05.26.2026
Կատեգորիա
Սպորտ
Էլիդա

Բռնցքամարտը զարգացող և մնայուն ավանդույթներ ունեցող մարզաձևերից է Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Տարիներ շարունակ հայ մարզիկները մեծ հաջողություններ են գրանցել աշխարհի տարբեր երկրներում՝ նվաճելով բազմաթիվ մեդալներ։ Հայ բռնցքամարտիկները առանձնանում են ֆիզիկական ուժեղ պատրաստվածությամբ, բարձր կամքով և կարգապահությամբ։

Վերջերս հատկանշական է կանանց բռնցքամարտի զարգացումը, որտեղ հայ կանայք նույնպես ակտիվորեն մասնակցում են ոչ միայն սիրողական, այլ նաև պրոֆեսիոնալ մակարդակով։ Բռնցքամարտը հասանելի մարզաձև է ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց համար։ Կամքն ու ուժն իր մեջ է կրում Հայաստանի քառակի չեմպիոն, բրոնզե ու արծաթե մեդալակիր, միջազգային սպորտի վարպետ Էլիդա Քոչարյանը։

-Ինչի՞ց սկսվեց Ձեր հետաքրքրությունը բռնցքամարտի հանդեպ։

-Հորեղբորս խնդրանքով գնացի բռնցքամարտի։ Մինչ այդ 11 տարի պարել էի հայկական և ժողովրդական ոճով և չէի պատկերացնում, որ մեկ անգամ սպորտային դահլիճ այցելելով կարող էի սիրահարվել բռնցքամարտին։ Իհարկե սկզբում սերը ձևավորվեց էկրանից այն կողմ՝ նայելով տարբեր մրցաշարեր, հետո հասկացա, որ հետաքրքրություններիս ու ձգտումներիս շրջանակը անցնում են էկրանի մյուս կողմը։ Ես մեծացել եմ հայ ավանդական ընտանիքում, որտեղ և՛ հայրս, և՛ մայրս երբեք չէին պատկերացնի, որ իրենց աղջիկը կդառնա բռնցքամարտիկ։ Սակայն, կոտրելով բոլոր կարծրատիպերը, ես գնացի իմ նախընտրությունների հետևից։ Ուսումնասիրելով մարզաձևը՝ ես սկեցի սիրել ոչ միայն դրա ֆիզիկական կողմը, այլ նաև հոգեբանական։ Բռնցքամարտիկը պետք է ունենա պայքարողի և հաղթողի մտածելակերպ, որն էլ իմ մեջ արտահայտված էր կյանքի բոլոր ոլորտներում։ 

-Որքա՞ն ժամանակ է զբաղվում եք բռնցքամարտով։

-Արդեն 6 տարի է, ինչ զբաղվում եմ բռնցքամարտով։ Սակայն դժվար է ասել, որ դա ուղղակի զբաղմունք է։ Ինձ համար բռնցքամարտը ապրելակերպ է, առանց որի չեմ պատկերացնում իմ կյանքը։ Այն դարձել է իմ մտածելակերպը, յուրաքանչյուր մենամարտ ինձ դարձրել է ավելի հմուտ, պատրաստակամ, մեծ կամքի տեր ու համբերատար։ Դրանք ամենակարևոր հատկանիշներն են, որ ձեռք եմ բերել․ կարելի է ասել, սպորտը հղկել է ինձ ու դարձրել ավելի հասուն։ 

-Դուք մասնակցել եք բազմաթիվ մրցաշարերի, ո՞ր առաջնությունն է Ձեզ համար ամենահիշվողը եղել։

