05.26.2026
Կատեգորիա
Այլ
թերթ

Հայկական սփյուռքյան մամուլը տասնամյակներ շարունակ եղել է համայնքային կյանքի հենասյուներից մեկը՝ եկեղեցու և դպրոցի կողքին։ Այս միջավայրում առանձնահատուկ տեղ ունի «The Armenian Weekly»-ն՝ անգլալեզու թերթ, որը ծնվել է ցեղասպանությունը վերապրածների զավակների կարիքից. անգլերենով կապ պահպանել հայկական ինքնության հետ։ Թերթի առաքելության, թեմատիկ ուղղությունների և երիտասարդ սերնդի ներգրավման մասին զրուցել ենք Լիլի Թորոսյանի հետ։

-«The Armenian Weekly»-ն ունի 92-ամյա պատմություն։ Ինչպե՞ս կբնութագրեք նրա դերը սփյուռքում հայկական ինքնության պահպանման տեսանկյունից։

-«The Armenian Weekly»-ն Hairenik Association-ի անգլալեզու թերթն է։ Կազմակերպությունն ունի երկու հրատարակություն. «Հայրենիքը»՝ հիմնադրված 1899 թվականին, և «The Armenian Weekly»-ն, որն ի հայտ եկավ 92 տարի առաջ՝ որպես «Հայրենիքի» ճյուղ։

Թերթը ստեղծվել էր նպատակ ունենալով, որ ցեղասպանությունը վերապրածների երեխաները՝ Ամերիկայում ծնված առաջին սերնդի հայերը, անգլերեն լեզվի միջոցով կապ հաստատեն իրենց պատմության, ինքնության և մշակութային ժառանգության հետ։

Սկզբից ևեթ մենք փորձել ենք «լինել համայնքի կողքին՝ այնտեղ, որտեղ նա գտնվում է»։ Միաժամանակ գիտակցել ենք բոլոր այն ուժերը, որոնք աշխատում են հայկականությունը քայքայելու ուղղությամբ՝ ձուլում, լեզվի կորուստ, անտարբերություն։ Այս մոտեցմանը հավատարիմ ենք մնացել մեր ողջ պատմության ընթացքում։

-Ի՞նչ թեմաներ են այսօր գերիշխում սփյուռքահայ մամուլում, և ինչո՞ւ են դրանք կենսական համայնքների համար։

-Որպես Հայ Յեղափոխական Դաշնակցության թերթ՝ մեր հիմնական ուղղություններից մեկը միշտ եղել է քաղաքականությունը՝ կուսակցական հայտարարություններից ու խմբագրականներից մինչև վերլուծական հոդվածներ և ընթացիկ իրադարձությունների լուսաբանում։ Հայաստանի անկախացումից հետո երկխոսությունն ավելի ակտիվ բնույթ է կրում. «Երկաթյա վարագույրի» տարիներին կապն ավելի միակողմանի էր, այժմ այն դարձել է փոխադարձ և ինտենսիվ։

Կարևոր տեղ են զբաղեցնում նաև համայնքային նյութերը. եկեղեցական և դպրոցական կյանքը, ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, հայ արվեստագետների, գրողների ու մտավորականների ներկայացումը։ Հիշատակելի է, որ Վիլյամ Սարոյանն իր առաջին պատմվածքները հրատարակել է հենց մեր թերթում՝ «Սիրակ Գարոյան» կեղծանունով։ Ավանդույթը շարունակում ենք. այսօր էլ ձգտում ենք հարթակ ապահովել արվեստագետների, հատկապես երիտասարդների համար։

Ընդհանուր առմամբ, սփյուռքյան մամուլի մեծ մասը կենտրոնանում է հետևյալ ուղղությունների վրա՝ քաղաքականություն, սփյուռք-հայրենիք հարաբերություններ, արտերկրում հայկականության պահպանում, համայնքային կյանքի ամրապնդում, ինչպես նաև դպրոցների, եկեղեցիների ու հայ անհատների ներկայացում։ Սրանք են թեմաները, որ հատում են գրեթե բոլոր սփյուռքյան թերթերի օրակարգերը։

-Ինչպե՞ս է թերթը հավասարակշռում Հայաստանին և սփյուռքին վերաբերող նյութերը։

-ԽՍՀՄ փլուզումից հետո սփյուռք-հայրենիք հարաբերություններում ձևավորվեց նոր իրողություն, ինչն անդրադարձավ նաև խմբագրական քաղաքականության վրա։ Սերունդների ընթացքում առաջին անգամ հայ-ամերիկյան սփյուռքը սկսեց անմիջականորեն վերամիավորվել Հայաստանի հետ, իսկ տեխնոլոգիական զարգացումների շնորհիվ այդ կապն ավելի ու ավելի սերտ է դառնում։ Մենք ունենք հեղինակներ և նախկին խմբագիրներ, ովքեր սփյուռքից տեղափոխվել են Հայաստան՝ ձևավորելով կենդանի մշակութային կամուրջ։

