Թեև եկեղեցուն կից երիտասարդական համայնքներ շատ կան, սակայն այս մեկն ունի իր ուրույն ձեռագիրը, հավաստիացնում են «apostolic community»-ի անդամները: Ի տարբերություն եկեղեցիներին կից գործող երիտասարդաց միությունների, որտեղ երիտասարդները նույն եկեղեցու անդամներ են, այս համայնքի երիտասարդները առցանց տարբերակով են ծանոթացել, աշխարհի տարբեր ծայրերից են։
Ինչպես նշում է Հայկուհին, ով apostolic community-ի անդամ է՝ իրենք խրախուսում են երիտասարդներին՝ զուգահեռաբար ներգրավվել նաև տարբեր եկեղեցիներին կից միություններում։ Այսօր համայնքի կողքին կան թե՛ տարբեր եկեղեցիների ակտիվ անդամներ, և թե՛ երիտասարդներ, որոնք հենց այստեղ են առաջին անգամ բացահայտել երիտասարդաց միությունները: Համայնքի, իրենց հավատքը գործի վերածելու և ժամանակակից երիտասարդի խնդիրների մասին զրուցել ենք Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական համայնքի անդամ Հայկուհի Ղուլյանի հետ:
Զրույցի ընթացքում նա պատմեց, թե ինչպես է իրենց հաջողվում կոտրել կարծրատիպերն ու ապացուցել, որ եկեղեցին կենդանի ու աշխույժ միջավայր է։ Այսօր շատ երիտասարդներ համայնքի գործունեությանն ու նրանց տարածած գաղափարներին ծանոթանում են հենց ինստագրամյան էջի միջոցով:
«Ուզում ենք հասարակության մեջ պատկերացումներ փոխել եկեղեցի հաճախող երիտասարդների մասին։ Ինչպես շատերն են կարծում, եկեղեցում միշտ արտասվող, տխուր մարդիկ չեն, այլ մենք՝ մարդիկ, ովքեր խաղաղություն և առողջ երջանկություն ունեն իրենց մեջ», -նշում է Հայկուհին:
Այն հարցին, թե ինչ գործունեություն են ծավալում համայնքի ներսում, Հայկուհին պատասխանեց. «Քանի որ բոլորս երիտասարդներ ենք, հենց մեր փորձով գիտենք՝ ինչի կարիք ենք ունենում մեր հոգևոր աճի ճանապարհին՝ հոգևորականների հետ զրույցների «անհասանելի» թվալուց մինչև Աստվածաշնչի սերտողության խոչընդոտներ»:
Հայկուհու խոսքով՝ նրանք կարևորում են հատկապես, որ հավատը դարձնեն գործ, որովհետև «Հավատը դատարկ է առանց գործերի» (Հակոբոս 2:20)։
«Դրա համար էլ բոլորս նշանակված ենք 15 ծառայությունների՝ ժամերգությունների և պատարագների մասնակցության, բարեգործությունների, հոգևոր դասընթացների, ժամանցային մի շարք միջոցառումների կազմակերպման և այլն», -բացատրում է զրուցակիցս:
Իսկ ի՞նչ է տալիս այս համայնքը անդամներին, ինչը հնարավոր չէ ստանալ ընկերական սովորական շրջապատում կամ աշխարհիկ կյանքում։ Հայկուհին իր անձնական փորձով վստահեցնում է՝ այստեղ անծանոթները վերածվում են հարազատների, ովքեր պատրաստ են անվերապահորեն թիկունք լինել միմյանց:
Նա հիշում է մի իրավիճակ. «Գնացել էինք Ծաղկաձոր, պետք է շտապ հասնեինք Էջմիածին։ Արդեն «մերը» դարձած Արփինեի մեքենան ուղղակի սկսեց չշարժվել։ Եվ մեր համայնքի անդամներից մեկի ընկերը, ով բնակվում էր Ծաղկաձորում, ուղղակի «հայտնվեց» այդտեղ ու օգնեց 20 րոպեում հարթել խնդիրը։ Ստացվում է՝ Արփինեի խնդիրը լուծեցին 4 անծանոթ մարդիկ»:
Հայկուհու ձայնում հպարտություն ու ջերմություն կա, երբ ամփոփում է այս դեպքը: «Թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր առումով մեր «օգնականներին» մենք գտնում ենք հենց համայնքում, որովհետև այստեղ մենք ընտրել ենք սիրել. «Քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես քո անձը» (Ղուկաս 10:27)», -մեջբերում է Հայկուհին:
Այսօր, երբ երիտասարդները հաճախ են բախվում տագնապների, անորոշության կամ էմոցիոնալ ծանր փուլերի, այս «ընտրված սերն» ու աջակցությունը դառնում են անհրաժեշտ: «Համայնքի ներսում խնդիրների դեմ միայնակ չենք պայքարում: Մեր համայնքի անդամները գիտեն՝ ինչ էլ լինի, գրում ենք խմբում և միասին աղոթում։ Միշտ ստացել ենք մեր աղոթքների լավագույն պատասխանները»,- պատմում է զրուցակիցս՝ կրկին հիշելով, որ իրենց անդամներից մեկը իր դիպլոմային աշխատանքի պաշտպանությունից առաջ շատ վատ վիճակում է եղել՝ ձայնը կտրված: Միասնական աղոթքը իրենց ընկերոջ համար իր գործը արել է, և Թինան հաջորդ օրը գերազանց կատարել է իր աշխատանքը:
Արգենտինայի հայոց թեմում ծառայության կոչված Հայր Հովսեփ աբեղա Հակոբյանը, ում գաղափարի շնորհիվ երիտասարդները միավորվել և դարձել են համայնք, պատմում է համայնքի կարևորության մասին՝ «Այսօր սոցիալական ցանցերը երիտասարդին սովորեցնում են ոչ թե ապրել, այլ երևալ։ Ոչ թե կրել իր իրականությունը, այլ այն ֆիլտրել։ Ոչ թե պայքարել իր ցավի հետ, այլ այն թաքցնել մի լավ նկարի տակ։ Աշխարհն այսօր երիտասարդին հաճախ սովորեցնում է երևալ, ոչ թե լինել, ցույց տալ, ոչ թե ապրել։ Եկեղեցական համայնքը երիտասարդին տալիս է մի բան, որն ուրիշ տեղ դժվար է գտնել՝ ընդունված լինելու հնարավորություն առանց դեր խաղալու»։
Մեր զրույցի վերջում կարճ, բայց պատկերավոր հարցերի միջոցով փորձեցինք էլ ավելի լավ բացահայտել համայնքի ներքին մթնոլորտն ու հումորը: Ես սկսում եմ նախադասությունը, իսկ Հայկուհին՝ ավարտում:
«Երբ ինձ հարցնում են, թե ինչու եմ կիրակի օրերն անցկացնում եկեղեցում, ես պատասխանում եմ...»,-հնչում է հարցս:
«Աստծուն հանդիպելու համար... և նաև, որ ինձ կարոտող քահանաները չնեղանան», - կատակում է Հայկուհին:
«Իմ ամենամեծ կարծրատիպը եկեղեցու մասին, որը կոտրվեց այստեղ գալով, եղել է... այն, որ հոգևորականները անհասանելի մարդիկ են»:
«Ամենաթեժ քննարկումը, որ ունեցել ենք խորհրդի ներսում, վերաբերում էր… տանջվեցինք, չհիշեցինք»:
«Ամենակարևոր բանը, որ սովորել եմ այս պատերի ներսում և կիրառում եմ եկեղեցուց դուրս, դա... Եթե մի բան սիրում ես, պիտի ամեն օր հոգ տանես դրա մասին»։