-Այո, մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի։ Մասնակցել եմ 3-րդ Եվրոպական խաղերին, որը հաճախ անվանում են «փոքր օլիմպիական խաղեր»։ Այդ մրցաշարը հնարավորություն էր տալիս վարկանիշ ձեռք բերել 2024 թվականին Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, սակայն վիճակահանության արդյունքում առաջին մենամարտում հանդիպեցի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնին, ով հետագայում Փարիզում դարձավ կրկնակի Օլիմպիական չեմպիոն։ Մասնակցել եմ նաև մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, սակայն դեռ չեմ կարողացել մեդալ նվաճել։
Հայաստանի պատմության մեջ չկան կին մարզիկներ, ովքեր նվաճել են աշխարհի մեդալ կամ մասնակցել Օլիմպիական խաղերին։ Իմ հիմնական նպատակն է դառնալ աշխարհի չեմպիոն, առնվազն՝ մեդալակիր, ինչպես նաև կերտել և նվաճել Օլիմպիական մեդալ։
Գրեթե բոլոր մրցաշարերն ինձ համար ունեցել են իրենց հատուկ նշանակությունը, սակայն կառանձնացնեմ ամենահիշարժանը. 2025 թվականի նոյեմբերի 10-ին, Հայաստանում, իմ հայրենի հողի վրա, դարձա մինչև 23 տարեկանների եռակի չեմպիոն՝ ավարտելով 19–23 տարեկանների առաջնությանը մասնակցելու փուլը։ Թեև ունեցել եմ ավելի մեծ մասշտաբի ձեռքբերումներ, սակայն հենց այդ հաղթանակն ինձ համար բացառիկ էր զգացմունքային առումով։
Բոլոր մարտերն էլ դժվար են, բայց հենց այդ ժամանակ ամենաուժեղ կերպով զգացի պատասխանատվության կարևորությունը։ Այդ հաղթանակը կարծես հաստատում էր, որ ճիշտ ուղով եմ գնում, և արդարացրեց բոլոր դժվարությունները, որոնք հաղթահարել էի՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։

Էլիդա

-Հաղթանակներն են Ձեզ ավելի շատ փոխե՞լ, թե՞ պարտությունները։

-Հիմնականում պարտությունները՝ դարձնելով ինձ ավելի նպատակասլաց, կոփված, պայքարող: Հաղթանակներն էլ, իրենց հերթին, ինձ տվել են ինքնավստահություն և ուժ՝ առաջ շարժվելու համար։ Դրանք դարձել են մոտիվացիա, որպեսզի շարունակեմ ավելի մեծ նպատակների համար պայքարը։

-Ո՞րն է ամենակարևոր հատկությունը լավ բռնցքամարտիկի համար։

-Ամենակարևորներից է լինել շատ համբերատար, քանի որ դա, կարելի է ասել, առաջնային է սպորտում՝ հաղթանակի հասնելու ճանապարհին: Բռնցքամարտում արդյունքը չի գալիս մեկ օրվա կամ մեկ պահի աշխատանքի շնորհիվ։ Դա երկար ու հետևողական գործընթաց է, որտեղ պետք է կարողանալ սպասել, աշխատել և չհանձնվել նույնիսկ դժվար պահերին։ Համբերատարությունը օգնում է պահպանել սառնասրտությունը ռինգում, ճիշտ որոշումներ կայացնել և քայլ առ քայլ մոտենալ նպատակին։

-Ձեզ, որպես բռնցքամարտիկ, երբևէ թերագնահատե՞լ են սեռով պայմանավորված։

-Միանշանակ, նման դեպքեր եղել են. հանդիպել եմ կարծրատիպերի և թերահավատ վերաբերմունքի, քանի որ բռնցքամարտը դեռևս շատերի մտքում մնում է տղամարդկային սպորտաձև։ Սակայն ես այդ կարծիքին երբեք չեմ տրվել, և ժամանակի ընթացքում կարողացել եմ կոտրել այդ կարծրատիպերը՝ գոնե ինձ համար։ Աշխատանքով, նվաճումներով և անսասան համառությամբ ձգտել եմ ապացուցել հակառակը՝ ցույց տալով, որ սեռը երբեք չի կարող սահմանափակել ուժը, կամքը և հաջողության հասնելու կարողությունը։
 

Գայանե Խաչատրյան