Փորձում ենք կողք կողքի ներկայացնել թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի լուրերն ու պատմությունները։ Հատուկ ուրախությամբ ենք ընդունում, երբ մեր հեղինակները գտնում են անծանոթ, քիչ հայտնի մարդկանց, վայրերի ու ծրագրերի մասին պատմություններ, որ հայտնաբերելու համար հարկավոր է հայերեն կարդալ, խոսել կամ ֆիզիկապես Հայաստանում գտնվել։

-Կա՞ն հրապարակումներ, որոնք առանձնահատուկ ազդեցություն են ունեցել ընթերցողների վրա։

-Այո, կան պատմություններ, որոնք իսկապես հուզում են մարդկանց։ Վերջերս անդրադարձել էինք Աշոտ Գաբրիելյանին՝ Արցախից տեղահանված երիտասարդի, ով միջոցներ է հավաքում Հարվարդի մագիստրատուրա ընդունվելու համար։ Նման նյութերն ազդեցություն են թողնում ոչ միայն ընթերցման մակարդակով։

Ունեցել ենք հետաքննական նյութեր Թուրքիայում, Արցախում ու Հայաստանում, որոնք լայն տարածում են գտել և հանգեցրել են կարևոր կապերի ու համագործակցությունների։

Արգենտինայում բնակվող մեր հեղինակ Matias Raubian-ը պարբերաբար ներկայացնում է Հարավային Ամերիկայի հայ համայնքները։ Նա գրել է Բուենոս Այրեսի Jrimian School-ի մասին, որտեղ գրեթե հայ աշակերտ չկա. արգենտինացի երեխաներ են սովորում հայերեն և մարդու իրավունքներ։ Նա նաև ներկայացրել է Ուրուգվայում գործող Komitas Radio Program-ը՝ Կոմիտասի անունով կոչված ռադիոհաղորդումը, որը սփյուռքում ամենահինն է, բայց տեղական համայնքից դուրս հազիվ թե ոք գիտի դրա մասին։ Այսպիսի պատմություններն ենք սիրում ամենաշատը, և ընթերցողներն էլ նույն ջերմությամբ են ընդունում դրանք։

-Ինչպե՞ս եք ներգրավում երիտասարդ սերնդին, և ինչո՞ւ է նրանց ձայնը կարևոր։

-Երիտասարդ սերունդները վաղուց արդեն առցանց միջավայրում են. սա պատճառներից մեկն է, որ մենք այլևս տպագիր թերթ չեն հրատարակում։ Ուստի մենք ևս «տեղափոխվել ենք» նրանց մոտ։ Շաբաթական տպագիր թերթից անցել ենք ամենօրյա թվային հրատարակության, որի բովանդակությունը նախկինի համեմատ մոտ երեք անգամ ավելի ծավալուն է։ Ակտիվ ենք սոցիալական ցանցերում և ձգտում ենք օգտագործել հենց այն գործիքները, որոնք մարդիկ առօրյայում կիրառում են։

Բովանդակության առումով փնտրում ենք բազմազանություն՝ կարճ կարծիքային հոդվածներից մինչև ծավալուն դիմանկարներ, լայնորեն օգտագործում ենք լուսանկար, հնարավորության դեպքում՝ տեսանյութ ու ինտերակտիվ ձևաչափ։ Կարծում եմ՝ երիտասարդ սերունդն այսօր հայկական մեդիայի հետ շփվում է ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ մեդիայի հետ՝ իր էկրանի միջոցով։ Կյանքի տեմպը արագ է, և մենք պետք է համընթաց լինենք։

-Ինչպե՞ս եք տեսնում սփյուռքյան մամուլի դերը որպես ինքնուրույն ինստիտուտ՝ Հայաստանի հետ կապի սահմաններից անդին։

-Կարևոր է ճիշտ հավասարակշռություն գտնել աշխարհի հետ, այդ թվում՝ Հայաստանի հետ, բայց ոչ բացառապես։ Սփյուռքն երկար ժամանակ գոյություն է ունեցել որոշ չափով առանձնացված կյանքով, և ժամն է ընդունելու մի կարևոր ճշմարտություն. սփյուռքն ինքնին արժեքավոր ու ինքնուրույն ինստիտուտ է։

Աշխեն Խլղաթյան