Վերջին տարիներին երիտասարդների շրջանում տագնապայնությունը դարձել է ամենատարածված հոգեբանական խնդիրներից մեկը։ Արագ փոփոխվող աշխարհը, սոցիալական ցանցերի ազդեցությունը, ուսման և ապագայի հետ կապված անորոշությունները հաճախ երիտասարդներին դնում են մշտական լարվածության մեջ։ Մասնագիտական պատկերացում ստանալու համար զրուցել ենք հոգեբան Էլեն Դավթյանի հետ, ով արդեն 8 տարի աշխատում է երեխաների հետ:
«Տագնապայնությունը միշտ էլ եղել է մարդկանց կյանքում, սակայն այսօր երիտասարդներն ավելի հաճախ են բախվում դրա հետ։ Պատճառները կարող են լինել վերջին տարիների պատերազմները, սոցիալական ցանցերի ազդեցությունը, ուսման հետ կապված ճնշումները կամ ապագայի հանդեպ անորոշությունը»,- նշում է հոգեբան Էլեն Դավթյանը։
Ըստ նրա՝ դրական շարժ կա այն առումով, որ երիտասարդները փորձում են խոսել այդ մասին, դիմել հոգեբանի։ «Այսօր արդեն նկատվում է դրական փոփոխություն, հատկապես երիտասարդների շրջանում։ Այնուամենայնիվ, շատերը դեռ վախենում են դիմել մասնագետի, քանի որ պատրաստ չեն տեսնելու իրենց ներսում կատարվողը և առերեսվելու սեփական խնդիրների հետ»,- ասաց հոգեբանը։
Էլեն Դավթյանի խոսքով՝ սոցիալական ցանցերը նույնպես մեծ ազդեցություն են թողնում մարդկանց կյանքում, քանի որ մարդիկ մշտապես տեսնում են իդեալականացված կյանք և սկսում մտածել, թե ինչ-որ բանում հետ են մնում, մինչդեռ դիմացինի կյանքում ամեն ինչ կատարյալ է։
«Հաճախակի տագնապային զգացողությունը կարող է առաջացնել սթրես, որը բաժանվում է երկու տեսակի՝ էուսթրեսի և դիսթրեսի։ Էուսթրեսը դրական սթրեսն է, երբ կարևոր իրադարձությունը մեզ առաջ է մղում»,- նշում է հոգեբան Էլեն Դավթյանը՝ հավելելով, որ դիսթրեսը հակառակ բնույթն ունի, և եթե այն երկար է տևում, կարող է վերածվել դեպրեսիայի ու հանգեցնել տագնապային գրոհների։
Նրա բնութագրմամբ՝ այդ ընթացքում մարդու գլխում անընդհատ պտտվում են բացասական ու տանջող մտքեր։ Ծնողների սպասելիքները նույնպես կարող են հոգեբանական ճնշման պատճառ դառնալ, քանի որ երեխան մշտապես փորձում է արդարացնել դրանք և անել ամենալավը։
Նրա դիտարկմամբ՝ ժամանակի ընթացքում այդ ներքին լարվածությունը կարող է վերածվել սթրեսի և տագնապային մտքերի։ «Տագնապայնությունը կարող է արտահայտվել նաև ֆիզիկական ձևով։ Գիտնականները պարզել են, որ սթրեսի հետևանքով մարդիկ կարող են ունենալ մեջքի ցավեր։ Սա հոգեսոմատիկ երևույթ է, երբ մարդու հոգեկան վիճակն արտացոլվում է մարմնի միջոցով։ Կարող են առաջանալ նաև հոգնածություն և գլխացավեր, սակայն բժշկական հետազոտությունների արդյունքում հաճախ որևէ ֆիզիկական խնդիր չի հայտնաբերվում»,- պարզաբանեց հոգեբանը։
Մասնագետը համոզված է՝ եթե մարդն զգում է, որ չի կարողանում պայքարել խնդրի դեմ, ապա ամենաճիշտ որոշումը հոգեբանի դիմելն է և խնդրի մասին խոսելը, քանի որ չարձագանքելու դեպքում այն հետագայում կարող է ավելի խորանալ և ազդել կյանքի որակի վրա: Այսպիսով, հոգեկան առողջության նկատմամբ ուշադրությունը կարևոր քայլ է կյանքի որակի բարելավման համար։