Սոցիալական խնդիրները մեր առօրյայի ամենազգայուն ու ամենամարդկային թեմաներից են։ Դրանք պատմություններ են դժվարությունների, անարդարությունների, պայքարի ու երբեմն՝ լռության մասին։ Բայց որտեղի՞ց է սկսվում սոցիալական թեման, ինչպե՞ս է լրագրողը տարբերում իրական խնդիրը պարզ աղմուկից, և որտե՞ղ է անցնում էթիկայի սահմանն այն ժամանակ, երբ լուսաբանվում է մարդու ցավն ու անձնական ողբերգությունը։
Այս հարցերի շուրջ զրուցել ենք «Ավրորա նյուզ» լրատվական ծառայության հաղորդավար-լրագրող Լիլիթ Աղաջանյանի հետ։
-Երբ ասում ենք «սոցիալական խնդիր», ի՞նչ է դա նշանակում մեդիայի համատեքստում։ Ի՞նչ է որևէ թեմային տալիս սոցիալական նշանակություն։
-Սոցիալական խնդիր ասելով՝ հասկանում ենք բոլոր այն խնդիրները, որոնք վերաբերում են հասարակությանը։ Դրանք շատ տարբեր ոլորտներից են՝ առողջապահությունից մինչև ֆինանսներ, դեղամիջոցներ, երթևեկություն. ամեն ինչ, ինչ մարդու կյանքն ուղղակիորեն շոշափում է, տեղավորվում է այս հասկացության մեջ։
Լուսաբանումն ինքնին ունի մի քանի ձև։ Ուղիղ եթերում կարճ կարող ես նշել՝ «այսպիսի բողոք ստացել ենք, կհետևենք»։ Դա նորություն է։ Իսկ երբ ունես բոլոր կողմերի պատասխաններն ու մանրամասները, ձևավորվում է ամբողջական ռեպորտաժ, որտեղ արդեն կարող ես հիշեցնել, որ թեման հետևողականորեն լուսաբանել ես։
-Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում, թե որ սոցիալական թեման արժանի է ուշադրության։ Ո՞րն է առաջնային՝ հանրային հետաքրքրությու՞նը, թե՞ խմբագրական քաղաքականությունը։
-Ամեն ինչ սկսվում է բողոքից։ Երբ բողոք ես ստանում, առաջին հարցը դա է՝ ի՞նչ վիճակում է այս մարդը։ Ինքը փորձե՞լ է ինչ-որ քայլ ձեռնարկել, ստացե՞լ է պատասխան, բայց գոհ չի մնացել, ու հիմա դիմում է մեզ։ Թե՞ ուղղակի ուզում է «աղմուկ բարձրացնել»՝ ինքը կողքից կանգնած, մենք անենք գործը։ Կա՞ն, ովքեր պարզապես սպառնում են գերատեսչություններին. «Կզանգեմ լրատվամիջոց, բոլոր լրագրողներին կհավաքեմ ձեր գլխին»։
Ուրեմն հստակ արգելանքներ կամ ռազմավարություն չկա. ցանկացած բողոք ենթակա է ուսումնասիրման։ Բայց ուսումնասիրությունը սկսվում է հենց այս հարցից՝ ի՞նչ ես ուզում իրականում, և ի՞նչ կարող եմ ես անել, որ քո խնդիրը լուծվի։ Շատ հաճախ, երբ կապ ենք հաստատում գերատեսչությունների հետ, պարզվում է, որ խնդիրն արդեն հայտնի է եղել, բայց մարդը կամ թերի է հասկացել բացատրությունը, կամ հասկանալ չի ուզել։
-Սոցիալական պատմությունները հաճախ խիստ հուզական են։ Ինչպե՞ս եք պահում հավասարակշռությունը ազդեցիկ ու հուզական ներգործող նյութի և փաստերի ճշգրտության միջև։
