Սփյուռքահայ մամուլը տասնամյակներ շարունակ եղել է ոչ միայն տեղեկատվության աղբյուր, այլև համայնքային կյանքի, ինքնության և հիշողության պահպանման առանցք։ Սակայն թվային դարաշրջանը, սոցիալական մեդիայի արագ տարածումը, արհեստական բանականության կիրառումը և ֆինանսական դժվարությունները նոր մարտահրավերներ են ստեղծել մամուլի համար։
Այս փոփոխվող միջավայրում սփյուռքյան հայկական մամուլի դերի, մարտահրավերների և ապագայի մասին զրուցել ենք The Armenian Weekly-ի գլխավոր խմբագիր Լիլի Թորոսյանի հետ, ով տարիներ շարունակ ներգրավված է սփյուռքահայ մեդիայում և ներսից է տեսնում ոլորտում տեղի ունեցող վերափոխումները։
-Հայկական սփյուռքում մամուլը ներկայումս ի՞նչ մարտահրավերների է բախվում։
-Առաջին հերթին՝ այսօր ամբողջ աշխարհում մեդիան բախվում է ֆինանսական լուրջ խնդիրների։ 91 տարի շաբաթական տպագիր թերթ լինելուց հետո, անցյալ տարի The Armenian Weekly-ն անցավ ամբողջությամբ առցանց մոդելի։ Այդ փոփոխության պատճառներից մեկը, իհարկե, ֆինանսականն էր, քանի որ մարդկանց մեծ մասը այլևս չի կարդում տպագիր թերթեր։ Մենք դեռ ունենք տարեկան չորս եռամսյակային տպագիր ամսագրեր, բայց շաբաթական տպագիր թերթը դադարեցվել է։ Շատ թերթեր փակվում են, միավորվում կամ փորձում են գոյատևել նվազող աշխատակազմով և սահմանափակ ռեսուրսներով, այն դեպքում երբ առցանց հարթակների մրցակցությունը գնալով աճում է։
-Ինչպե՞ս է AI-ի և սենսացիոն լուրերի տարածումը ազդում լրագրության որակի վրա։
-Կարծում եմ, որ այսօր արհեստական բանականության (AI) կիրառումն արդեն դուրս է եկել վերահսկողությունից։ Շատերը հիմա օգտագործում են AI իրենց հոդվածները գրելու համար, և գնալով դժվարանում է լսել մարդկային ձայնը, երբ բոլորը նույն կերպ են հնչում։ Իսկ վերջին տարիները հատկապես ծանր են եղել․ պատերազմների լուսաբանում, և մշտապես նոր պատերազմի եզրին գտնվելու զգացողություն։ Կան քաղաքական լարվածություններ տարբեր հաստատությունների ու դերակատարների միջև՝ կապված այն հարցերի հետ, թե ում են աջակցում, ինչ ուղղությամբ պետք է գնա Հայաստանը, ինչ է խաղաղությունը, ինչ է հայկականությունը։ Այս ամենը ուղեկցվում է մեծ բևեռացվածությամբ և հաճախ՝ քաղաքավարության պակասով, ինչը խրախուսվում և խորացվում է ապատեղեկատվության, կեղծ լուրերի և մանիպուլյացիաների միջոցով։
Ընդհանուր առմամբ, մեդիայի ոլորտում աշխատելը այսօր շատ բարդ է աշխարհի ցանկացած կետում, և հատկապես՝ հայկական և սփյուռքյան մամուլի դեպքում։ Դրան գումարվում է այն հանգամանքը, որ մեր խմբագրությունները հիմնականում աշխատում են փոքրաթիվ անձնակազմով, որոնք հաճախ թերհատուցվող և գերծանրաբեռնված են։ Միաժամանակ, լսարանը ավելի ու ավելի է տեղափոխվում առցանց միջավայր։ Սոցիալական մեդիայի տարածումից հետո մարդկանց ուշադրության կենտրոնացումը կարճացել է, իսկ լուրերը տարածվում են շատ արագ՝ հատկապես սխալ լուրերը։
Վերջին տարիներին առաջացած բազմաթիվ «լրատվական» հարթակներ հիմնականում ստեղծում են սենսացիոն բովանդակություն, հաճախ գրված AI-ի միջոցով, և ցավալին այն է, որ դրանք ղեկավարվում են մարդկանց կողմից, ովքեր չունեն լրագրողական կրթություն կամ էթիկական նորմերի նկատմամբ հարգանք։
-Ինչպե՞ս է փոխվել լսարանի վարքագիծը սոցիալական մեդիայի դարաշրջանում։
