05.29.2026
Կատեգորիա
Հասարակություն
տրոլեյբուս

Առավոտյան ժամը վեցն է։ Երևանը դեռ ամբողջությամբ չի արթնացել, բայց քաղաքի մի հատվածում արդեն սկսել է աշխատանքային եռուզեռը։ Տրոլեյբուսային պարկում հերթով միանում են մեքենաները, վարորդները լրացնում են ուղեգրերը, անցնում բուժզննում, պատրաստվում հերթական երթուղուն։ Այդ ամենի մեջ առանձնանում է մի պատկեր, որն անգամ այսօր շարունակում է զարմացնել մարդկանց՝ տրոլեյբուսի ղեկին կին վարորդ։

Անժելա Պողոսյանն արդեն երեք տարի է՝ վարում է Երևանի տրոլեյբուսներից մեկը։ Նրա պատմությունն սկսվել է պատահականությունից, որը հետագայում դարձել է մասնագիտություն, առօրյա և պատասխանատվություն։ 
«Բացարձակ որոշված չէր, նույնիսկ մտքովս չէր անցել, որ կարող եմ տրոլեյբուսի վարորդ աշխատել»,- ասում է Անժելան։

2023 թվականին Երևանի քաղաքապետարանի հայտարարություններից մեկում նա տեսել է, որ քաղաքը նոր տրոլեյբուսներ է ստացել և վարորդներ է փնտրում։ Հայտարարության մեջ հատկապես մի բան է ուշադրություն գրավել՝ սեռը նշանակություն չուներ, իսկ մասնագիտությունը սովորեցնում էին տեղում։ «Միանգամից զանգահարեցի։ Գնացի, ծանոթացա պայմաններին ու առանց տատանվելու որոշեցի փորձել»,- նշում է Անժելան։ 

Այդ որոշումը փոխել է ոչ միայն նրա մասնագիտական կյանքը, այլ նաև կոտրել մի շարք կարծրատիպեր։ Այսօր Անժելան «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում աշխատող երեք կին տրոլեյբուսավարներից մեկն է։ 

Ընկերության տրամադրած տվյալների համաձայն՝ 2026 թվականի մայիսի 15-ի դրությամբ այնտեղ աշխատում է տրոլեյբուսի 69 վարորդ, որոնցից միայն 3-ն են կին։ Ամենափորձառու կին վարորդը հենց Անժելա Պողոսյանն է։ Նա լավ է հիշում իր առաջին աշխատանքային օրը։ 

«Հուլիսի 18-ն էր։ Քաղաքապետարանից նկարահանող խումբ էր եկել։ Մարդիկ բարձրանում էին տրոլեյբուս, զարմանում, բարևում, ուրախանում։ Շատ հետաքրքիր ու հիշվող օր էր»,- հիշում է նա։ 

Երեք տարի անց էլ այդ զարմանքը չի անցել։ Հատկապես երեխաների արձագանքն է ավելի տպավորիչ։ «Ունեմ փոքրիկ մշտական ուղևորներ։ Ամեն անգամ տեսնելիս բարևում են, ձեռքով հաջող անում, սրտիկ ցույց տալիս»,- ժպիտով պատմում է Անժելան։ Տասներկու ժամ ղեկին անցկացնելուց հետո ամենադժվարը ճանապարհը չէ։ Անժելայի խոսքով՝ ամենաբարդը մարդկանց հետ շփումն է։ «Աշխատանքի ամենադժվար մասը մարդկանց հետ շփվելն է։ Մանավանդ հիմա՝ չգիտես ինչու, մարդիկ շատ չարացած են, ոչ մի բանից գոհ չեն։ Շատ հաճախ մարդիկ տրամադրություն չեն ունենում ու հնարավոր է վեճ սկսվի։ Հիմնականում փորձում եմ զերծ մնալ ավելորդ խոսակցություններից»,- ասում է նա։ Սակայն, նրա խոսքով, լավ ու ջերմ ուղևորները ևս շատ են, և հենց նրանք են հաճախ փոխում օրվա տրամադրությունը։ 

Տրոլեյբուս վարելը միայն մեքենա կառավարել չէ։ Դա պատասխանատվություն է տասնյակ մարդկանց կյանքի համար։ «Այդքան մարդ քեզ վստահում է, որ պետք է իրեն տեղ հասցնես։ Առաջին հերթին ուղևորների մասին եմ մտածում, հետո նոր իմ»,- ընդգծում է Անժելա Պողոսյանը։ 

Հետաքրքիր է, որ Անժելան մանկության տարիներին երբեք իրեն այս ոլորտում չի պատկերացրել։ Սակայն միշտ ունեցել է մեքենա վարել սովորելու երազանք։ «Միշտ երազել եմ մեքենա ունենալու ու վարելու մասին։ Հետո ամեն ինչ ինքն իրեն ստացվեց՝ վարել էլ սովորեցի, մեքենա էլ ունեցա»,- պատմում է նա։ 

Չնայած մասնագիտության շուրջ եղած կարծրատիպերին՝ Անժելան ասում է, որ բացասական վերաբերմունքի գրեթե չի հանդիպել։ «Ոչ մի անգամ չեմ լսել, թե սա աղջկա գործ չէ։ Հակառակը՝ մարդիկ ուրախանում են ու ասում, որ կուզենային ավելի շատ կին վարորդներ տեսնել»,- ասում է Անժելան։ Ու հենց այդ պատճառով էլ նա կուզենար, որ կանայք ավելի վստահ լինեն իրենց ուժերին ու չվախենան ընտրել նույնիսկ այնպիսի մասնագիտություններ, որոնք երկար տարիներ «տղամարդկային» են համարվել։ 

Երևանի փողոցներում ամեն օր հարյուրավոր մարդիկ նստում են այս տրոլեյբուսը՝ շտապելով աշխատանքի, համալսարան, տուն։ Բայց նրանցից շատերը երևի չեն էլ մտածում, որ ղեկին նստած կինը ոչ միայն տրանսպորտ է վարում, այլ նաև կամաց-կամաց փոխում է մարդկանց պատկերացումները մասնագիտությունների ու կանանց հնարավորությունների մասին։
 

Սյուզաննա Մանուկյան