-Հուզական մթնոլորտն այսօր մեր երկրում ինքնին շատ է, ու եթե դրան վրա գումարես ևս մի հուզական ռեպորտաժ, հաճախ ճիշտ չի աշխատի։ Մարդ լաց լինելիս կամ ծայրահեղ հուզված վիճակում կարող է աղավաղված ինֆորմացիա տա, ու հետո, երբ ննջի, սառը դատի, ասի. «Չէ, էն կադրերը հանեք, չեմ ուզում»։
Դրա համար ավելի ճիշտ է նախ մարդուն հուզական վիճակից հանել, Մի բաժակ ջուր, մի քանի րոպե մոտը նստել, լսել, ու հետո նոր հարցնել։ Հուզականությունը ներկայացնելու ձևեր կան, որ ոչ թե մարդուն ավելի խոցելի ու մատնացույց են անում, այլ արժանապատիվ կերպով ներկայացնում են նրա իրավիճակը։
-Երբ լուսաբանում եք երեխաների կամ հաշմանդամություն ունեցողների, կամ սոցիալապես անապահոր մասին, ինչպե՞ս եք պահպանում էթիկայի սահմանները։
-Անչափահասների հետ՝ կանոնն անվերապահ է. ծնողը կամ խնամակալը պետք է ներկա լինի, դեմքը պետք է փակ լինի։ Սա օրենսդրական պահանջ է, ոչ թե ընտրություն։
Աղքատության թեման ամենանուրբն է, որովհետև շատ հաճախ «օգնությունը» վերածվում է շոուի. հարուստ մարդ կամ կազմակերպություն մտնում է տուն, նկարում է, հեռանում, ու էդ ընտանիքը դրանից հետո ամիսներ շարունակ ապրում է հարևաններից ու ծանոթներից ուղղված ՝ «վայ, ախր` այ էդ ընտանիքն է, լաааայ, աղքատ-ա»... Ուստի եթե նման ընտանիք ես ներկայացնում, հարցադրումը պիտի ուղղված լինի իշխանություններին. տեղյա՞կ են, ի՞նչ են արել, ի՞նչ կանեն։ Ոչ թե ընտանիքին ցուցադրես, այլ համակարգին հաշվետու պահես։
-Թեման ազդեցիկ դարձնելու համար որքանո՞վ է կարևոր ճիշտ «հերոս» ընտրելը։
-Սոցիալական թեմաներում «հերոս» բառը ճիշտ չէ, ավելի ստույգ կлини ասել «մարդկային ճակատագիր»։ Ու էդ ճակատագրի հետ աշխատելն ունի իր նրբությունները, որովհետև երբ մարդու հետ շփվում ես, արդեն ինքդ ես հասկանում, թե ի՞նչ կադր ես վերցնելու, ի՞նչ կպատմես, ի՞նչ կերպ հասարակությունն ընկալելու է այն, ինչ ներկայացնում ես։
Ու մի կարևոր բան. ցանկացած սոցիալական նյութ, հատկապես այսօր, հայտնվում է ցանցում, ու կգտնվի մեկը, որ կգրի անեծք կամ հայհոյանք, առանց հասկանալու, որ վնասում է ոչ թե լրագրողին, այլ ամենաառաջին հերթին՝ հենց էդ մարդուն, ում «պաշտպանել» է ուզում։
-Ինչպե՞ս եք ստուգում անձնական պատմությունների հավաստիությունը, որ նյութը միակողմանի կամ մոլորեցնող չդառնա։
-Ճշտումն արվում է մարդու հետ անմիջական զրույցի ու շրջապատից ստուգման ճանապարհով. բնակության վայրի կառույցներ, վարչական շրջան, մարզպետարան կամ գյուղապետարան, կախված թե որ վայրի մասին է խոսքը։