-Ընդհանուր միտումը ցույց է տալիս, որ մարդիկ այլևս չեն ցանկանում կարդալ երկար վերլուծական նյութեր։ Թեև որոշ չափով վերադառնում է հետաքրքրությունը «դանդաղ լրատվության» (slow news) և խորքային ընթերցման նկատմամբ, այնուամենայնիվ դա դեռ փոքրամասնություն է կազմում։ Մի խոսքով՝ մարտահրավերները շատ են։
-Վերջին տարիներին ինչպե՞ս է փոխվել աշխատանքի տեմպը համայնքային մամուլի համար։
-Հատկապես համայնքային թերթերի համար այս անցումը բարդ է եղել, քանի որ վերջին 100 տարիների ընթացքում մենք սովոր էինք շատ դանդաղ տեմպով աշխատել՝ լուսաբանելով այս եկեղեցական միջոցառումը կամ այն ուսանողական համերգը։ Իսկ հիմա պետք է աշխատել արագ տեմպով։ Պետք է լուսաբանել թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհով մեկ տեղի ունեցող իրադարձությունները։ Մենք ունենք ավելի մեծ ճնշում, ավելի քիչ ֆինանսներ և շատ ավելի սեղմ ժամկետներ, քան երբևէ։ Սակայն արդիական մնալու համար մենք պարտավոր ենք համընթաց քայլել այս փոփոխություններին։
-Ինչպե՞ս եք պատկերացնում հայկական սփյուռքյան մեդիայի ապագան, և ի՞նչ է անհրաժեշտ դրա շարունակականության համար։
-Կարծում եմ, ապագան բոլորովին այլ տեսք կունենա, քան ունեցել է վերջին 100 տարիների ընթացքում։ Սա հարց է, որը մենք հաճախ ենք ինքներս մեզ տալիս, քանի որ 100 տարի առաջ տեղեկատվության հոսքը շատ փակ էր․ թերթը հիմնականում միակ միջոցն էր տեղեկություն ստանալու համար։ Այսօր արդեն ոչ ոք թերթ չի կարդում տեղեկատվություն ստանալու նպատակով։ Բոլորն իրենց հեռախոսների միջոցով ունեն «ամենաթարմ» տեղեկությունները։ Նույնիսկ հեռուստացույց չեն դիտում․ ամեն ինչ հեռախոսում է։ Հետևաբար, մենք պետք է վերաիմաստավորենք մեր դերը այս միջավայրում։ Եթե մենք այլևս չենք լինելու «օպերատիվ լրատվամիջոց», ապա պետք է կենտրոնանանք ավելի որակյալ վերլուծական նյութերի, ծավալուն հոդվածների և մշակութային/գեղարվեստական բովանդակության վրա։
Կարծում եմ՝ այն թերթերը, որոնք կմնան արդիական, կլինեն նրանք, որոնք կկարողանան կողմնորոշվել այս նոր իրականության մեջ։ Այն թերթերը, որոնք կկարողանան հասկանալ և ընդունել սա, կշարունակեն գոյատևել, պայմանով, որ կարողանան նաև ֆինանսապես կայուն մնալ։ Քանի որ ամեն ինչ թանկանում է, սա գնալով ավելի բարդ է դառնալու։ Մենք պետք է բոլոր ուղղություններով ավելի ստեղծագործ մոտեցումներ գտնենք։
Այնուամենայնիվ, ես հույսով եմ լցված։ Երբ մոտ 300 տարի առաջ Madras Armenian Printing Press-ում բացվեց առաջին հայկական տպարանը, այն խթանեց տպարանների տարածումը թե՛ Օսմանյան, թե՛ Ռուսական կայսրություններում։ Ցեղասպանությունը, իհարկե, դադարեցրեց այդ թերթերից շատերի գործունեությունը, սակայն դրանք աստիճանաբար նորից հայտնվեցին սփյուռքում։ Երբ Արևմտյան Հայաստանի Հայրենիքը կորսվեց, այն շարունակեց ապրել «Հայրենիք թերթում։ Այսօր ավելի շատ մրցակցություն կա։ Դա օգնում է մշակույթը զարգացնել և գործող կառույցներին պահել արդիական ու լսարանին մոտ։ Սակայն ես նաև մտածում եմ՝ գուցե հաջորդ 100 տարիների ընթացքում ընդհանրապես տպագիր մամուլ չլինի։ Գուցե ամեն ինչ ամբողջությամբ տեղափոխվի առցանց։ Կամ գուցե հիշեցնի ամսագրի ձևաչափ։ Կամ էլ հնարավոր է, որ ապագա մոդելը դեռևս գոյություն չունի, և մեդիան մեզ համար անհավատալիորեն այլ տեսք կունենա։ Բայց հիմնականը կմնա, որովհետև սփյուռքը կշարունակի գոյություն ունենալ և, հետևաբար, միշտ կցանկանա ունենալ իր սեփական ձայնը։