցում՝ պատվի, արժանապատվության և բարի համբավի պաշտպանության տեսանկյունից։

Այսինքն՝ պատասխանատվությունը կարող է լինել ինչպես վարչական տուգանքների, այնպես էլ դատական պարտավորությունների տեսքով։ Այդ թվում՝ դատարանը կարող է պարտավորեցնել լրատվամիջոցին հրապարակել հերքում և ներողություն խնդրել։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դատական պրակտիկան՝ խոսքի ազատության և անձնական կյանքի պաշտպանության միջև հավասարակշռման տեսանկյունից։

-Ինչ վերաբերում է դատական պրակտիկային, հաշվի առնելով, որ ես վարում եմ քաղաքացիական գործեր և իմ փաստաբանական գործունեությունը հիմնականում քաղաքացիական ոլորտում է, հետևաբար կարող եմ գնահատական տալ հենց այդ ոլորտի տեսանկյունից, որովհետև քաղաքացիական և քրեական ոլորտները բավականին տարբերվում են։ Ես գիտեմ, որ քրեական ոլորտում որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, սակայն քաղաքացիական ոլորտում խոսքի ազատությունը բավականին պաշտպանված է, և անձնական կյանքի պաշտպանության միջև հավասարակշռությունը բավականին բարձր մակարդակի վրա է։ Քաղաքացիական գործերում մարդը ազատ է արտահայտել իր խոսքը գործի շրջանակներում։ Այստեղ խոսքի ազատությունը վերաբերում է տվյալ գործին, այսինքն՝ անձը, ներկայանալով դատարան, պետք է խոսի հենց տվյալ գործից, այլ ոչ թե տարբեր թեմաներից։ Քանի որ մարդը դիմում է դատարան իր վեճը լուծելու և դատական պաշտպանություն ստանալու համար, նա ազատ է իր գործին վերաբերող տվյալներ ներկայացնելու, տեսակետ կամ կարծիք հայտնելու հարցում։

Ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը, ապա դատական համակարգում անձը կարող է տեղեկանալ միայն իր գործի նյութերին։ Այսինքն՝ այն անձինք, ովքեր տվյալ գործով առնչություն չունեն կամ լիազորված չեն, չեն կարող ձեռք բերել որևէ տեղեկատվություն անձի կյանքի վերաբերյալ, հատկապես եթե գործը հենց դրա մասին է։ Բացի այդ, քաղաքացիական օրենսգրքով և քաղաքացիական դատավարությամբ նախատեսված են կարգավորումներ, որոնց համաձայն գործը կարող է քննվել դռնփակ։ Այս դեպքում, բացի դատարանի կազմից և ներկայացուցիչներից, որևէ մեկը տվյալ գործի վերաբերյալ տեղեկություն ունենալ չի կարող։ Նույնիսկ «Դատալեքս» համակարգում այդպիսի գործերի տեղեկատվությունը հրապարակային չի լինում։

-Այսօր որքանո՞վ է կարևոր քաղաքացիների իրազեկվածությունը իրենց իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ, և ինչու՞։

-Այսօր առավել քան երբևէ կարևոր է քաղաքացիների իրազեկվածությունը իրենց իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ, քանի որ ներկայումս բազմաթիվ են խարդախության դեպքերը, երբ մարդկանց անձնական տվյալներին տիրանալով՝ նրանց անուններով վարկեր են ձևակերպում, գումարներ ստանում կամ բանկային հաշիվներից գումարներ կորզում։

Այսինքն՝ անձը պարտավոր է տեղեկացված լինել և պաշտպանել իր անձնական տվյալները՝ նման խարդախություններից խուսափելու համար։

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ՝ անձնական կյանքի պաշտպանությունն առավել արդյունավետ ապահովելու համար։

-Այս հարցին մի փոքր հումորով մոտենամ․ իսկ ո՞ւմ անձնական կյանքի մասին է խոսքը։ Այսօր ոչ բոլորի անձնական կյանքի պաշտպանության իրավունքն է խախտված կամ կա դրա պաշտպանության անհրաժեշտությունը։ Դա կախված է հենց տվյալ անձից, միջավայրից և շրջապատից։ Ցավոք սրտի, այսօր մարդիկ սովոր են իրենց անձնական կյանքը հրապարակել սոցցանցերում՝ ինչ են անում, ինչ են ուտում, ուր են գնում և ում հետ։ Եթե անձը ցանկանում է, որ իր անձնական կյանքը պաշտպանված լինի, առաջին հերթին ինքը պետք է չփորձի այդ ամենը հրապարակել և չտարածել։

Այսօր շատերը նույնիսկ իրենց առօրյա կյանքն են ամբողջությամբ տեղադրում սոցցանցերում։ Հետևաբար, եթե մարդը ինքն է իր անձնական կյանքը դարձնում հրապարակային, չեմ կարծում, որ այդ դեպքում կարելի է խոսել անձնական կյանքի պաշտպանության իրավունքի խախտման մասին։ Այսինքն՝ մարդիկ հաճախ իրենց իսկ գործողություններով անձնական կյանքը դարձնում են բոլորին հասանելի։

Իսկ այն անձինք, ովքեր նման հրապարակումներ չեն անում, հավատացեք, նրանց անձնական կյանքի պաշտպանությունը լիարժեք ապահովված է։

Ես չեմ խոսում բացառիկ դեպքերի մասին, երբ փորձում են ներխուժել մարդու անձնական տարածք կամ տարածել ինչ-որ լուրեր, սակայն ընդհանուր առմամբ խնդիրը կայանում է նրանում, թե իրականում ում է անհրաժեշտ անձնական կյանքի պաշտպանության առավել արդյունավետ ապահովումը՝ այն անձանց, ովքեր հրապարակում են իրենց անձնական կյանքը, թե նրանց, ովքեր ընդհանրապես չեն հրապարակում։
 

Ռոզա Սարգսյան