05.26.2026
Կատեգորիա
Իրավական
իրավաբան

Երբ նա առաջին անգամ մտավ լսարան, ուսանողների մոտ մի պահ շփոթություն առաջացավ։ Երիտասարդ արտաքինը, փոքրամարմին կազմվածքը և զուսպ պահվածքը սկզբում տպավորություն ստեղծեցին, թե նա ուսանողներից մեկն է։ Սակայն բավական էր, որ մոտենար գրատախտակին և սկսեր դասը։ Խոսքում ու շարժումներում թեթևակի զգացվում էր առաջին հանդիպմանը բնորոշ լարվածությունը, որը, սակայն, արագ վերափոխվեց թեմայի վստահ և կառուցված ներկայացմանը։

Անի Սարգսյանը փոքր տարիքում երկար ժամանակ չի անցկացրել մասնագիտական փնտրտուքների մեջ, այլ ձգտել է հասկանալ, թե որ ոլորտում կարող է լիարժեք բացահայտել իրեն։ Սկզբում նրան գրավում էին դիվանագիտությունը, միջազգային հարաբերությունները և օտար լեզուները, սակայն մի ճակատագրական զրույց մորաքրոջ հետ փոխեց ամեն բան։

Մորաքույրը, ով այդ ժամանակ սովորում էր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, առաջին անգամ բացեց իրավագիտության աշխարհը Անիի առաջ։ Նրա խոսքերն ու մասնագիտության հանդեպ ունեցած վերաբերմունքը վճռորոշ ազդեցություն ունեցան երիտասարդ Անիի ընտրության վրա։

Հետագայում պարզվեց, որ ընտրությունն ավելի խորը արմատներ ուներ. Անիի հայրը, ով 1990-ականների Արցախյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակիցն է ու իր կյանքը նվիրել է զինվորական ծառայությանը, նույնպես ավարտել է նույն ֆակուլտետը։

«Երբ բացահայտեցի այդ կարևոր հանգամանքը, այն կարծես լրացրեց ընտրությանս իմաստը։ Ինձ համար որոշում կայացրեցի, որ դա ոչ միայն իմ մասնագիտական կողմնորոշումն էր, այլև հորս կիսատ թողած ճանապարհի շարունակությունը»,— պատմում է Անին։

Մանկական հիշողությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի «Դատական ժամ» հաղորդաշարը, որի ցուցադրմանը նա մեծ ոգևորությամբ սպասում և հետևում էր։

«Այնքան տպավորված էի դատավորի սև թիկնոցով, կեցվածքով, խոսքի հանգստությամբ ու վստահությամբ։ Ասում էի՝ ես էլ եմ դատավոր դառնալու։ Իհարկե, դատավոր այդպես էլ չդարձա, բայց իրավաբան դառնալու ճանապարհից երբեք չշեղվեցի»,- ժպիտով հիշում է նա։

Առաջին քայլերը իրավագիտության ոլորտում սկսվեցին դատարաններում պրակտիկաներից։ Դասագրքային պատկերացումներով կատարած առաջին քայլերին հաջորդեց բացահայտումը, որ դատարանների իրական աշխատանքը շատ ավելի բազմաշերտ և բարդ է, քան ուսանողական տարիներին թվում էր։

Պրակտիկայի ընթացքում Անին գիտակցեց, որ յուրաքանչյուր դատական գործ մի նոր մարդկային պատմություն է, մի նոր ճակատագիր՝ հագեցած իր առանձնահատկություններով։ Հենց այս ճանապարհին նա խորապես բացահայտեց մասնագիտության էությունն ու կարևորությունը։

Մասնագիտական ուղին անցել է ՀՀ վարչական դատարանից մինչև ՀՀ վերաքննիչ, ապա ՀՀ վճռաբեկ դատարան։ Այս օղակներով անցնելիս նա ամրապնդեց գիտելիքները, ձեռք բերեց անգնահատելի փորձ և ձևավորվեց թե՛ որպես անհատ, թե՛ որպես մասնագետ։ Հետագայում աշխատեց ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում, իսկ այժմ իր մասնագիտական ուղին շարունակում է համապատասխանության ապահովման ոլորտում։

Մասնագիտական ճանապարհի ընթացքում Անին բախվել է իրավիճակների, երբ անհրաժեշտ է եղել ընտրություն կատարել մարդկային մոտեցման և օրենքի միջև։ Նրա պատասխանը միշտ եղել է հստակ.