Բայց, ասեմ ու անկեղծ ասեմ. սոցիալական խնդիրների դեպքում մարդիկ, որպես կանոն, չեն ստում։ Էնքան դառնացած են լինում, էնքան հոգնած, որ ստելու ոչ ուժ կա, ոչ ցանկություն։ Շատ հաճախ այդ բողոքները հոգու ճիչ են։ Ու դու պարտավոր ես էդ ճիչը լսել, նույնիսկ երբ դժվար է։
-«Ավրորա նյուզ»-ն ունի ռադիոյի պատմություն, բայց ռադիոն հիմա ի՞նչ է. ձայն, թե՞ պատկեր։
-Ավրորա մեդիան արդեն շուրջ 10 տարի տեսողական է։ Մարդիկ ոչ միայն լրագրողների ձայնն են լսում, այլ տեսնում են նրանց, ռեպորտաժները, կադրերը։ Ունենք կայք, սոցիալական հարթակներ, 24-ժամյա եթեր, որտեղ ամեն ինչ տեսանելի է։ Ռադիոն «լսողական» էր, ռադիոն «տեսողական» դարձել է։
-Մեկ սխալ բառ կամ ձևակերպում կարող է վնասել ամբողջ թեմային։ Ինչպե՞ս եք ընտրում լեզուն, հատկապես զգայուն նյութերի դեպքում։
-Գրավոր նյութ պատրաստելիս՝ գրում ես, կարդում, գործընկերներին ես տալիս, նայում են «օտարի» աչքով։ Ոչ ոք ուղղակի «պատրաստ է, եթեր» չի ասում։
Ուղիղ եթերում, այո, ծանր է, բայց դա գալիս է փորձից. ուղղակի, անաղմուկ ձևով ներկայացրու ի՞նչ ունես, ի՞նչ ես անելու, ի՞նչ ընթացք ես տալու։ Վերնագիրը, կադրը, ձևակերպումը՝ ամեն ինչ կրկնակի ենթակա է վերանայման, որովհետև դիմացինը մարդ է, ու ամեն բառ հաշվված պետք է լինի։
-Ինչպե՞ս եք հասկանում, թե նյութն «աշխատե՞ց»։
-Բոլոր ճանապարհներով միաժամանակ. դիտումներ, մեկնաբանություններ, արձագանքներ, և ամենակարևորը՝ գերատեսչությունների ռեակցիան։ Այսօր բոլոր կառույցները մոնիտորինգ են անում, ու շատ հաճախ հենց իրենք են զանգում. «Տեսել ենք, ի՞նչ ենք անելու»։
Բայց մեդիան չի կարող բավարարվել միայն հրապարակման փաստով։ Եթե ուզես ու ասես՝ «արեցի, դրի, մնացածը ձերն է», կարող ես ամենաարդիական խնդիրն անգամ մոռացության մատնել։ Հետևողականությունն էր, որ խնդիրը կենդանի է, ու ինչ-ինչ մարդկանց ճնշումն ու ժամկետները ստիպողաբար ձգձգողներ կան։
-Մեդիան պետք է պարզապես լուսաբանի, թե՞ նաև ազդի լուծման վրա։
-Երկուսն էլ, բայց հստակ սահմաններ կան։ Մեդիան ոչ օրենսդիր է, ոչ դատարան, ոչ գործադիր։ Մեդիան «չորրորդ իշխանությունն» է, ու նրա ուժը ոչ թե «ես լուծեցի» ասելու, այլ «ուշադրություն է դրված, կհետևենք» ասելու մեջ է։ Երբ գերատեսչությունն իմանում է, որ լրատվամիջոցը հետաքրքրված է, մոռացվելու հավանականությունն արդեն փոքրանում է։ Ու դա արդեն ազդեցություն է։
Սոցիալական թեմաների լուսաբանումը պարզ տեղեկություն փոխանցելու գործ չէ։ Այն պահանջում է զգայունություն, ճշտել-ստուգելու համբերություն, լեզվի ճշգրտություն, ու ամենաառաջին հերթին՝ մարդուն չվնասելու կարողություն։ Մեր զրուցակիցը համոզված է. մեդիան պետք է ոչ միայն ձայն տա խնդիրներին, այլ հետևի, որ դրանք լուծում ստանան։