«Նման իրավիճակներում որոշումների հիմքում պետք է գերակայի օրենքը՝ որպես հիմնական ուղենիշ։ Բացի այդ, «մարդկային մոտեցում» հասկացությունն ինքնին միանշանակ չէ. տարբեր մարդկանց մոտ այն կարող է տարբեր լինել՝ կախված իրավագիտակցության մակարդակից, փորձից և իրավական արժեհամակարգից»,— բացատրում է նա։

Այս հստակության մեջ, սակայն, նա մշտապես փնտրում է լուծում, որը չի հակասի օրենքին, բայց հաշվի կառնի նաև մարդկային գործոնը։ Հենց այս հատկանիշն է, որ լիովին բնութագրում է Անի Սարգսյանին։

Մանկավարժների ընտանիքում մեծացած Անիի համար դասավանդումը վաղուց դարձել է ինքնության անբաժան մասը։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին անդամակցելը նրա մասնագիտական ճանապարհի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, և այդ պահի երջանկությունն ու հպարտությունը, ինչպես ինքն է խոստովանում, մինչ օրս դժվար է բառերով արտահայտել։

Ուսանողները փաստում են՝ Անի Սարգսյանը ուսանողամետ դասախոս է։ Նրա համար կարևոր է ոչ միայն թեման ներկայացնելը, այլ համոզվելը, որ լսարանը հասկանում է։ Յուրաքանչյուր թեմայի ավարտին գրեթե նույն հարցն է հնչում՝ կան՞ հարցեր։ Եվ միայն համոզվելուց հետո, որ ամեն ինչ հասկանալի է, անցնում է հաջորդ թեմային։

«Իմ դասերի ընթացքում փորձում եմ փոխանցել ոչ միայն տեսական գիտելիք, այլ նաև իրավական մտածողություն, պատասխանատվության զգացում և քննադատական մոտեցում։ Ինձ համար կարևոր է, որ ուսանողները կարողանան հասկանալ իրավունքի էությունը, կողմնորոշվել տարբեր իրավիճակներում և գիտակցել իրավունքի դերը թե՛ մասնագիտական, թե՛ առօրյա կյանքում»,- ասում է նա։

Ոչ մի իրավական տերմին անբացատրված չի մնում։ Նախ կարդում է հստակ ձևակերպումը, ապա, ինչպես ինքն է կատակում, «մարդկային լեզվով» և բազմաթիվ օրինակներով բացատրում այնպես, որ լսարանն ամբողջությամբ ըմբռնի թեման։

Նրա արդարացի, ուշադիր և նրբանկատ մոտեցումը զգացվում է յուրաքանչյուր դասին։ Եթե որևէ իրավական ձևակերպման մեջ հակասություն կա կամ վիճելի լուծում, նա չի շրջանցում այն. բարձրաձայնում է, քննարկում և լսում ուսանողների կարծիքները։

«Օրենքի այս ձևակերպման մեջ մենք մի փոքր թերացել ենք...», - հաճախ կրկնվող արտահայտություն է, որով նա ուշադրությունը հրավիրում է իրավական ձևակերպման խնդրահարույց կողմերին։

Որպես իրավաբան՝ հաջողության զգացումը Անիի համար գալիս է ճիշտ լուծում գտնելուց։ Որպես դասախոս՝ այն ծնվում է այն պահին, երբ ուսանողը սկսում է մտածել, հարցեր տալ, ձևակերպել սեփական տեսակետը։

Երբ նրան հարցնում են, թե որն է ավելի դժվար՝ փոխել համակարգը, թե մարդու մտածելակերպը, պատասխանն անմիջական է. մարդու մտածելակերպի փոփոխությունն է, որ ի վերջո փոխում է համակարգը։

Եվ գուցե հենց դրա համար է, որ իր ուսանողներին իրավական գիտելիքներ փոխանցելուց բացի, Անի Սարգսյանը ձգտում է նրանց տալ նաև ինքնուրույն մտածելու, քննադատելու և վերլուծելու հմտություն։

Լիլիթ Մովսեսյան